– ԼՂՀ հատկապես գյուղաբնակ բնակչությունը բավականին հիասթափված ու հուսալքված վիճակում է: Թվում էր, թե անկախություն ձեռք բերած եւ պատերազմ հաղթած ժողովուրդը պետք է ավելի ոգեւորված լիներ, բայց հակառակ պատկերն է: Ինչո՞ւ այդպես եղավ:
– Նախ` կան չլուծված սոցիալական բազմաթիվ խնդիրներ, որոնք իրենց կնիքը թողնում են մարդկանց տրամադրությունների վրա: Երկրորդը` ԼՂՀ խնդրի լուծման եւ նրա ձեւերի մասին անընդհատ պտտվող լուրերը նորից բնակչության մոտ բերում են կամ պատերազմի վերսկսման, կամ էլ ազատագրված տարածքների վերադարձի մտավախություն: Ղարաբաղի ցանկացած բնակիչ` լինի դա բնատնտես գյուղացի, ֆերմեր թե քաղաքաբնակ արտադրող, անցած տարիների ընթացքում հստակ տեսել է մի կողմից՝ ազատագրված տարածքների դերը որպես տնտեսական անվտանգության բաղադրիչ, եւ մյուս կողմից՝ իրենց բնակավայրից հեռացված, որպես ռազմական գործողությունների թատերաբեմ: Անվտանգության այս երկու բաղադրիչի շուրջ պտտվող ասեկոսեները բերում են տրամադրության լուրջ անկումների: Այս մասին պետք է մտածեն թե ԼՂՀ իշխանություններն ու հասարակական կազմակերպությունները, թե ՀՀ-ում գրանցված բոլոր կուսակցությունները, որոնք ինչ-որ կերպ հանդես են գալիս ԼՂՀ խնդրի լուծման մասին: Իմ կարծիքով, ուղղակի հնարավոր չէ ԼՂՀ տնտեսությունը կառուցել առանց ազատագրված տարածքների:
– Բայց նրանց դժգոհություններն ավելի շատ սոցիալական անարդար վիճակից է: Մարդկանց հետ զրուցելիս պարզ դարձավ, որ նրանք պատերազմի եւ տարածքների վերադարձի վտանգից չեն վախենում, նրանք հուսահատված են իրենց սոցիալական ծանր վիճակից, որը պայմանավորում էին տարբեր ոլորտներում գոյություն ունեցող անարդարություններով:
– ԼՂՀ նախորդ իշխանության ժամանակ սոցիալական անարդարություններ հստակ եղել են, որի համար ժամանակ առ ժամանակ պայքարել ենք, հնչեցրել ենք:
– Նկատի ունեք Արկադի Ղուկասյանի՞ իշխանությանը:
– (Գլխի շարժումով հաստատում է.- Ա. Ա.): Փառք Աստծո, Բակո Սահակյանը կարողացել է բնակչությանը վերադարձնել ակնկալած վստահությունը: Առիթը օգտագործում եմ եւ ձեր թերթի միջոցով կոչ եմ անում Ղարաբաղի բնակչությանը՝ տեր կանգնել իրենց իրավունքներին, բարձրաձայնել բոլոր անարդարությունների մասին: Առանց անուն տալու, առանց մատնանշելու, թե ինչ խնդրի շուրջ է իր բողոքը, սպասել, որ մեկ ուրիշն իր իրավունքների պաշտպան լինի, կարծում եմ, որ վայել չէ ղարաբաղցուն:
– Դուք կարծում եք, որ այդ անարդարությունները պետք է ներքեւից վերացվեն: Չէ՞ որ դրանց հիմնական պատասխանատուները իշխանական կառույցներն են:
– Իսկ որտեղի՞ց է սկսվում վերեւի գիծը:
– Բակո Սահակյանից մինչեւ գյուղապետ:
– Բակո Սահակյանն ինչքա՞ն կարող է տեսնել: Բ.Սահակյանից մինչեւ գյուղապետ այդ ողջ ուղղահայացի մեջ հարյուրավոր չինովնիկներ կան: Ես կոչ եմ անում ԼՂՀ ցանկացած բնակչի` տե՛ր կանգնիր քո իրավունքին, բարձրաձայնիր առկա բոլոր անարդարությունները: Եթե քեզ մոտ այդ տեսակետն է ձեւավորվել, եթե դու շրջել ես գյուղերը, ես շատ ուրախ կլինեմ, որ նրանց դժգոհությունները փոխանցես համապատասխան պաշտոնյաներին: Ես վստահ եմ, որ դրանք համապատասխան լուծում կստանան: Ես կարծում եմ, որ մեծ մեղք են գործում Ղարաբաղի բնակիչները, եթե չեն բարձրաձայնում իրենց խնդիրների մասին եւ՛ ընտրությունների ժամանակ, եւ՛ հետո: Բազմաթիվ անգամ ականատես եմ եղել նման հարցերի լուծմանը:
– Շեշտեցիք ազատագրված տարածքների` որպես անվտանգության գոտու դերը: Սակայն այդ տարածքները չեն բնակեցվում: Նույնիսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտ ամսին հայտարարեց, որ տարածքները չեն բնակեցվում, եւ դրանք կարող են փոխզիջում դիտվել ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման դեպքում:
– Ես ՀՀ երեք նախագահների խոսք եմ լսել ազատագրված տարածքների վերաբերյալ: Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի` որպես ավագ ընկերների հետ նաեւ առիթ եմ ունեցել քննարկել այդ տարածքների հարցը: Ինձ համար այդ հարցը նախագահի տեսակետը չէ, որ պետք է ինձ ուղղորդի, թե ինչպիսի կարծիք հայտնեմ կամ ինչպիսի գործողություններ իրականացնեմ, որպեսզի ազատագրված տարածքները ամբողջությամբ յուրացվեն ԼՂՀ խաղաղ բնակչի կողմից: Եվ ոչ մի հանրապետության նախագահի խոսք չի խանգարել, որպեսզի առաջնագիծ կառուցվի, ինժեներական կահավորում իրականացվի: Ոչ մի բան չի խանգարել ԼՂՀ բնակչությանը, որ նա մշակի ազատագրված հողերը, ոչ մեկը չի խանգարել, որ կապիտալ ներդրում իրականացվի: Եվ ով արել է, նա հաստատ շահել է, եւ հավատացած եմ, որ նա երկար տարիներ շարունակելու է վայելել այդ արժեքները: Լսենք ՀՀ նախագահին, դա հիմք ընդունենք ու քաշվենք մեր բոստա՞նը: Դա ինձ համար ընդունելի չէ: Եվ կոչ եմ անում, որ դա ընդունելի չլինի եւ ոչ մի ղարաբաղցու համար:
– Բայց նախագահների վրա էլ շահագրգիռ գերտերությունների ճնշում կա, եւ չի բացառվում, որ դա էլ որոշիչ գործոն լինի:
– Երբ հանրապետության նախագահը վերջնականապես կոչով հանդես կգա, կդնի իր ստորագրությունը, կուղարկի վավերացման, վավերացման ձեւերից մեկն էլ ռեֆերենդումն է, երբ հասնի այդ գործընթացին, միգուցե ես սկսեմ հավատալ, որ իրականում այդ է:
– Ինչպե՞ս եք մեկնաբանում այն հանգամանքը, որ Ադրբեջանը զինվում է Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի զինտեխնիկայով:
– Չէի ցանկանա այդ հարցին պատասխանել: C-300-ի ձեռքբերումը Ադրբեջանի հակաօդային պաշտպանության խնդիրն է լուծում: Ցավալի է, որ այն իրականացվում է մեր գործընկեր երկրի միջոցով, բայց չեմ կարծում, որ դրա համար արժե աժիոտաժ բարձրացնել:
– Իսկ ի՞նչ կարծիքի եք մեր երկրում ՌԴ ռազմաբազաների տեղակայման երկարացման մասին:
– Այդ հարցի շուրջը եւս չէի ցանկանա տեսակետ արտահայտել, որովհետեւ անձնապես երբեք չեմ կարողացել հստակ տեսնել ռուսական ռազմաբազաների դերը ԼՂՀ խնդրի կարգավորման գործում, այն մարտահրավերի, որը հստակ է Հայաստանի անվտանգության համար:
– Այդ փաստը չի՞ կարող ՀՀ ինքնուրույնության սպառնալիք լինել նաեւ անկախ Ղարաբաղի հիմնախնդրից:
– Ճիշտ եք ասում, բայց այսօր ԼՂՀ խնդրի լուծումը մնում է Հայաստանի ամենամեծ մարտահրավերներից մեկը: Երկար խորհելու կարիք կա, թե ինչ օգուտներ կամ վնասներ կարող է տալ այդ ժամկետի երկարացումը: Դա ավելի շուտ ազատության աստիճանի սահմանափակում կարող է լինել:
– Չե՞ք կարծում, որ ՀՀ իշխանությունների մոտ այդպես էլ չստացվեց կոմպլեմենտար քաղաքականություն վարելը, եւ արտաքին քաղաքականության մեջ հստակ ընդգծվեց ռուսամետությունը:
– Ես չեմ կարող հստակ ձեւակերպել, թե ինչ է նշանակում կոմպլեմենտարությունը: Դա ազատության աստիճան է, ամեն երկիր ունի իր ազատության աստիճանը, եւ ամեն երկիր ինքն է որոշում, թե որն է ազատության այն աստիճանը, որով ինքն առաջնորդվում է:
– Պարոն Աղաբեկյան, երբ ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից, սկսեց քննադատել իշխանությանը: Բայց կուսակցությունում ու խմբակցությունում Դուք առանձնանում եք Ձեր հանդուրժողականությամբ: Դուք Ձեր կուսակիցների չափ քննադատելու բան չե՞ք տեսնում իշխանությունների գործելաոճի մեջ:
– Դա մի կապեք ոչ մի բանի հետ, թողնենք դա: Երբ ամեն մարդ գիտակցում է, որ իր ուսերին բեռ ունի տանելու, նա իր օրը կառուցում է դրա շրջանակներում: Եվ անձնապես երբեք դեմ չեմ եղել ոչ մի տեսակետի, որը հնչեցրել են մեր ՀՅԴ գործիչները: Միշտ էլ կողմ եմ եղել կուսակցության բոլոր տեսակետներին: Ավելին, ուզում եմ առիթն օգտագործել եւ բարձրաձայնել. եթե սպասվելիք ընտրություններին ՀՅԴ-ն մեծամասնություն չլինի, ապա թող լավ բան չսպասի մեր ժողովուրդը: