Տարբեր կտրվածքներ

09/10/2005

Արտաշես Թումանյանի` կուսակցություն ստեղծելու ցանկությունը ՀՀԿ նախագահ,
վարչապետ Անդրանիկ Մարգարյանին այնքան էլ չի մտահոգում: Ավելին, նա գտնում
է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է օգտվի Սահմանադրությամբ իրեն
տրված իրավունքից ու իր դիրքորոշումներն արտահայտելու համար ազատորեն
ստեղծի եւ՛ հասարակական, եւ՛ քաղաքական կուսակցություններ: «Այս կտրվածքով
ժողովրդավարության զարգացում եմ ես տեսնում»,- հայտարարեց Ա. Մարգարյանը:
Իսկ քաղաքական մրցակցի «կտրվածքով»` Ա. Մարգարյանը հակառակորդ է տեսնում
բոլոր կուսակցություններին, որոնք կարող են առաջիկա ընտրություններում
իշխանության մեջ լուրջ դիրքեր զբաղեցնելու հավակնություններ ունենալ:
«Յուրաքանչյուր կուսակցություն էլ մրցակից է, մանավանդ` ԱԺ
ընտրություններում, եւ ՀՀԿ-ի համար ընտրությունների ժամանակ միեւնույն է`
15-ը կլինե՞ն, 25-ը՞, թե՞ 45-ը: Մենք մեր խնդիրները պետք է դնենք ու
լուծենք, ոչ թե մտածենք արհեստականորեն քչացնել այն կուսակցությունների
թիվը, որոնք մտնելու են ընտրապայքարի մեջ»,- նշեց նա: Ինչ վերաբերում է
ՀՀԿ հավակնություններին, ապա Ա. Մարգարյանը վստահեցրեց, որ իրենք
աշխատելու են «գոնե պահպանել ունեցած դիրքերը»: «Իսկ նախագահական
հավակնություններ չունի՞ ՀՀԿ-ն» հարցին, Ա. Մարգարյանը պատասխանեց. «2007
թվականից հետո միայն»: