Մոտ մեկ ամիս առաջ մամուլում տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ ռազմական շքերթի համար ՀՀ Պաշտպանության նախարարության ձեռք բերած «Nissan» մեքենաներն օգտագործվել են գնդապետ Իգոր Գորդիենկոյի հարսանիքի ժամանակ:
Մեր աղբյուրների փոխանցմամբ` հարսանիքի ժամանակ այդ մեքենաների օգտագործումը վկայում է ոչ միայն պաշտոնյաների հղփացածության մասին, այլ հնարավոր է` նաեւ հատուկ նպատակներ է հետապնդել: Բանն այն է, որ այդ մեքենաները սոսկ փոխադրամիջոց չեն: Այդ «Nissan»-ները ձեռք են բերվել 2006թ. սեպտեմբերի 21-ին Անկախության 15-ամյակի առիթով կազմակերպված շքերթի համար: Դրանցից մեկը նախատեսված է եղել պաշտպանության նախարարի, մյուսը` ԶՈՒ գլխավոր շտաբի պետի համար: 2006թ. սեպտեմբերի 21-ի շքերթին այն ժամանակվա գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանն այդ մեքենաներից մեկի վրա կանգնած` ողջունել է դիմացից եկող երկրորդ «Nissan»-ի վրա կանգնած պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին: Այսինքն` այդ մեքենաները խորհրդանշական նշանակություն ունեն, եւ դրանք ինչ-որ մեկի հարսանիքին օգտագործելը ինչ-որ իմաստով վարկաբեկում է պետականության խորհրդանիշները: Այդ առումով, մեքենաները հարսանիքի համար օգտագործողները փորձել են առաջին հերթին հարվածի տակ դնել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Մամուլում նաեւ հրապարակում եղավ այն մասին, որ հարսանիքի համար այդ մեքենաների օգտագործման դեպքի առիթով նախարարությունում արդեն ներքին հետաքննություն է սկսվել, եւ աշխատանքից ազատվել է այդ մեքենաների համար պատասխանատուն, ով ընդամենը կատարել է այդ մեքենաները տրամադրելու հրամանը, ինչը, բնականաբար, գրավոր կամ բանավոր ձեւով իջեցվել է ավելի վերին օղակներից: Հակառակ դեպքում ստորին օղակի պատասխանատուն դժվար թե համարձակվեր ինքնուրույն նման քայլ կատարել, եթե նույնիսկ այդ մեքենաներն օգտագործվեն ավելի բարձրաստիճան սպայի կամ պաշտոնյայի անձնական քմահաճույքների համար: Այսինքն` այս անգամ եւս դեպքի գլխավոր մեղավորի փոխարեն պատասխանատվության է ենթարկվել հրաման կատարողը:
ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, թե մեքենաները գտնվում են ՊՆ Սպառազինության վարչության կառույցներից մեկի հաշվեկշռում: Իսկ այդ վարչությունն իր հերթին գտնվում է ԶՈՒ գլխավոր շտաբի ենթակայության տակ: ԳՇ պետը 2008թ. մարտի 1-ի դեպքերին իր մասնակցությամբ հայտնի Յուրի Խաչատուրովն է, ով այդ պաշտոնին է նշանակվել նույն դեպքերից հետո եւ, շրջանառվող լուրերի համաձայն՝ այդ դեպքերին իր խոշոր ներդրումն ունենալու շնորհիվ: Ըստ տարբեր աղբյուրների` Յու. Խաչատուրովը լարված հարաբերություններ ունի Ս. Օհանյանի հետ, քանի որ վերջինս «փակել է» շատերի «աղբյուրները»: Եվ ՊՆ-ում որոշ կառույցներ ու պաշտոնյաներ բաժանվել են երկու մասի` նրանք, ովքեր պաշտպանում են Ս. Օհանյանին, եւ նրանք, ովքեր գտնվում են Յու. Խաչատուրովի ազդեցության տակ: Իշխանական կուլիսներում շրջանառվող քննարկումների համաձայն, շքերթի համար գնված այդ մեքենաները հարսանիքի ժամանակ օգտագործել են նույն Խաչատուրովի եթե ոչ դրդմամբ, ապա միտումնավոր թողտվությամբ: ԳՇ պետը, բնականաբար, գիտակցել է, թե դա ինչ է նշանակում` վստահաբար կանխատեսելով նաեւ, որ Հանրապետության հրապարակում ազդանշաններ տվող «Nissan»-ները աննկատ չէին մնա հասարակության ու իշխանությունների աչքից: Մեր տեղեկություններով՝ այդ մասին անմիջապես տեղեկացրել են նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Վ. Ավետիսյանը նաեւ փոխանցեց, թե այդ հրապարակման առնչությամբ ծառայողական քննությունն իրականացվում է գեներալ Արշալույս Փայտյանի գլխավորությամբ, ով, ի դեպ, նույն Յու. Խաչատուրովի տեղակալն է: Վ. Ավետիսյանը նաեւ փոխանցեց, թե դեռ պարզ չէ` իսկապես այդ մեքենաներն օգտագործվե՞լ են հարսանիքի ժամանակ, օգտագործվելու դեպքում էլ պարզ չէ, թե ո՞վ է տվել նման կարգադրությունը: Եթե իսկապես հաստատվի այդ լուրը, Վ. Ավետիսյանի խոսքերով, դա կհամարվի պաշտոնական դիրքի չարաշահում: Ավելացնենք նաեւ, որ այդ երկու «Nissan»-ներն օգտագործվել են գնդապետ Իգոր Գորդիենկոյի որդու հարսանիքի ժամանակ: Ազգությամբ ուկրաինացի Ի.Գորդիենկոն ՀՀ բանակում է ծառայում դեռեւս 1992թ-ից., ներկայումս նա ՊՆ նույն սպառազինության վարչության ծառայություններից մեկի պետն է: Գորդիենկոն տարբեր տարիների ընթացքում տարբեր սկանդալների մեջ է հայտնվել. որոշ տեղեկությունների համաձայն, ՊՆ նախարար եղած ժամանակ Վազգեն Սարգսյանը նրան պատժել է զենք վաճառելու համար: Նման պատմություններով հայտնի է նաեւ Յու. Խաչատուրովը: Նշենք նաեւ, որ Սպառազինության վարչության պետը ծագումով ղարաբաղցի Մելս Չիլինգարյանն է, ում անունը նույնպես կապվել է Մարտի 1-ի դեպքերի հետ: Գեներալ Չիլինգարյանը ՊՆ-ում համարվում է Յու. Խաչատուրովի հավատարիմ զինվորականներից մեկը: Մամուլում նշված էր նաեւ, թե ոչ անհայտ գեներալներից մեկը, ով մասնակցել է հարսանիքին, հաջողացրել է ֆաքս ուղարկել` իբր ինքը հարսանիքը շնորհավորել է Ռուսաստանից: Մեր տեղեկություններով՝ խոսքը հենց Մ. Չիլինգարյանի մասին է: Մինչդեռ, հարսանիքի մասնակիցների խոսքերով, Չիլինգարյանն անձամբ ներկա է եղել իր ենթակա Գորդիենկոյի որդու հարսանիքին: Ի դեպ, նշված կառույցներին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, ՊՆ-ում Խաչատուրովի համակարգման շրջանակներում գտնվող որեւէ գործարք, ֆինանսների հատկացում տեղի չի ունենում, առանց նրան մաս հանելու: Այդպես է եղել նաեւ այն ժամանակ, երբ ԳՇ պետը զբաղեցնում էր պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, ինչի շնորհիվ, ըստ լավատեղյակ աղբյուրների, Խաչատուրովը հսկայական կարողություններ ունի: Նրան է պատկանում նաեւ Երեւանի Զեյթուն վարչական շրջանում գտնվող բիլյարդի սրահը: Նա մի քանի ամառանոցներ, բնակարաններ ունի եւ ֆինանսական հսկայական միջոցներ: Ասում են նաեւ, որ Վ. Սարգսյանի օրոք յուրացրել է զինվորական հանդերձանքի համար նախատեսված գումարները, որի համար պատժվել է: Նաեւ պատմում են, որ 1994թ. հրադադարից հետո, երբ Խաչատուրովը Գորիսի զորամիավորումներից մեկի հրամանատարն է եղել, գեներալ Մանվել Գրիգորյանը նրան պատժելու համար մի քանի օր նկուղում է պահել: Իսկ առաջիկայում պարզ կդառնա, թե ով է պատժվելու այս գեներալների թողտվությամբ կատարված չարաշահման համար: