Շնորհավորել է

02/09/2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Արցախի անկախությունը հայոց նորագույն պատմության ամենավառ էջերից է եւ մեր ժողովրդի մեծագույն ձեռքբերումը։ Մենք խորն ենք գիտակցում անկախության գինը, որի համար իրենց կյանքով վճարեցին հազարավոր հայորդիներ։ Հավերժ փա՛ ռք նրանց անմահ հիշատակին։ Մեր ողջ ժողովրդի պայքարով կերտած քաղաքական ազատությունն այսօր իրողություն է։ Ավելին, Լեռնային Ղարաբաղն իր պետական կուռ կառույցով ու պաշտպանության բանակով լուրջ գործոն է տարածաշրջանում։ Արցախի ներքին կայունությունը, արցախահայության միակամ ու վճռական կեցվածքը, երկրամասի համակողմանի զարգացումը որեւէ իրատես մարդու մեջ կասկած չեն հարուցում նրա ազատ ու բարգավաճ ապագայի վերաբերյալ։ Մենք առաջ ենք շարժվում Հայաստան, Արցախ եւ Սփյուռք եռամիասնությամբ՝ մեր պատմական ընտրությանը հավատարիմ։ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը կարող է ունենալ միայն մեկ լուծում, եւ այդ լուծումը Արցախի միջազգայնորեն ճանաչված անկախությունն է։ Ինչ վերաբերում է խնդրի լուծման ռազմական ճանապարհին, ապա այդ ուղին, սիրելի՛ արցախցիներ, մենք ձեզ հետ միասին արդեն անցել ենք, եւ այդ տարբերակի արդյունքները բոլորի աչքի առաջ են։ Դուք ամեն օր, ամեն ժամ ձեր ստեղծագործ աշխատանքով ու պաշտպանության երկաթյա վահանով կրկին ու կրկին ապացուցում եք, որ սրբորեն եք պահում մեր նահատակների հիշատակն ու պատգամները։ Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս փառապանծ տոնի կապակցությամբ։ Մաղթում եմ խաղաղություն, շենություն ու նոր հաղթանակներ, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` ամրություն եւ առաջընթաց»: