Ծխարանը տեղափոխում են

04/09/2010

Ալավերդու «Էյ-Սի-Փի» ընկերությունը պատրաստվում է գործարանի 100մետր բարձրությամբ ծխատարը տեղափոխել գործարանի վերեւի Կոշաբերդ սար, ինչի առիթով, այսպես ասած` կազմակերպել էին բնապահպանական լսումներ ընկերության վարչական շենքում: «Տեղական հեռուստաալիքներով որեւէ հայտարարություն չէին տվել, որոնք կիսով չափ իրենց ա պատկանում: Ու էդ նշանակում ա, որ իրենք չեն ուզում, որ մարդիկ մասնակցեն այս լսումներին»,- նշեց Ալավերդու բնակիչներից մեկը, ով բնապահպանական լսումների մասին տեղեկացել էր լսումներից բավական ուշ: Նշենք, որ ընկերությունը հայտարարություն էր տարածել «Հայաստանի Հանրապետություն» թերթի միջոցով, եւ հետաքրքիրն այն է, որ Ալավերդու «Անկյուն +3» հեռուստաընկերությունը, լինելով Վալերի Մեջլումյանի հովանավորչության ներքո, որեւէ հաղորդագրություն չէր տարածել: «Ծխատարի տեղափոխումից ոչ մի ազդեցություն էլ չի քչանալու: Նույն ազդեցությունն ա ունենալու Սանահին, Օձուն գյուղերի, Մադանում գտնվող գոմերի վրա, որտեղ մոտ 60 մարդ ա ապրում»,- ավելացրեց Ալավերդու բնակչուհին: