Հայաստանի քաղաքական դաշտում դեպքերի հաջորդականությունն այնպիսին է, որ պարբերաբար ունենում ես հայտնի հերոսի զգացողությունը` քեզ թվում է` ինչ-որ ժամանակ առաջ դա քեզ հետ արդեն պատահել է, որ ամեն ինչ կրկնվում է: Բոլորիս աչքի առաջ փոխվեց անգամ դարը` 20-րդը փոխարինվեց 21-րդով, սակայն այս փաստն անարդարացիորեն չեն նկատում քաղաքական գործիչներն ու իշխանությունները. նրանց արձագանքը տեղի ունեցող իրադարձություններին նույնն է, ինչ 20 տարի առաջ: Իսկ ինչպիսի՞ն էր 20 տարի առաջ: Երբ Մարկ Տվենին լրագրողը հարցնում է, թե ի՞նչ կարծիքի է այսինչ իրադարձության մասին, պատասխանում է. «Նույն կարծիքին, ինչ 20 տարի առաջ»: «Իսկ ի՞նչ կարծիքի էիք 20 տարի առաջ»: «Օ՜, արդեն չեմ հիշում»,- պատասխանում է նա:
Այս օրերին մեր դժգույն կյանքում տեղի ունեցող ամենաթարմ իրադարձությունը եւ քննարկման արժանի հիմնական թեման սա է` Երեւանի քաղաքապետարանն, այս էլ որերորդ անգամ, արգելեց ՀԱԿ-ին իր հանրահավաքն անցկացնել Ազատության հրապարակում: Հայաստանում հանրահավաքների առանձնահատկությունն այն է, որ հետաքրքիրը ոչ թե բուն հանրահավաքն է, այլ դրան նախորդող իրադարձությունները` մերժումը, մերժման հիմնավորումն ու այդ հիմնավորումը մեկնաբանելու պրոցեսը` ո՞վ ավելի դիպուկ կամ սրամիտ կլինի: Եվ հետո` ի՞նչ ասաց կամ կասի ընդդիմության առաջնորդը: Այս դեպքում` Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Երեւանի քաղաքապետարանի ներկայացվող արգելքի մոտիվը արխաիկ էր` «Սեպտեմբերի 17-ին Ազատության հրապարակում միջոցառում պիտի անցկացվի. փորձեր են»: Նախ` չգիտեմ` ով ինչպես է ընկալում «միջոցառում» եզրը, սակայն այդ բառն արդեն իսկ կտրուկ նվազեցնում է հետաքրքրությունը կյանքի հանդեպ: Անգամ այնպիսի կաղապարված հիմնարկում, որպիսին Երեւանի քաղաքապետարանն է, պիտի լսած լինեն` աշխարհում դիմակահանդեսների, տոնախմբությունների դարավոր ավանդույթ կա, եւ երբեք ոչ մի տոնի մասին «միջոցառում» եզրը չեն կիրառում` Բրազիլիայի կամ Վենետիկի հայտնի կառնավալները, բացօթյա հայտնի համերգները Եվրոպայի քաղաքներում, հրավառությունները տոն են, ուրախություն: Սակայն մեզ մոտ ամեն ինչ, եւ հատկապես ուրախությունը, պարտադրված է, հետեւաբար` այն, ինչ տեղի է ունենում մեր կյանքում, սոսկ «միջոցառում» է: Էրեբունի-Երեւան տոնակատարությունը եւս լինելու է մեկը հերթական միջոցառումներից, որն ավելի շուտ հարմար պատրվակ է խոչընդոտելու երեւանցիների` հանրահավաք անցկացնելու իրավունքը: Քաղաքապետարանից (կամ նախագահականից) նման չմտածված քայլը սպասելի էր: Սակայն անսպասելի չես համարի նաեւ ՀԱԿ-ի արձագանքը, թե սա անձամբ Սերժ Սարգսյանի որոշումն էր, քանի որ իշխանություններն ուղղակի սարսափում են ընդդիմությունից: Ավաղ, սա չափազանցություն է: Անգամ` գրոտեսկ: Ընդդիմությունն իրենից վախենալու հիմք, հատկապես` վերջին շրջանում, որեւէ մեկին չի տալիս` իր անդամներից բացի: Թե՛ իշխանությունների ներսում, թե՛ ընդդիմության մեջ նույն հիերարխիան է, ակնածանքով պարուրված վախն առաջնորդի հանդեպ, որը պետք է պարբերաբար ցուցադրվի: Անհրաժեշտ պայման է նաեւ ժամանակ առ ժամանակ սեփական անձի փոքրությունը կամ, ցանկալի է, ոչնչությունը շեշտելը:
Սակայն ընդդիմություն համարելով միայն ՀԱԿ-ին` բարոյական ծանր հարված է հասցվում նաեւ Դաշնակցությանը: Այս կուսակցությունը եւս հանրահավաք անցկացնելու հայտ էր ներկայացրել, ընդ որում` դարձյալ Ազատության հրապարակում, եւ նույնպես մերժվել: Սակայն Դաշնակցությունն, օրինակ, իշխանությունների հետ պոլեմիկայի մեջ չմտավ եւ կազմակերպեց նախադեպը չունեցող, ինչպես հայտարարվել էր` «համապետական» հանրահավաք «Դինամո» մարզադաշտում` բաց երկինքը փոխարինելով մարզադահլիճի հուսալի առաստաղով: Հանրահավաքի մասնակիցները տեղավորվել էին տրիբունայում, որտեղից կարելի էր ցիվիլ պայմաններում հետեւել` ինչ է տեղի ունենում բեմահարթակին, հռետորներին լսել նստած եւ անգամ տեսնել նրանց: Իսկ մոլի դաշնակցականներից մի քանիսը տեղավորվել էին հարթակի առաջ` հռետորին լսելու հանրահավաքի կանոններին համաձայն` կանգնած: Ավելորդ է ասել, որ այս հանրահավաքն` իր բովանդակությամբ, ոչինչ չփոխեց Հայաստանի ներքաղաքական կյանքում: Պահանջում են իշխանափոխությո՞ւն: Դա շատերն են պահանջում եւ Դաշնակցությունից շատ ավելի վաղ: Սակայն, ինչպես տեսնում ենք, երկրի նախագահը շարունակում է մնալ Սերժ Սարգսյանը:
ՀԱԿ-ի դեպքում իշխանություններն առաջարկել են Մատենադարանի հրապարակը: Մի կողմ թողնենք այն, որ Ազատության հրապարակի պարագան մերժվել է անհեթեթ հիմնավորմամբ: Սակայն ինչո՞ւ հանրահավաքը չանցկացնել Մատենադարանի հարակից տարածքում: Եվ հետո, միեւնույն է, անկախ հանրահավաքի աշխարհագրությունից` ասելիքը նույնն է. հանրահավաքի մեխը լինելու է ՀԱԿ առաջնորդի ելույթը: Իսկ հանրահավաքին մասնակցելու են նրանք, ովքեր պիտի մասնակցեն, եթե անգամ հանրահավաքն անցնի Երեւանի ծայրամասում:
Հանրահավաքի անցկացման վայրը, խոշոր հաշվով, նշանակություն չունի: Հիշենք` մարտի մեկին Ֆրանսիայի դեսպանատան հարեւանությամբ որքան մարդ էր հավաքվել այն դեպքում, երբ տեղն ամենեւին հարմար չէր` հանրահավաք անցկացնելու համար: Սակայն այդ տարածքը դարձավ կիզակետ, քանի որ այդ օրը կար կոնկրետ ասելիք եւ գործողության ակնկալիք:
Իսկ ընթացիկ հանրահավաքներում ամեն ինչ կրկնվում է: Եվ հատկապես` ելույթները: Քեզ սկսում է դարձյալ թվալ, որ դու այդտեղ էլի ես եղել: Եվ մոտավորապես հայտնվում ես Կոնֆուցիոսի վիճակում. սկսում ես չհասկանալ` դու թիթեռնի՞կ ես, որ երազում իրեն մարդ է տեսնում, թե՞ մարդ, ով երազում թիթեռնիկ է: