Հայ մարդու համար Թուրքիայում ճանապարհորդելը դժվար է: Անկախ քաղաքական հայացքներից ու կուսակցական պատկանելությունից: Հատկապես, եթե ճանապարհորդում ես այն տարածքում, որը համարում ես պատմական հայրենիք: Արեւմտյան Հայաստանի ու Կիլիկիայի տարածքում 15-օրյա շրջագայության տպավորություններն ամփոփելը, հարկավ, ժամանակ կպահանջի: Հետեւաբար՝ այն,- ինչ այս պահին նկարագրում եմ, ավելի շատ հուզական երանգ ունի: Առաջին բանը, որ աչքի է զարնում, ամենուրեք փողփողացող պետական դրոշն է: Մեծ չափսերի դրոշն ամենուրեք է` ադմինիստրատիվ շենքերի, պատմական բերդերի, շրջակա բլուրների վրա: Հարկավ, Թուրքիան էլ Հայաստանի Հանրապետության նման ունի օրենք պետական դրոշի մասին: Օրենք, որ կարգավորում է պետական այդ խորհրդանիշի գործածումը: Կարսից մինչեւ Կիլիկիայի բերդեր՝ խամրած, կիզիչ արեւից գունաթափված ոչ մի դրոշ չտեսա: Բոլորը կարծես հենց նոր էին արդուկել ու տեղադրել: Հսկա չափսեր ունեցող դրոշներն ամենուրեք տիրականորեն ծածանվում էին: Ծածանվում էին օրվա բոլոր ժամերին (գիշերը դրանք լուսավորված էին), անկախ նրանից՝ քամի կա՞ր, թե՞ ոչ: «Ինչպե՞ս կարող է ծածանվել դրոշը, երբ շուրջը ոչ մի ծառի տերեւ անգամ չի շարժվում քամու տակ» հարցի պատասխանն անակնկալ գտա Մարաշի բերդի վրա բարձրացված դրոշի ձողն ուսումնասիրելով: Մոտ 15 մետր բարձրություն ունեցող ձողի տակ տեղադրված պոմպով օդ էր մղվում: Վերեւում` դրոշի մոտ բացված անցքերի շնորհիվ, օրվա բոլոր ժամերին ապահովվում էր դրոշի տիրական փողփողումը: Ինժեներական փոքրիկ հնարք, որ մենք գլխի չենք ընկել կիրառել նույնիսկ կառավարական շենքերի վրա տեղադրված դրոշների համար: Թե Արեւմտյան Հայաստանը, թե պատմական Կիլիկիան լեռնային տարածք են: Բնակավայրերը բլուրների վրա կամ ձորերի մեջ են: Բոլոր քաղաքների վրա իշխող բարձունքներ կան: Իսկ դրանց լանջերին ամենուրեք հսկայական տառերով նույն նախադասությունն է գրված` «Երանի նրան, ով թուրք է ծնվել»: Տպավորություն էր ստեղծվում, որ Թուրքիայի ժամանակակից իշխանությունները բնակավայրերի շրջակա բոլոր բարձունքներն օգտագործում են քարոզչական նպատակներով: Նույն Մարաշի բերդին հարակից բլուրի վրա գրված էր. «Եթե Մարաշը մեզ համար գերեզման չդառնա, չենք կարող դուշմանի ոտքն այստեղից կտրել»: Հավանաբար, ինչ-որ պետական գործչի միտք էր, որ ժամանակին կոչ էր արել կյանքը չխնայելու գնով Մարաշը դարձնել թուրքական տարածք: Տպավորիչ էին նաեւ ավտոմայրուղիները: Կիլիկիայում ու հարակից շրջաններում եվրոպական (ավելի ստույգ` գերմանական) որակի վճարովի ավտոբաններ էին ու սովորական մայրուղիներ: Հայ զբոսաշրջիկի զարմանքը կարող է հարուցել այն, որ սարերի մեջ փորված թունելները լուսավորված են ու չոր: Դրանց պատերից ջուր չի հոսում, ինչպես Պուշկինի լեռնանցքի, Դիլիջանի եւ Երեւանի Պլանի գլխի նորակառույց թունելներում: Արեւմտյան Հայաստանի տարածքում եւս ավտոմայրուղիների հսկայածավալ շինարարություն է ընթանում: Կարսը, Բիթլիսը եւ այլ քաղաքներ դեռեւս պահպանում են հայկական հետքը: Այս քաղաքների կենտրոնական հատվածներում հայկական լքված ու ավերվող թաղամասեր կան: Եկեղեցիների մի մասը խոնարհված է: Եվ դրանց կողքին զբոսաշրջիկների համար դրված ցուցանակների վրա, որպես կանոն, գրված է, որ դրանք անհայտ ծագման եկեղեցիներ են: Իսկ կանգուն մնացածները վերածվել են մզկիթի, օրինակ, Կարսի Ս. Առաքելոցը: Իրենց հետ պատմական աղերս չունեցող տարածքների հանդեպ թուրքական իշխանությունների վերաբերմունքը երկակի է: Կամ գոնե այդպիսի տպավորություն կարող է ունենալ հայ մարդը: Հունահռոմեական, բյուզանդական ծագում ունեցող կոթողներն ու բնակավայրերը ժամանակակից Թուրքիայի համար «փող աշխատելու» աղբյուր են: Դրանք խնամված են, հրապուրիչ զբոսաշրջիկների համար: Օրինակ, Ս. Պետրոսի եկեղեցին Հաթայ դարձած պատմական Անտիոքում, կամ Պողոս առաքյալի տունը Տարսուսում: Նման վերաբերմունքի չեն արժանանում հայոց պատմության հետ աղերս ունեցող բնակավայրերն ու բերդաքաղաքները: Օրինակ. Հռոմկլան, Կոռնիկոսը, Անարզաբանը: Նույն Տարսուսում խոնարհված հայկական եկեղեցու ցուցանակը պնդում էր, որ այն անհայտ դավանանքի եկեղեցի է: Գեղատեսիլ վայրում կառուցված, հունահռոմեական ու հայկական անցյալ ունեցող Հռոմկլա բերդաքաղաքում ընդամենը մեկ ցուցանակ կար` քաղաքի ջրհորի նկարագրությամբ: Օտար զբոսաշրջիկն այդպես էլ չի իմանա, որ այն Հայոց կաթողիկոսանիստ բերդաքաղաքներից է: Քաղաք, ուր ապրել է մեր շարականագիր հայրապետը` Ներսես Շնորհալին: Քաղաք, որ հայ մանրանկարչության երեւելի կենտրոն է: Տասնամյակներ շարունակ Թուրքիայի հարավային հարեւանները բողոքում են, որ այս երկիրը խախտելով միջազգային օրենսդրությունը՝ մինչեւ վերջին կաթիլն օգտագործում է Թուրքիայից դուրս հոսող գետերի ջուրը: Իսկապես ջրառատ Տիգրիսն ու Եփրատը սահմանի մոտ սակավաջուր են դառնում: Թուրքիայում գյուղատնտեսական հողերը բծախնդրորեն ու մանրամասն մշակված են: Ճանապարհների շուրջ ձգվող այգիներն ու դաշտերը, խորհրդային լրագրության բառապաշարով ասած, «աչք են շոյում»: Պատկերացումը, թե թուրքերն ու այսօր Արեւմտյան Հայաստանի տարածքում ապրող հիմնական էթնոսը` քրդերը, փնթի ժողովուրդ են, սխալ է: Վանը, Դիարբեքիրը, Ադանան, պատմական Ուռհայը ժամակակից ու շատ մաքուր քաղաքներ են: Այս քաղաքներում հանդիպող բոլոր բետոնախառնիչ մեքենաների վրա ցեմենտի կամ ավազի հետք անգամ չկա: Դրանք բոլորը մաքուր ու գունագեղ են: Բենզին ու դիզելային վառելիք տեղափոխող մեքենաներն իրենց տեսքով թարմություն են «բուրում»: Բոլորի վրա անանուխի տերեւներ են նկարված: Սպիտակ ու կանաչ ներկված մեքենաների վրա յուղի կամ բենզինի բիծ չկա: Վանա լիճ այցելած հայ մարդը մի շատ տարօրինակ փաստ կարձանագրի` լողափներն անվճար են: Անգամ այն հատվածները, ուր զգեստափոխման խցիկներ ու ցնցուղներ են տեղադրված: Պատմական ու իրական հայրենիքների համեմատությունն այսօր լրացուցիչ մտահոգություններ ու հարցեր կարող են ծնել: Հարցեր, որ պատմությանը չեն ուղղված, այլ` ներկային: Բայց, կրկնում եմ, սրանք ընդամենը առաջին եւ խիստ հուզական տպավորություններն են: