Պահանջներ են ներկայացնում ԵԽ ԽՎ-ին

02/09/2010

2008թ. հետընտրական իրադարձությունների զոհերի հարազատները նամակով դիմել են ԵԽ ԽՎ գլխավոր քարտուղարին եւ նախագահին` պահանջելով ստիպել ՀՀ իշխանություններին բացահայտել զոհերի մահվան հանգամանքները: ԵԽ ԽՎ գլխավոր քարտուղարին եւ նախագահին հասցեագրված նամակում «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդները, մասնավորապես, ասում են. «Այսօր լրանում է երկուսուկես տարի այն օրվանից, երբ Եվրոպայի խորհրդի անդամ Հայաստանում իշխանությունները հրամայեցին Ոստիկանությանը եւ ոստիկանական համազգեստով քրեական տարրերին՝ կրակ բացել խաղաղ ցուցարարների վրա, արդյունքում զոհվեց 10 մարդ»: ԵԽ ԽՎ աշնանային նստաշրջանին ընդառաջ, զոհերի հարազատները ԵԽ ԽՎ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից պահանջում են ստիպել ՀՀ-ին` կատարել ԵԽ ԽՎ առաջ ստանձնած պարտավորությունները, մասնավորապես` սպանությունների բացահայտման ուղղությամբ: Նամակը Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեին հանձնեց 2008թ. մարտի 1-ին «Չերյոմուխա-7» տեսակի հատուկ միջոցից սպանված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը: