«Day.az»-ին տված հարցազրույցում ռուս քաղաքագետ Ստանիսլավ Բելկովսկին պատասխանելով հարցին, թե` ինչպիսի՞ն կլինի ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Եվրոպայի դիրքորոշումը, եթե Ադրբեջանը, հոգնելով Հայաստանի կողմից բանակցությունների «իմիտացիայից», ստիպված լինի խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, ասել է, թե սկզբնական շրջանում վերոնշյալ երկրների դիրքորոշումը անորոշ է լինելու: Ըստ նրա` շատ բան կախված կլինի նրանից, թե ինչքան երկար կտեւեն ռազմական գործողությունները: «Եթե պատերազմը կարճ լինի, ապա գերտերությունները կճանաչեն այն ստատուս-քվոն, որը կգրանցվի ավարտից հետո: Եթե այդ պատերազմը ձգձգվի, ապա այն դադարեցնելու համար գերտերությունները գործի կդնեն իրենց բոլոր հնարավորութունները եւ, ինչպես առաջին դեպքում, կճանաչեն պատերազմում ստեղծված ստատուս-քվոն»: Հարցին էլ, թե` ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Ադրբեջանն իր դաշնակիցներից որի՞ վրա կարող է հույս դնել, Ստանիսլավ Բելկովսկին պատասխանել է. «Առաջարկում եմ նորից վերհիշել Կիպրոսի իրավիճակը: Արդյոք եվրոպական պետությունները Կիպրոսի դաշնակիցնե՞րն են: Իհա՛րկե: Բայց արդյոք եվրոպական երկրները Կիպրոսին իրական օգնություն առաջարկո՞ւմ են Հարավային Կիպրոսի խնդրի լուծման համար: Ո՛չ, չեն առաջարկում: Ադրբեջանին էլ իր դաշնակիցներից ոչ ոք իրական օգնություն չի ցուցաբերի: Ճիշտ այդպես էլ հարձակողական գործողությունների դեպքում դաշնակիցներ չի ունենա նաեւ Հայաստանը: Իսկ հայկական կողմի պաշտպանողական գործողությունների դեպքում, ինչպես նշեցի, գերտերությունների դիրքորոշումը կախված կլինի Լեռնային Ղարաբաղում նոր հայ-ադրբեջանական պատերազմի տեւողությունից»: