Միակ զենք նվիրողը

09/10/2005

«Էս երկրում մենակ ես եմ զենք նվիրում, ուրիշ ոչ ոք չի նվիրում: Այդ
խնդիրը կանոնակարգված է, եւ օրենք գոյություն ունի: Կա վարչապետի
կանոնակարգված որոշում, թե ով կարող է դիմել, եւ ինչ պրոցեդուրայով պետք է
անցնի, որից հետո ստորագրվում են նվիրատվության փաստաթղթերը»,- երեկ
ԱԺ-ում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ
Անդրանիկ Մարգարյանը` պատասխանելով զենք նվիրելու մասին կարգում
փոփոխություններ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ հարցին: Հիշեցնենք,
որ վարչապետի նվիրած զենքերով վերջին շրջանում արդեն երրորդ սպանությունն
է կատարվում: Վերջին հրաձիգը Նոր Հաճընի քաղաքապետն էր: Իսկ լրագրողների
այն դիտարկմանը, թե այդ սպանություններն արդյոք չե՞ն պատահում գործող
ընթացակարգի անկատարության պատճառով, Ա. Մարգարյանը պատասխանեց. «Մինչեւ
Ոստիկանությունը չի ստուգում զենքի մաքուր լինելը, զենք ստացողի
ինքնությունը, նրա վստահության աստիճանը, ես ոչ մեկին նվեր չեմ տալիս»:
Վարչապետը խոստացավ ավելի խստացնել այդ կարգն՝ ասելով, թե ոստիկանությանն
արդեն հանձնարարություն է տվել: