Այս օրերին Հայաստանում կերպարային արվեստի ոլորտի երկու իրադարձություն է տեղի ունենալու. սեպտեմբերի 10-ին Գյումրիում մեկնարկում է 7-րդ միջազգային արվեստի բիենալեն, իսկ Երեւանում սեպտեմբերի 7-8-ը անցկացվելու է կերպարվեստի գործիչների համահայկական համաժողովը: Այդ երկու իրադարձությունները կարծես նույն նպատակն են հետապնդում: Այն է` ուսումնասիրել ժամանակակից կերպարային արվեստի դաշտը, պարզ ասած` տեսնել, թե ի՞նչ ունենք մեր պաշարում ու ի՞նչ կարող ենք սպասել հասարակություն-արվեստ շղթան ամուր ու «զգոն» վիճակում պահելու համար:
Սակայն իրականում արվեստի այդ հավաքների անցկացման ֆորմատն ու մեթոդները խիստ տարբեր են: Առաջինը հիմնվում է լոկ էնտուզիազմի վրա` առանց ֆինանսական միջոցների, բայց «ապրանք»-ցուցահանդես ներկայացնելու սկզբունքի վրա, իսկ մյուսը` անցկացվում է պետական հովանու ներքո, լայնորեն լուսաբանվում է ու օգտագործում է լեկցիաների ձեւաչափը: Հարկ է նշել նաեւ, որ այդ հավաքները ոչ թե բխում են մեկը մյուսից կամ լրացնում են իրար, այլ անցկացվում են` իրար չնկատելով: Մինչդեռ ծանոթանալով այդ ստուգատես-հավաքների ծրագրերի հետ` ակնհայտ է դառնում, որ դրանք նույն խնդրի շուրջ են պտույտ անում: Սակայն իրար անտեսում են:
Սփյուռքի նախարարության նախաձեռնած համաժողովը «Արվեստը եւ բիզնեսը, արվեստը եւ համացանցը» խորագիրն է կրում ու փորձում է համահայկական մասնագիտական ընկերակցություն ստեղծել` հրավիրելով պատմական հայրենիք 158 օտարերկրյա արվեստագետների: Ստացվում է, որ նպատակը լոկալ խմբերը միավորելն ու դրանց մեկ տանիքի տակ հավաքելով` գլոբալ ցանց ստեղծելն է: Իսկ Գյումրիի բիենալեն, որն այս տարի աշխատելու է «Արխիվների արխիվացում, ապագայի հուշ» կոնցեպտի շուրջ, խնդիրը չի գլոբալացնում: Ընդհակառակը` այն կոնկրետացնում ու տեղայնացնում է: Եվ եթե պետք է ապագան ուրվագծվի, ապա այդ գործը Գյումրիում հավաքված արվեստագետները սկսելու են հուշերի սկզբնաղբյուրների հետազոտումից: Նրանք մուտք են գործելու զմռսված հուշերի տարածքները` արխիվները, ու վերաիմաստավորելով անցյալը` որոշելու են, թե ի՞նչն են հանելու փոշոտ պատմությունից: Եվ հենց նրանց «հանածոներից» էլ կառուցելու են ապագայի պատկերացումը: Գյումրին շատ բան ունի իր արխիվներում (ինչպես, թերեւս բոլոր քաղաքներն ու գյուղերը, կամ էլ` ողջ մոլորակը), հասարակարգ է փոխվել, աղետ է տեղի ունեցել, քանդվել ու կառուցվել են շինությունները, մարդիկ են հեռացել, մարդիկ են ծնվել: Եվ այդ բոլոր ինֆորմացիան ուղարկվել է երկարաժամկետ պահպանման` արխիվ: «Արխիվների գրառումները սովորաբար չեն հրատարակվում եւ գրեթե միշտ բացառիկ են, ինչով էլ նման չեն գրքերին կամ ամսագրերին»,- շեշտում է իր ծրագրում Գյումրիի բիենալեի կուրատոր Ազատ Սարգսյանը, ով էլ առաջարկում է արվեստագետներին դառնալ արխիվարիուս: Չէ՞ որ արխիվագետը այն մարդն է, որը ինֆորմացիայի ու նյութերի ազատ մուտք է ապահովում, պահպանում, դասավորում, դասակարգում, ուսումանասիրում է: Նույնն էլ անում է ժամանակակից արվեստագետը` հանում է պահոցից մի փաստաթուղթ, հետազոտում ու ներկայացնում է այն իր տեսանկյունով: Ընդհանրապես յուրաքանչյուրս էլ արխիվագետ ենք, քանի որ անձնական համակարգիչը կոմպլեկտավորում ենք` սեփական ցանկությունների համաձայն, տեղադրելով մեզ համար անհրաժեշտ ֆայլերը, ինֆորմացիան, լուսանկարները: Մենք արխիվ ենք ստեղծում, եւ այդ գործը անում ենք` որոշ ժամանակով վերածվելով արվեստագետների: Եվ եթե հանկարծ արխիվ ստեղծելու ու դրա մեջ փորփրելու ընթացքում գտնում ենք այն ֆորման, որը քննարկման ու բանավեճերի առիթ կարող է տալ, ուրեմն բոլորս էլ արվեստագետներ ենք: Եվ ընդհանրապես մեր շուրջը ամեն ինչն էլ արվեստի նյութ կարող է դառնալ: Կարեւորը` տեսանկյունն է եւ այդ տեսանկյունը ներկայացնելու կարողությունը:
Ուշագրավ է, որ հենց տեսանկյունի որոնման վրա էլ (թեեւ չափազանց վերացականորեն) հիմնվում է նաեւ պետական բարձր հովանու ներքո կազմակերպվող համաժողովը, քանի որ այն առաջարկում է հայաստանցիներին ունկնդրել «Հայ արվեստի արդի վիճակը գլոբալացման պայմաններում», «Արվեստը, համացանցը, արժեքային շղթաները» եւ այլ զեկույցները: Դրանք ապագային ուղղված հարցադրումներ են, որոնց պատասխանելու համար նախեւառաջ պետք է անցյալը լավ ուսումնասիրել: Եվ դա անել երիտասարդների ուժերով, քանի որ հենց նրանց բանիմաց հայացքն է բախտորոշ գործոն դառնալու մեր հանրապետության ապագայի համար: Ընդ որում` Գյումրիի բիենալեն կարեւորում է հենց երիտասարդների թարմ, չպղտորված հայացքն ու նրանց ներգրավվածությունը միջավայրը վերափոխելու գործում: Բիենալեն անցնելու է ԳԺԱԿ-ի` Գյումրու ժամանակակից արվեստի կենտրոնի եւ Գյումրու Գեղարվեստի ակադեմիայի ուսանողների ուժերով: Եվ փաստը մնում է փաստ. գյումրեցի երիտասարդները շատ ավելի ազատ են արվեստի ակադեմիական (թանգարանային) ընկալումից: Բիենալեն էլ ոչ թե վերեւից «իջեցված» միջոցառում է, այլ` ներքին պահանջ, որը, թեեւ բարդ է իրագործվում, սակայն շատ կարեւոր է:
Բիենալեները արդյունք են, իսկ համաժողովները՝ արդյունքին ձգտող միջոցառումներ: Եվ եթե ՀՀ Մշակույթի ու Սփյուռքի նախարարությունները արդյունք են ուզում, թող իրենց հայացքը (որպես արխիվագետներ) ուղղեն այնտեղ, որտեղ ժամանակակից արվեստն արդեն իսկ ծիլ է տվել: Գյումրիի բիենալեն հայաստանյան ժամանակակից արվեստի ստուգատեսներից ամենախոշորն ու հեղինակավորն է, այն ստացել է ցանցային տարածում եւ չի ձգտում բուրգանման միջոցառում դառնալու: Եվ եթե հանգամանքների բերումով` բուրգանման համաժողովն ու ցանցային բիենալեն նույն օրերին են անցկացվում, ապա դրանք իրար միահյուսելը կարող էր շատ հետաքրքիր արդյունք տալ: ՀՀ հրավերով մի քանի տասնյակ երկրներից մարդ է գալու` զեկույցներ լսելու, կաթողիկոսի, վարչապետի ընդունելությանը արժանանալու ու ժամանակակից Հայաստանի պատկերը հասկանալու նպատակով: Իսկ կիսավեր ու կոլորիտային Գյումրիում օրեր անց հավաքվելու են արվեստագետները, որոնք փորձելու են ճանաչել, իմաստավորել բոլորովին այլ մի ներկա: Առանց լուսարձակների, հեռուստառեպորտաժների, նույնիսկ` առանց հստակ կացարանի:
Միգուցե այդ երկու կերպարվեստային իրադարձությունների միջեւ զուգահեռներ անցկացնելը սխալ է, քանի որ դրանք տարբեր կշիռ ունեն: Բիենալեն համեստ ուժերով փորձում է կենտրոնախույզ քաղաքականության արժեքը ցուցադրել, իսկ համաժողովն իր մասնակիցներին (ու նաեւ մեզ) կենտրոնացման ուժն է ջանում ապացուցել: Գյումրիում արվեստագետները սեփական գումարն ու միջոցներն են ծախսում` կախյալ վիճակից խուսափելով աշխատելու համար, իսկ պետական բարձր հովանու տակ անցնող կերպարվեստի գործիչների համաժողովը ընտրում է միջավայրը ճանաչելու տուրիստական ձեւաչափը (Էջմիածին, Եղեռնի հուշարձան, բարձրաստիճան չինովնիկների հետ հանդիպումներ): Ընդ որում` աչք է զարնում հենց «գործիչ» բառը, որն օգտագործում է Սփյուռքի նախարարությունը համաժողովի մասնակիցներին բնութագրելու համար` «արվեստագետ» բառի փոխարեն: Արվեստագետը քննարկում է խթանում, իսկ արվեստի գործիչը գործում է: Գործիչ լինել՝ նշանակում է՝ հեռանալ արվեստից: Սա է պետական ու ոչ պետական ստուգատեսների տարբերությունը: