Սալոր
Սալորի մի քանի տեսակներ կան` կարմիր, դեղին, կապույտ, եւ այլն: Համեղ այս միրգը բուժիչ հատկանիշներով է օժտված: Սալորի հայրենիք է համարվում Կովկասը, Միջին Ասիան, Պարսկաստանը, Եգիպտոսը: Սալորը օրգանիզմից հեռացնում է մաղձը` լեղին, եւ միզամուղ հատկություն ունի: Մեր օրգանիզմը մաքրում է, հեռացնում է ավելորդ ջուրը եւ աղը: Սալորը խորհուրդ է տրվում ուտել հատկապես գաստրիտ, ստամոքսի խոց եւ տասներկումատնյա աղիի հետ կապված հիվանդություն ունեցող մարդկանց, ինչպես նաեւ նրանց, ովքեր սակավարյունությամբ են տառապում: Սալորը օրգանիզմի համար հրաշալի պրոֆիլակտիկ միջոց է:
Սալորը նաեւ խորհուրդ է տրվում նրանց, ովքեր փորկապություն ունեն: Փորկապությունը շատ արագ թուլացնում է: Դրա համար նման խնդիրների դեպքում օրական (առավոտյան` սոված ստամոքսին եւ օրվա ընթացքում` չխառնելով այլ սննդի հետ) պետք է ուտել 10-12 սալոր: Թարմ սալորի քամած հյութը կարգավորում է ստամոքսի թթվայնությունը: Սալորը օրգանիզմից հեռացնում է ավելորդ հեղուկը եւ վերացնում այտուցները: Սալորի մեջ ֆրուկտոզաներ եւ սախարոզաներ (բուսաշաքար) են պարունակվում: Հասած սալորի մեջ ավելի շատ հանքային նյութեր կան, քան խնձորի եւ տանձի մեջ: Սալորը նաեւ մեծ քանակությամբ կալիում, ֆոսֆոր, նատրիում, կալցիում եւ պեկտին (տպՍՑՌվ) է պարունակում: Պեկտինն, ի դեպ, շատ կարեւոր է հատկապես նյութափոխանակության կարգավորման համար, օրգանիզմում նվազեցնում է խոլեստերինի քանակությունը, կարգավորում է արյան շրջանառությունը, եւ ամենակարեւորը, այն կենդանի օրգանիզմը լավագույնս մաքրում է վնասակար նյութերից: Պեկտինն, ըստ մասնագետների, օրգանիզմի բնական սանիտարն է, որը մաքրում է ծանր մետաղների աղերը, քաղցկեղածին նյութերը: B2 վիտամինի մեծ պարունակություն կա հատկապես սեւ սալորի մեջ. այս վիտամինն անհրաժեշտ է հատկապես նյարդային համակարգի ամրացման, սպիտակուցային փոխանակման համար: Նաեւ վիտամին P է պարունակվում, որը նպաստում է արյան մանր անոթների անցանելիությանը, եւ իջեցնում է արյան ճնշումը: Ապացուցված է, որ սալորը, մասնավորապես` սալորաչիրը օգնում է օրգանիզմից վնասակար խոլեստերինի հեռացմանը, այդ իսկ պատճառով այն օգտակար է հատկապես այն մարդկանց, ովքեր տառապում են հիպերտոնիայով, աթերոսկլերոզով (սրտանոթների կարծրացման հիվանդություն) եւ լեղապարկի, ռեւմատիզմ հիվանդություններով: Պետք է հիշել, որ սալորահյութը հակացուցված է ստամոքսահյութի բարձր թթվայնություն ունեցող մարդկանց: Նորածին եւ փոքր տարիքի երեխաների մոտ սալորահյութը փորլուծություն եւ աղիներում` գազեր կարող է առաջացնել: Սալորն իր մեջ պարունակվող վիտամինների միջոցով նաեւ պայքարում է անքնության, հոգնածության դեմ, երիտասարդացնող եւ հակաինֆեկցիոն հատկություն ունի: Պրովիտամին (նախավիտամին) A-ի շնորհիվ լավացնում է տեսողությունը, օրգանիզմը պաշտպանում է տարբեր վիրուսներից, մաշկը լավացնում-էլաստիկ է դարձնում: K վիտամինի մեծ քանակության շնորհիվ սալորը նաեւ արյան բաղադրությունն է լավացնում, կանխում է տրոմբոզների առաջացումը:
Աշնանը կարող եք սալորով դիետա պահպանել` թեթեւ սննդակարգին (օրական` 1200 կկալորիա) միացնելով 200 գրամ թարմ սալոր: 10-15 օր այս դիետան պահելուց հետո ձեր օրգանիզմը կմաքրվի, մաշկը կլավանա եւ մի քանի կգ քաշ կգցեք:
Ժողովրդական բժշկության մեջ սալորը հաճախ է օգտագործվում: Մեծ քանակությամբ կալիում պարունակելու շնորհիվ հիպերտոնիայով եւ երիկամների հիվանդությամբ տառապողներին խորհուրդ է տրվում սալորի կոմպոտ խմել: Օրգանիզմը մաքրելու համար խորհուրդ է տրվում առավոտյան` սոված ստամոքսին, առանց շաքարավազի թարմ սալորահյութ խմել: Միզափամփուշտի քարերի դեպքում խորհուրդ է տրվում օրը 2-3 անգամ 1-2 թեյի գդալ սալորենու բուսախեժ ուտել: Երիկամների քարերը եւս բուժում էին բուսախեժի օգնությամբ: 100 գրամ սալորենու բուսախեժը խառնել 1 լիտր սպիտակ գինու մեջ: Խեժն ամբողջությամբ պետք է լուծվի գինու մեջ: Ստացված լուծույթն օգտագործեք օրը 3-4 անգամ` ուտելուց կես ժամ առաջ եւ 50մլ չափով: Գոտկատեղի ցավերի դեպքում սալորի 25 գրամ պոչերը փոշու պես մանրացրեք, վրան լցրեք 1 թեյի բաժակ (ոչ մեծ) օղի, պահեք 7 օր, ապա դրանով մերսեք ցավող հատվածները: Շատ օգտակար են նաեւ սալորի տերեւները: Թեեւ սալորի մեջ C վիտամին շատ չի պարունակվում, փոխարենն այդ վիտամինով եւ ֆիտոցիդներով հարուստ են սալորի տերեւները: Տերեւներից եւ քացախից պատրաստված թուրմով մաքրում են հին թարախակալված վերքերը: Տերեւները նաեւ օգտագործում են վաղ մազաթափության դեպքում. 1 ճաշի գդալ մանրացված տերեւները եռացնել 1 բաժակ եռջրով, 1 ժամ թողնել եւ քսել մազարմատներին: Տերեւներից պատրաստված թուրմով նաեւ ողողում են բերանի խոռոչը (ստոմատիտի` բերանաբորբի դեպքում). 20 գրամ չոր տերեւները լցնել 1 թեյի բաժակ եռացրած ջրի մեջ, եռացնել եւս 15 րոպե, թողնել լավ սառչի եւ ողողել բերանը: Լնդերի արյունահոսության դեպքում թարմ մանրացված տերեւները պետք է լցնել չոր կարմիր գինու մեջ, 3 շաբաթ թրմել` ժամանակ առ ժամանակ խառնելով, ապա քամել եւ դրանով ողողել բերանը, լնդերը: Սալորը նաեւ երկաթ, յոդ, ցինկ է պարունակում: Ի դեպ, հնում սալորի ցողունի խեժը նաեւ օգտագործել են խոցի, կոնյուկտիվիդի բորբոքման եւ տեսողության լավացման համար:
Հասած սալորի մեջ սախարոզաների քանակն ավելանում է: Սալորի տարբեր տեսակներ պարունակում են 0,1-2,7 մգ/100գրամ կարոտին (նախավիտամին A): Դրանով հարուստ են հատկապես դեղին տեսակները: Սալորը մանդարինից, նարնջից, տանձից, բալից եւ այլ մրգերից առանձնանում է վիտամին E-ի մեծ քանակությամբ: Իհարկե, այդ իմաստով զիջում է դեղձին եւ մասուրին: Իսկ վիտամին E-ն նաեւ երիտասարդության բնական աղբյուր է համարվում:
Առողջ եղեք: