«Փողերը շորթում են»

04/09/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Նոր Նորքի 3-րդ զանգված, 8շ. բն. 28-ի բնակչուհի Անետա Վարդանյանը, տեւական ժամանակ է, փաստաթղթերի փաթեթը ձեռքին թակում է իրավասու բոլոր մարմինների դռները` իր իրավունքները վերականգնելու խնդրանքով: Թեեւ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի հոդվածներով սահմանվում է գործատուի եւ աշխատողի իրավունքների շրջանակը, այդուհանդերձ, բոլորին է հայտնի, որ ՀՀ-ում գործատուների` աշխատակիցների իրավունքների խախտման դեպքերը բազմաթիվ են: Հիշեցնենք նաեւ, որ բացի դատական ատյանների միջամտությանը դիմելուց, մեր երկրում գործում է Աշխատանքի պետական տեսչություն, որը կոչված է կարգավորելու գործատու-աշխատող իրավահարաբերությունները: Ա. Վարդանյանի ամուսինը՝ Միշա Մարգարյանը, 1978-ից աշխատել է «Հայք» կարի ֆաբրիկայում՝ որպես էլեկտրիկ: 2004թ. ֆաբրիկան լուծարվել է, ինչի արդյունքում աշխատավարձերի մեկ տարվա` 2002-2003թթ. պարտք է կուտակվել: «Հետո աշխատողների ցուցակները կազմեցին, որպեսզի պարտքերը մարեն դատական կարգով: Ամուսինս ցուցակում թվով

3-րդն էր: Գործարանը 1 տարվա համար իրեն պիտի վճարեր 206.800 դրամ»,- ասում է Ա. Վարդանյանը, ում ամուսինն այդ ընթացքում կաթված է ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Գործարանի լուծարումից հետո, բնականաբար, Տնտեսական դատարանի որոշմամբ՝ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը (ԴԱՀԿ) գույքի բռնագանձման գործողություններ է կատարել: Գույքն աճուրդի է հանվել: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի կողմից 26.01.04թ. տրված թիվ 2-868 կատարողական թերթի համաձայն՝ պետք է ֆաբրիկայից հօգուտ Մ. Մարգարյանի բռնագանձվեր չվճարված աշխատավարձը: Ընդ որում, նշված կատարողական թերթի պահանջի կատարման նպատակով ԴԱՀԿ բաժնի կողմից 12.02.04թ. հարուցվել է կատարողական վարույթ: Ա. Վարդանյանը վստահեցնում է, որ գործարանը մեկ տարվա աշխատավարձի պարտք է կուտակել բոլոր աշխատողների նկատմամբ, այսինքն` այդ ցուցակը շատ մեծ է եղել. «Տղաս մասնագիտությամբ պատմաբան էր: Նրան տարել էին ԼՂ զինվորական ծառայության: Հիվանդացավ, հետո պարզեցինք, որ գլխի հարվածներից է վատացել: Երբ վերադարձավ, ահավոր գլխացավեր ու ծանր դեպրեսիա ուներ: Մի խոսքով` ամուսինս հիվանդանոցում, տղայիս վիճակը շատ վատգ սոսկալի ժամանակներ էին, ու էդ գումարի հետ մեծ հույսեր էի կապում, որովհետեւ երկուսի կյանքն էլ փողից ու բժիշկներից էր կախված»: Մինչ Ա. Վարդանյանը հիվանդանոցում հաշմանդամ ամուսնուն է խնամել` Տնտեսական դատարանը, հանձին ԴԱՀԿ աշխատողների, պարտքերը մարելու գործողություններ է սկսել: «Բոլորի պարտքերը տվել էին, բացի ամուսնուս աշխատավարձերից եւ էլի մի կնոջից: Ամբողջ էդ հսկայական ցուցակը չեղյալ էր ճանաչվել, բոլորի փողերը տվել էին: Երբ որպես ամուսնուս կողմից լիազորված անձ դիմեցի, ասացին՝ դուք չեք դիմել, դրա համար էլ ձեր պարտքը չենք մարել: Բացատրեցի, որ ամուսնուս ինսուլտ է խփել, եւ էդ ընթացքում իրեն եմ հիվանդանոցում խնամել: Էլ չեմ ասում՝ երիտասարդ որդուս ծանր վիճակն էլ մյուս կողմից»,- ասում է Ա. Վարդանյանը, ով արդեն 6 տարի շարունակ պայքարում է, որ այդ գումարն իրեն վերադարձնեն: ԱՆ ԴԱՀԿ այն ժամանակվա պետը հրաժարվել է Մ. Մարգարյանի աշխատավարձի գումարը հետագայում մարել (այն դեպքում, երբ դեռ աճուրդի հանված գույք է եղել)` պատճառաբանությամբ, թե նրանք ժամանակին չեն ներկայացել. «Փողերը բաժանել է ԴԱՀԿ-ն, եւ ես վստահ եմ, որ գումարը նրանք յուրացրել են: Բոլորի փողերը տվել են՝ բացի 2 հոգուց, որոնց գումարները դրել են իրենց գրպանը: Գոյություն ունեն արխիվներ, եւ կարող են հանել ու ստուգել, թե ամուսնուս անվան դիմաց ի՞նչ է գրված: Գործարանում ամուսնուս տվյալները բնականաբար եղել են, հասցեն, հեռախոսահամարը, այսինքն` նրանք պարտավոր էին տեղեկացնել, որ պարտքերն արդեն մարում են, եւ անհրաժեշտ է ներկայանալ, բայցգ»: Ա. Վարդանյանն ասում է, որ այդ ընթացքում կորցրել է նաեւ երիտասարդ որդուն, որի հիվանդությունը բժիշկներն ախտորոշել են ծանր դեպրեսիա: «Ես էդպես էլ չկարողացա որդուս նորմալ բուժզննման հոգսերը հոգալ, նորմալ մասնագետի մոտ տանել: Մի կողմից՝ ծանր հիվանդ ամուսինս, մյուս կողմից` որդուս վիճակը, իսկ մենք էդ գումարի հետ կապված մեծ հույսեր էինք կապում: Ախր էս ի՞նչ երկրում ենք ապրում, որ մեր աշխատած փողերը չենք կարողանում ստանալ: Մենք ժամանակին ահագին մեծ գումարներ էլ կորցրել ենք «Հայխնայբանկում»: Ամեն տեղից շորթում են քրտինքով աշխատած մարդու գումարները»: Այժմ Ա. Վարդանյանը եւ նրա ամուսինը թոշակառուներ են եւ գտնվում են սոցիալապես ծանր վիճակում: Ա. Վարդանյանը շարունակում է պայքարել. «Ամուսինս դեղերով ապրող մարդ է, շատ ծանր վիճակում ենք: Ես ուրիշի փող, չաշխատած գումարներ չեմ ուզում, այլ` նրա աշխատած փողերը»: 2010թ. ապրիլին Մ. Մարգարյանը ֆաբրիկայից իր հասանելիք աշխատավարձի պարտքը մարել պարտավորեցնելու հայցով դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ, սակայն, հայցը մերժվել է: Մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանը Մ. Մարգարյանի դիմումը չի քննարկել հետեւյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ բողոքը պետք է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին տրվի 1 տարվա ընթացքում այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտման մասին: Մինչդեռ, ըստ դիմումատուի ներկայացրած տեղեկությունների, ՀՀ ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողի 25.02.2004թ. որոշման մասին ինքն իմացել է 2004թ.»: Ա. Վարդանյանն, այնուամենայնիվ, դիմումներ է ուղարկել ՀՀ նախագահին, վարչապետին եւ ՀՀ նախագահին` խնդրելով օրենքով սահմանված կարգով լուծում տալ այս խնդրին: