Պարոն «Եվրատեսիլի» նախագահին

07/09/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Մանկական «Եվրատեսիլ» երգի մրցույթի հայաստանյան նախընտրական փուլը, որը 3 օր շարունակ ցուցադրվում էր «Հ1»-ով, շատ տարօրինակ մտորումներ առաջացրեց: Խոսքը բնավ էլ արդյունքի մասին չէ. հաղթող ճանաչված 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը աչքի ընկավ լավ ու գրագետ վոկալով: Արցախի հողը կարծես անսպառ ձայնային պաշարներ ունի, որոնք ընտրվում ու հղկվում են Ստեփանակերտի երաժշտական ուսումնարանում ու հետո ներարկվելով հայաստանյան շոու-բիզնեսի մեջ` դանդաղորեն դադարում են լավ ու գրագետ լինել, քանի որ իրենց կիրառումը գտնում են միայն կորպորատիվ միջոցառումների դաշտում` պետական տոներին, հարսանիքներին ու կնունքներին հնչելով:

Տխուր մտորումներ առաջացրեց հենց մրցույթը, որը կարծես մեծական «Եվրատեսիլի» պատճենն էր: Եվ մի բան էլ վատթարագույն տարբերակով: Մեծերի «Եվրատեսիլի» կուլիսային կրքերին ու գլամուրային տեղատարափին մենք կարծես ընտելացել ենք (դե փոփ-մրցույթ է, էլի, ու իր փոփ-կանոններն ունի), սակայն երբ այդ նույն փոփ-անձրեւը տեղում է էկրաններից 10-12 տարեկան երեխաների միջոցով, արդեն սարսափելի նեգատիվ զգացումներ է առաջացնում: Նախ՝ այն պատճառով, որ երեխաներն իրենք չեն իրենց ոճն ու կերպարն ընտրում, այլ դա անում են մեծերը` սեփական օրինակն աչքի առջեւ ունենալով: Նաեւ այն պատճառով, որ երեխաները դառնում են ոչ թե մրցութային միավորներ, այլ` իրենց ետեւում կանգնած մարդկանց «գործիքները»: Եվ դա նկատվում է եւ երեխաների երգերի, եւ նրանց իմիջի մեջ: «Եվրատեսիլը» պարտադրում է, որ մրցույթին ներկայացված երգերը գրված լինեն հենց երեխաների կողմից, կամ էլ առնվազն որեւէ առնչություն ունենան երգի հետ: Սակայն ակնհայտ է, որ 3 օրերի ընթացքում հնչող երգերի մեծամասնությունը գրել են ոչ թե երեխաները, այլ մեծահասակները: Ընդ որում` նրանք դա արել են կամ սեփական մանկությունը աղոտ վերհիշելով, կամ էլ` պարզապես մանկական թեմայի շտամպների հավաքածու օգտագործելով: Ինչի՞ մասին է երազում մանուկը: Այս հարցը երեւի իրենք իրենց տվել են երգերի բառերի հեղինակները` մեջբերելով կլիշեները` անհոգ մանկության, ամպերի, երազանքների, ալիքների տեսքով: Կարծես երեխան մի անդեմ արարած է, որը միայն անդեմ բաների մասին կարող է երգել: «Եվրատեսիլի» մանկական երգերը մոտավորապես էին մանկական: Իսկ երեխան երբեք մոտավորապես երգ չի գրում, նա կամ գրում է, կամ` ոչ: Եվ եթե նրա փոխարեն են երգ գրում ու բեմ ուղարկում, ուրեմն զրկում են անհատականության որեւէ նշույլից` նրան դարձնելով մոտավորապես այն, ինչը պետք է մեծահասակներին: Իսկ մոտավորապես երեխա չի լինում: Երբ տղաներից մեկին` «Ես փոքր մոտոցիկլիստ եմ» բառերը երգելու են ուղարկում, չեն էլ հասկանում, որ երեխան երբեք իր մասին չի ասի` փոքր, քանի որ այդ բառը վիրավորական է ցանկացած երեխայի համար: Էլ չասած` շպարված կերպարանքով ելույթ ունեցող այն աղջիկների մասին, որոնք մեծերի թելադրանքով երգում էին` «Ես մի թիզ եմ, ես թիթիզ եմ»: «Թիթիզ» բառը դատարկության հոմանիշն է (այդպես ինձ ասացին հենց երեխաները), էլ ի՞նչ հարկ կա նսեմացնել սեփական երեխաներին: Միգուցե դատարկություն ներկայացնելով՝ երեխաների համար պատասխանատու պրոդյուսերները նրանց մեծ շոու-բիզնեսի՞ն են պատրաստում, սակայն դա այնքան ճակատային է արվում, որ լավ կլինի այդ մրցույթն ընդհանրապես փակել, ասենք, գենոֆոնդը պաշտպանելու նպատակով: Թե չէ կստացվի, որ հասունացման տարիքի հասած աղջիկները երազում են միայն փայլուն կրծկալով դուրս գալ խխունջի միջից կամ «Շակիրա, լեդի Գագա ու Բեյոնսե» դառնալու պատրաստակամության մասին գոչել: Հետն էլ` անուններին գլամուրային տարբերակով զրկում են ազգանուններից` «ուշիկ», «իչիկ», «ուշո» փոքրացուցիչ վերջածանցներն ավելացնելով: Տխուրն այն է, որ երեխաներին չեն էլ հարցնում` ուզո՞ւմ են նրանք արդյոք նման մետամորֆոզների ենթարկվել: Ոչ, նրանց ասում են` դա պետք է հաջողության հասնելու ու հաղթելու համար: Երեխաներին զրկում են անգամ սեփական դեմքը ունենալու շանսից` նրանց սուզելով գլամուրային աղբի մեջ: Նրանց սովորեցնում են ստել, ձեւացնել ու մեծերի խաղերը խաղալ: Եվ դա նկատվում է ոչ միայն երգերի մեջ, այլեւ` երեխաներին սովորեցրած շարժումների, ժեստերի, կեցվածքի ու խոսելաոճի մեջ: Շատ տխուր պատկեր է ստացվում. մենք զրկում ենք մեր երեխաներին արժանապատիվ ներկայանալուց:

Մեծերի «Եվրատեսիլին» մենք արդեն սովորել ենք, մանուկներինը` հայտնագործություն դարձավ: Ինչն էլ առավել ընդգծվեց այն պահին, երբ «եվրատեսիլյան» թեկնածուների շարքում հայտնվեց Ռազմիկ Աղաջանյանը՝ իր` «Ես ուզում եմ» երգով: 12-ամյա այդ տղան, ով մի քանի ամիս առաջ հաղթանակով վերադարձավ Յուրմալայի «Նովայա վոլնա» մրցույթից, գրել էր մի երգ (ինքն էր գրել, մեծերը նման անկեղծ հարցադրումներ անելու ընդունակ չեն), որտեղ աշխարհի նախագահին խնդրում էր պատասխանել` ինչո՞ւ է մեր աշխարհը հիվանդ: Նա իր երգով ուզում էր երջանիկ ընտանիք ու խաղաղ հայրենիք ունենալ: Մեծ բան չէր ուզում, սակայն կարեւորն այն է, որ դա ինքն էր ուզում: Ռազմիկը հենց դրանով էլ կտրուկ առանձնացավ բոլոր մասնակիցներից, նա չէր խաղում մեծերի խաղերը, այլ` շատ լավ հասկանում էր իր տեղն ու դերը: Եվ այդ տեղն իրենն է: Ռազմիկն ու իր ընկերները պարզ ու հպարտ մի երեխայի տեսակ էին խորհրդանշում, որն արդեն պետք է ներառել Հայաստանի Հանրապետության «Կարմիր գրքում»: Եվ իրականում շատ լավ է, որ նա չի մեկնի նոյեմբերին Մինսկում անցկացվող մանկական «Եվրատեսիլին» մասնակցելու համար: Թե չէ, հակառակ դեպքում, նրան պետք է «սանրեին» ու դարձնեին «Եվրատեսիլյան» ֆորմատ: Իսկ ֆորմատներն, ինչպես հայտնի է` մեծերն են հորինում: