ԵԿՄ հասարակական կազմակերպությունն, արդեն մեկ տասնամյակ է, ամեն տարի այց է կազմակերպում Ղարաբաղ:
Այդ միջոցառումների ժամանակ երկրապահներն այցելում են իրենց պաշտպանած ու ազատագրած վայրերը: Մի քանի հարյուր երկրապահներ մոտ մեկ շաբաթ ճամբարում են ԼՂՀ շրջաններից մեկում, հիմնականում ՀՅԴ պատգամավոր Արթուր Աղաբեկյանի` Հադրութի շրջանում գտնվող «Նոր կյանք» ջրաշխարհի տարածքում: Ամեն անգամ նրանք պտտվում են ԼՂՀ մի քանի տասնյակ գյուղերում, հանդիպում են բնակիչների հետ, այցելում իրենց զոհված ընկերների շիրիմներին ու ընտանիքներին: ԵԿՄ-ն նաեւ որոշակի օգնություն է տրամադրում առավել կարիքավոր բնակիչներին կամ վիրավոր ազատամարտիկներին: Միջոցառումը հետաքրքիր է նաեւ այն առումով, որ այդ այցերի ժամանակ հանդիպում են նաեւ ՀՀ եւ ԼՂՀ տարբեր շրջաններում բնակվող մարտական ընկերները:
Սակայն որքան էլ հետաքրքիր ու կարեւոր լինեն նման այցերը, դրանք բացահայտում են մի շատ տխուր ու անհանգստացնող փաստ. 16 տարի առաջ պատերազմում հաղթանակ տարած զինվորները հանդիպում են իրենց պաշտպանած կամ իրենց հետ միասին այդ հաղթանակն ապահոված ղարաբաղցիների հետ: Եվ թվում էր` այդ հանդիպումը պետք է լինի նույն հաղթական տրամադրությունների մթնոլորտում: Սակայն նրանց հանդիպումը կայանում է բավականին հուսալքված մթնոլորտում: Պատերազմից հետո ազատամարտիկներից շատերը հայտնվել են լուսանցքային վիճակում, եւ զինադադարի այս տարիներին կարծես թե նրանք այլեւս պետք չեն պետությանը: Նրանցից շատերը գործազուրկ են եւ չեն կարողանում ապահովել իրենց ընտանիքի ապրուստը: Պատերազմ հաղթած ազատամարտիկներն այս տարիներին չկարողացան հաղթել պետական կառույցների համակարգված անարդարություններին: Եվ հակառակորդի դեմ մարտնչած նրանց ուժն ու ոգին անզոր գտնվեց ջարդել սեփական երկրի ներսում ուժգնացող անարդարության պատնեշը: Նույն վիճակում էլ ամեն տարի նրանք հայտնաբերում են ղարաբաղցիներին: Եվ իր պաշտպանած ժողովրդին ոգեւորելու, ուժ տալու համար Ղարաբաղ մեկնած ազատամարտիկները չեն կարողանում իրականացնել այդ նպատակը, որովհետեւ այսօր իրենք էլ դրա կարիքն ունեն Հայաստանում: Որքան էլ տխուր է, բայց պատերազմ հաղթած շարքային զինվորն ու ԼՂՀ հատկապես գյուղական բնակչությունն այսօր ոչ միայն քիչ են հիշում հաղթանակի մասին, այլեւ չափազանց շատ են կռացել սոցիալական, առօրյա կենցաղային խնդիրների ծանր լծի տակ: 70 ընտանիք ունեցած Պլետանց գյուղում պատերազմից հետո մնացել է ընդամենը 15 ընտանիք: Մի մասն արտագաղթել են Հայաստան կամ այլ երկիր, մի մասն էլ տեղափոխվել են Ստեփանակերտ կամ մարզկենտրոն Հադրութ: Հարուստ բնաշխարհ ունեցող այդ գյուղը վերանում է, որովհետեւ չունի ճանապարհ, որովհետեւ չի կարողանում հավաքած բերքն իրացնել այլ կարիքները հոգալու համար, որովհետեւ հիվանդին չի կարողանում հասցնել մարզկենտրոն, որովհետեւ այս տարի փակվել է դպրոցը, եւ այդպես շարունակ: Հադրութի վարչական կենտրոնի ղեկավար Վալերի Գրիգորյանը երկրապահների հետ այդ գյուղ այցելելիս բնակիչների դժգոհություններին «մուննաթով» էր պատասխանում: Շատ գյուղերի բնակչության գերակշիռ մասը ծերերն էին, որովհետեւ երիտասարդները լքել էին հեռանկար չխոստացող իրենց ծննդավայրերը: Եվ թվում էր` բոլոր կողմերից Ադրբեջանով շրջափակված եւ իր անկախությունն ու ազատագրած տարածքները կորցնելու վտանգի առաջ կանգնած Ղարաբաղում իշխանությունները բնակիչների համար պետք է գոնե հավասար պայմաններ ստեղծեին իրենց հողում ապրելու համար, բայց հաղթանակից 16 տարի հետո էլ կարծես ամեն կերպ նպաստում են արտագաղթն արագացնելու համար: Ավելի մեծ եւ համեմատաբար բարեկեցիկ Մեծ Թաղլար գյուղի բնակիչ Վալերի Ալթունյանի` սայլակին գամված հաշմանդամ որդուց Հադրութի հիվանդանոցից 5000 դրամ են ուզել, որ հաշմանդամության մասին տեղեկանք տան: «Ես ու կինս չենք աշխատում, թոշակի տարիքի էլ չենք: Մեր տուն մտած միակ գումարը տղայիս 18.000 դրամ թոշակն է: Ես ասում եմ` չկա, որտեղի՞ց տամ: Ինձ ասում են` բա մենք ի՞նչ անենք, մեզանից էլ վերեւից են ուզում»,- ասում է հուսահատված հայրը:
ԼՂՀ գյուղերի ճանապարհների անմխիթար լինելն ու տրանսպորտային միջոցների բացակայությունն էլ հիմնական պատճառներից է, որ գյուղացիները չեն կարողանում մշակել իրենց հողերը: Բարեբեր հողերի զգալի մասը չի մշակվում: ԼՂՀ գյուղեր այցելությունները կարելի է համեմատել էքստրեմալ տուրիզմի հետ, որովհետեւ երբեմն` հատկապես անձրեւոտ ու սառցակալած ժամանակ, այդ ճանապարհները անհաղթահարելի են դառնում եւ մահացու վտանգի առաջ են կանգնեցնում գնացողներին: Այդ պատճառով էլ շատ գյուղերում մարզկենտրոնին կապող տրանսպորտ չի աշխատում, եւ հարկ եղած դեպքում առանց այդ էլ աղքատ գյուղացիները քաղաք են հասնում իրենց հնարավորությունների համար շատ թանկ տաքսիներով:
Ղարաբաղում, ինչպես եւ Հայաստանում` խնդիրները նույնն են, պարզապես մի փոքր ավելի սրված են: Ճիշտ է, պատերազմն ու շրջափակումն իրենց ներդրումն ունեն այդ խնդիրների մեջ, բայց մարդիկ ըմբռնումով են վերաբերվում դրանց: Բայց, ինչպես ՀՀ-ում, ԼՂՀ-ում էլ դժգոհությունը մեծ է պետական կառույցների անարդարությունների, կոռուպցիայի, հովանավորչության, մենաշնորհների նկատմամբ: Եվ թվում է, թե մի անտեսանելի ձեռք այդ արատավոր խնդիրները Հայաստանից է Ղարաբաղ տարել, կամ էլ հակառակը` Ղարաբաղից է Հայաստան բերել: