Բուժիչ նամակներ

04/09/2010

Մանանեխ (գորչիցա)

Մանանեխը հնագույն ժամանակներից է մարդկությանը հայտնի դարձել: Պարսկական Դարեհ 1-ին թագավորը մ.թ.ա. 333թ. կոչնագիր ուղարկեց Ալեքսանդր Մակեդոնացուն` քնջութի (կունժուտ) պարկերի տեսքով, որով խորհրդանշում էր իր զորքերի մեծաքանակությունը: Ի պատասխան՝ Մակեդոնացին մի փոքրիկ պարկով մանանեխի սերմեր ուղարկեց` հասկացնելով, որ թեեւ իր զորքը գլխաքանակով փոքր է, սակայն իր զինվորներն ավելի եռուն, մարտական ու ուժեղ են: Իսկապես, այս բույսը շատ կծու եւ «դաժան» է:

Մանանեխի մի քանի տեսակներ են հայտնի: Դեռեւս Հիպոկրատի ժամանակներից բժիշկները նկատել են, որ մանանեխն օգտակար է աղիների աշխատանքի եւ միզարտադրության համար: Մանանեխը մեղրի հետ օգտագործվել է կրծքավանդակային հիվանդությունների դեպքում, որպես խորխահան միջոց, քրոնիկ հազի դեմ, ինչպես նաեւ՝ տարբեր կենդանիների կծոցների եւ թունավոր սնկերի թունավորումների դեմ: Նաեւ օգտագործվել է թոքային արյունահոսությունների, էպիլեպսիայի, տենդի (լիխարադկա), քրոնիկ նշկաբորբի (տոնզիլիտ) եւ թոքամիզի բորբոքման (պլեւրիտ) դեպքերում: Միեւնույն ժամանակ հնագույն ժամանակների բժիշկները զգուշացնում էին, որ մեծ քանակությամբ մանանեխի օգտագործումը կծվության պատճառով կարող է վնասել ստամոքսին:

Գիտնականները պարզել են, որ մանանեխը պարունակում է կարոտին, վիտամիններ B1, B2, PP, մեծ քանակությամբ վիտամին C: Դրա շնորհիվ մանանեխը օգտագործում են կոլիտների, բրոնխիտի, թոքերի բորբոքման, սրտանոթային համակարգի աշխատանքի խթանման եւ այլ հիվանդությունների բուժման մեջ: Ախորժակի բարձրացման համար եւս հատկապես մսային, ձկնային ճաշատեսակների մեջ այն օգտագործվում է որպես համեմունք կամ սոուս: Մանանեխի բույսը հարուստ է միկրոէլեմենտներով, վիտամիններով եւ միներալ աղերով: Այն նաեւ կալցիումի աղեր, ֆոսֆոր եւ երկաթ է պարունակում: Մանանեխի առաջնային հատկություններից են հակասեպտիկ եւ հակաբորբոքային հատկանիշները: Այնպես որ, մրսածություն զգալու առաջին իսկ պահին մանանեխ օգտագործեք: Մրսածությամբ հիվանդությունների համար (հիվանդության առաջին ժամերի ընթացքում) օգտակար է մանանեխի փոշիով 10 րոպեանոց տաք լոգանքը:

Առհասարակ շատ օգտակար են մանանեխով լոգանքները: 200 գրամ մանանեխի փոշին խառնել 1 լիտր տաք ջրի մեջ, ապա լցնել 35-360C ջերմաստիճանի տաք ջրի մեջ, ջրում մնալ 5-6 րոպե: Լոգանքն ընդունելուց հետո պետք է ցայվել եւ տաք խալաթ հագնել: Այս լոգանքը ակտիվացնում է արյան շրջանառությունը, մարմինը շնչում է: Մանանեխը հաճախ են օգտագործում կոսմետոլոգիայում: Մանանեխի փոշին լցնել փոքրիկ տարայի մեջ, եռջուր ավելացնել, լավ խառնել, որպեսզի թանձր զանգված ստացվի, եւ քսել մաշկի պիգմենտացիաներ ունեցող հատվածներին: Սուր այրոց զգալուն պես` մանանեխը լվանում եք մաշկից եւ լավ չորացնում այն: Այս պրոցեդուրան կարելի է կրկնել օրումեջ: Բուժման ամբողջ կուրսի համար կպահանջվի 10 բաժակ մանանեխի փոշի:

Մանանեխի ալյուրը հավասար քանակությամբ խառնեք մեղրի հետ` վրան ավելացնելով սպիտակ շուշանների (լիլիա) ծաղիկների ջրով պատրաստված թուրմը եւ քսեք այն պեպենների վրա: Փորկապության եւ սրտխառնոցի դեպքում օգտակար է սպիտակ մանանեխը: Մեկ քառորդ թեյի գդալ մանանեխի փոշին կամ սերմերը կուլ եք տալիս եւ վրայից տաք ջուր կամ կաթ եք խմում: Տենդը բուժելու համար 2 ճ/գ կագոր գինին, 1 քառորդ թեյի գդալ մանանեխը (սարեպտյան տեսակի) եւ մի պտղունց աղը խառնել: Խմել օրը 3 անգամ: Զկրտոցի դեպքում դանակի ծայրի չափով մանանեխի փոշին լցնել թեյի գդալի մեջ եւ բնական քացախ ավելացնել, խառնել: Թանձր զանգվածը քսել լեզվի 1/3 հատվածի վրա: Տհաճ զգացողություն է, բայց եթե դիմանաք եւ 2-3 րոպե պահելուց հետո ողողեք բերանը տաք ջրով` զկրտոցն անմիջապես կանցնի:

Մանանեխի յուղը հնում ոսկու գնի է հավասարվել: Ֆրանսիայում արքայական ընտանիքի համար է առանձնացվել, որպես «կայսերական դելիկատես»: Բանը նրանում է, որ մանանեխի յուղը ճարպը հալեցնող բոլոր միկրոէլեմենտներն է պարունակում, վիտամին A, որը նպաստում է օրգանիզմի աճին եւ դիմադրողականության բարձրացմանը: Վիտամիններ K եւ P, որոնք լավացնում են արյան անոթների էլաստիկությունը եւ անցանելիությունը: Ոչ միան վիտամին B6 է պարունակում, այլեւ նպաստում է աղիների միկրոէլեմենտների միջոցով վերարտադրմանը: E վիտամինի պարունակությունը 4-5 անգամ ավելի շատ է, քան այլ յուղերի մեջ: Մեզ հայտնի յուղերից միայն մանանեխի եւ հնդկաձավարի (գրեչկա) յուղերն են մեծ քանակությամբ կարոտին պարունակում, որն ամրացնում է օրգանիզմը: Մանանեխի յուղը հակասեպտիկ եւ հակաբակտերիալ հատկանիշների շնորհիվ անփոխարինելի է աղեստամոքսային եւ մրսածության հիվանդությունների դեպքում: Հիշեք, որ մանանեխը չի կարելի չարաշահել եւ պետք է օգտագործել փոքր քանակություններով: Մանանեխով պատրաստված դեղամիջոցները խորհուրդ չեն տրվում երիկամների բորբոքումների, թոքերի տուբերկուլյոզի` թոքախտի, գաստրիտի, ստամոքսի խոցային հիվանդությունների եւ տասներկումատնյա աղիի, նեֆրիտի դեպքում: Մեծ դոզաների դեպքում կարող է ալերգիա առաջացնել: Չի կարելի օգտագործել վնասված մաշկի, թարախային հիվանդությունների, էկզեմայի, պսորիազի եւ արյան լայնացած անոթների դեպքում: Այն կարող է ուժեղ այրոց առաջացնել մաշկի վրա:

Ի դեպ, սովորական ամառային սալաթը կարող եք համեմել մանանեխով պատրաստված սուսով: Լոլիկը, սոխը, վարունգը, խառը կանաչին եւ հազարը (մարոլ) (հազարը` մեծ կտորներով) կտրատել ամանի մեջ եւ աղ ավելացնել: Փոքրիկ բաժակի մեջ միմյանց խառնել բուսական յուղը (ձիթապտղի, արեւածաղկի, եւն), վրան ավելացնել փոքր-ինչ սոյայի սոուս (կամ պարզապես փոքր-ինչ խնձորի քացախ), եւ կես թեյի գդալ մանանեխը (փոշին կամ պատրաստի վիճակում): Խառնել ստացված սոուսը եւ լցնել բանջարեղենի վրա: Շատ համեղ է եւ առողջարար: