Սա Դերենիկ Դեմիրճյանի «Հայը» էսսեի առաջին տողն է: Հետաքրքիր է, որ ուղիղ 90 տարի առաջ տպագրված այս ստեղծագործությունը (1920թ., օգոստոսի 2) վկայում է, որ Խորենացու հայտնի «Ողբից» այս կողմ ազգային բնավորությունը լուրջ տեղաշարժեր չի արձանագրել: Եվ այդ փաստը ֆիքսել է նաեւ Դերենիկ Դեմիրճյանը 20-րդ դարի սկզբին. «Թվով գրեթէ ամենափոքրն է, տառապանքով ամենամեծը, ժամանակով ամենահինն է, վիճակով` ամենից անփոփոխը»: Կրկնենք` վիճակով` ամենից անփոփոխը:
«Հային» անդրադառնալու առիթը դարձավ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեի այցը Հայաստան եւ ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ հնչեցրած միտքը, թե մեր երկրում ինքն իրեն հայ է զգում: Սերժ Սարգսյանը ժպտում էր եւ գլխով համաձայնության նշան անում, թե հայ լինելը պատիվ է բոլորի համար: Դեպարդյեի այս միտքը թեեւ շատ շոյիչ էր մեզ համար, սակայն ակնհայտ էր, որ, ինչպես դերասանը ճշտեց, իրեն հայ է զգում, քանի որ հայի չափման միավորը նրա համար այն ֆրանսահայերն են, ում ինքը ճանաչում է` Անրի Վեռնոյը, նկարիչ Ժանսեմը, երգիչ Շառլ Ազնավուրը: Համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետներ, ովքեր նման հաջողության են հասել, քանի որ, լինենք անկեղծ, ապրել եւ ստեղծագործել են ՀՀ-ի սահմաններից հազարավոր մղոններ հեռու եւ ճիշտ են դասավորել իրենց հարաբերությունը արագ փոխվող աշխարհի հետ:
Սակայն ինքներս մեր մասին գիտենք ճշմարտությունը: Կամ զգում ենք, սակայն բառերով նկարագրելու բարդություն ունենք` այնքան անըմբռնելի շերտերից ենք բաղկացած: Եվ որքան շատ ենք ճանաչում մեզ, այնքան Հայաստանի դեմոգրաֆիկ խնդիրը տագնապեցնող է դառնում: Բոլորն ուզում են գնալ այնպիսի երկիր, ուր հայերը հնարավորինս քիչ թիվ են կազմում: Բայց տեղ հասնելուն պես` սկսում են միմյանց փնտրել: Որպեսզի կարճ ժամանակ անց ափսոսեն դրա համար. «Ուրիշի յաջողութեան մէջ նախանձոտ է (հայը.- Լ.Ա.), ինչպես վարդապէտ: Եթե գժտուէց մէկի հետ, ոխակալ է, ինչպէս ուղտ: Ամեն հայ մի հայ ունի, որի հետ թշնամի է մինչեւ մահ: Սա նրա անհրաժեշտությունն է»: Եվ` «Ապա նայիր, սա՞ է հայը, այս չարչին, այս բուրժուան, արարածներից ամենագծուծը …»: Պատասխանը տողերի մեջ է` այո՛, սա՛ է:
Էսսեի հերոսը ցանկություն չունի հասկանալ պատմությունը, հետեւություններ անել` ինչո՞ւ հենց ի՛գր, եւ ոչ ուրիշի հետ պատահեց այն, ինչ կոչվում է Ցեղասպանություն: Եվ մտածողության մեջ հարյուրամյակներով էական տեղաշարժեր չունենալու փաստը տպավորություն է ստեղծում, թե էսսեն գրվել է ընդամենը երեկ:
Կամ, օրինակ, անմիջապես հայ-թուրքական «ֆուտբոլային» դիվանագիտության մեկնարկից հետո. «(Հայը.- Լ.Ա.) դիպլոմատիայի մէջ մի բանումն է շատ հոգածու` անկեղծ լինել: Այնքան անկեղծ է եւ միամիտ, որ անկասկածելի խորամանկի եւ կեղծաւորի տպավորութիւն է անում: Մինչդեռ իր հարեւանները` այս աշխարհի բեմի վրայ դեր կատարելով միայն, ցույց են տալիս, թե կացնով հարւածում են դիմացինի, Հայը իսկապէ՛ս կացինը իջեցնում է գլխին: «Ապա ճշմարտութի՞ւնը»,- մտահոգվում է նա»:
Կան տողեր, որոնց իմաստը փոքր-ինչ նեղացնելով` այնքան դիպուկ են պատկերում ժամանակակից հայ դիվանագիտական միտքն ու այնքան բնորոշ են, դիցուք, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` վերջերս Հայաստան կատարած այցին եւ այդ այցին հաջորդած մեկնաբանություններին. «(Հայի) կռիւը երեք ճակատի վրայ էր միաժամանակ. Շահի դէմ, Սուլթանի դէմ, Ցարի դէմ: (…)Կոտորածներից ամենազարհուրելին ինքը տեսաւ եւ ինքն էր, որ չըխրատւեց: Իր օրիէնտացիան բացակայի օրիէնտացիան է: Թաթա՞րն է մոտը, սպասեց ռուսին. ռուսը եկաւ, աչքը եվրոպացուն էր. եկա՞վ անգլիացին, դարձեալ ռուսին էր սպասում: Ռո՞ւսն է գալիս` չի ընդունում… Ուրեմն իր պետութի՞ւնն է ուզում ստեղծել, ի՞նչ իմանաս… Մի ձեռքը ճանկռոտելով հիմնում է այդ պետութիւնը, միւս ձեռքը ճիգ է անում հիմքից քանդելու»:
«Տեսե՞լ եք նրա բնակարանը. խլուրդի ծակուռ (խոսքը հայ շինականի, գյուղացու մասին է, ով էսսեում մարմնավորում է Հային.- Լ.Ա.) …Բայց անցիր նրա երկիրը. ի՜նչ հիասքանչ վանքեր, հոյակապ աշտարակներ, գողտրիկ խաչքարեր: Հավատալ կարելի է, թե ինքն է շինել այդ բոլորը: Խոսակցութիւն ես լսում` հայհոյանքների կէսը եկեղեցի ու Աստուած է: Լցրել է իր երկիրը եկեղեցիներով, բայց տարէնը մի անգամ չի մտնում մէջը` աղօթելու: Աղօթք էլ չի անում առօրեայ կեանքում. իր կրոնը երբեք չի քարոզել ուրիշներին: Եւ հավատալի՞ բան է, որ իր պատմութիւնը ամենամեծ կրօնական պատերազմների պատմութիւն է, եւ այս չաղօթող ցեղի Նարեկացու շուրթերից թռաւ աղօթքի ամենաբարձր թռիչքը առ Աստուած…»: Իսկ այս օրերին Վանի Սուրբ խաչ եկեղեցում պատարագին ներկա լինել-չլինելու քննարկումներն են: Հետաքրքիր է, մենք իրո՞ք այնպիսի քրիստոնյաներ ենք, ում Աղթամարի կղզի էր տանելու Խաչի առկայությունը եկեղեցու գմբեթին եւ ում Խաչի բացակայությունը թույլ չտվեց մասնակցել պատարագին: Թե՞ հրաժարվում ենք մասնակցել, քանի որ վիրավորված է մեր ինքնասիրությունը, որ մենք մեզ խաբված ենք զգում:
Գուցե կոնտեքստից դուրս է թվում, սակայն տակավին երեկ երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հայրը` Բեդրոս Կիրկորովը հայտարարեց, թե կարիք չկա ագրեսիվ լինել թուրքերի հանդեպ. «Ես ուղղակի զարմացած էի, երբ Ֆիլիպը երգում էր թուրքական երգեր` հագին թուրքական բլուզ: Չպետք է ագրեսիվ լինել: Հակառակը, պետք է գնալ բարեկամության ճանապարհով»: Ո՞վ է ազգությամբ Բեդրոս Կիրկորովը: Հա՞յ: Շարունակենք Դերենիկ Դեմիրճյանի էսսեի մեջբերումները. «Հայի ամենամեծ առաքինութի՞ւնն ես ուզում. ամենաներողամիտ ցեղը աշխարհիս մէջ: Ի՞նչ եղաւ իր պատմութիւնը. զարհուրելի ջարդեր, խոշտանգում, բնաջնջում… Բայց ո՞վ է ամենից շատ ջանք թափում փրկելու Էնվէրին ու Քէմալին»:
Ամեն դեպքում, հարցին, թե ինչո՞ւ է հայն «այսպես անհաւասար, ներհակ, մաղձոտ, անհավատալի` իր ստորութեան մէջ, անչափելի` իր վէհ թռիչքներում», Դերենիկ Դեմիրճյանն ունի պատասխան: Հայը կյանքից ավելի սիրում է Ազատությունը:
Հ.Գ. Նրանք, ովքեր այս էսսեն կհամարեն հայերին փնովելու համար հղումների շտեմարան` կսխալվեն: Սա առողջ, մեծ մտահորիզոնով եւ ինքնաճանաչումից չվախեցող գրողի դիտարկումն է` ուղղված ոչ մեկին` կոնկրետ: Բայց բոլորիս միասին: