Եթե այս տարվա 7 ամիսներին հանրապետությունում գրանցված բավականին բարձր` 7,4 տոկոսանոց գնաճը սպառողների համար խիստ մտահոգիչ է, ապա պաշտոնյաներից ոմանք դա նույնիսկ դրական են համարում:
ԱԺ պատգամավոր, անկուսակցական Լյովա Խաչատրյանը նախ խորհուրդ է տալիս օգտագործել ոչ թե գնաճ, այլ` իրատեսական գին արտահայտությունը` ասելով, թե գյուղմթերքների գնի բարձրացումը գյուղացու համար հազիվ «ոտքի կանգնելու» հնարավորություն է ստեղծել: «Եթե գյուղմթերքների գները մի փոքր իրատեսական են դարձել, եւ դա համարվում է գնաճ, ես զարմանում եմ: Ես նման համարձակություն չէի ունենա այդպես անվանելու: Ես միշտ էլ նշել եմ, որ այս գներից ցածրը պարզապես ոչնչացնող է գյուղացու համար: Նախկինում կարտոֆիլի գինը սկսում էր 30 դրամից, անձամբ ես գնացել, խնդրել եմ ֆերմերներին, որ գոնե 30 դրամով կարտոֆիլը որպես խոզի կեր ընդունեն: Իսկ հիմա, երբ այն դարձել է 200 եւ ավելի, դա գյուղացու համար փրկություն է»,- մեզ հետ զրույցում ասաց Լ. Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է սպառողներին, որոնցից շատերի եկամուտները չեն բավարարում 300 դրամով կարտոֆիլ, կամ, ասենք, լոլիկ ու վարունգ գնելու համար, ապա Լ. Խաչատրյանն ասաց. «Իհարկե, դա սպառողի համար մեծ բեռ է, բայց պետք է գիտակցենք, որ ամեն ապրանք պետք է իրեն համապատասխանող գինն ունենա: Մինչ այժմ թե՛ հացահատիկը, թե՛ կարտոֆիլը եւ թե՛ անասունի միսն ու կաթնամթերքը վաճառվել են ինքնարժեքից ցածր: Մենք առաջ դրանից էինք բողոքում, հիմա էլ որ թանկացել է` դրանի՞ց բողոքենք: Միգուցե խնդրին պետք է նայել այլ տեսանկյունից»: Լ. Խաչատրյանը կարծում է, որ գյուղացին այսօր հայտնվել է շատ ծանր վիճակում հենց այն պատճառով, որ տարիներ շարունակ իր մշակած բերքից ոչ մի կոպեկ եկամուտ չի ստացել: «Անցյալ տարի կարտոֆիլը գյուղացուց գնում էին հազիվ 30 դրամով, պարզ չէ՞, որ այս տարի կարտոֆիլ մշակողների թիվը պետք է նվազեր: Ինչքա՞ն կարող էր գյուղացին վարկ վերցնել ու վնասով հացահատիկ ու կարտոֆիլ ցանել: Այսօր հայ գյուղացու վիճակը դարձել է անտանելի, հենց այն պատճառով, որ մենք տարիներ շարունակ չենք կարողացել կարգավորել գինն ու շուկան, որպեսզի գյուղացին իմանա` որից քիչ ցանի, որից` շատ, կամ ինչ է պետք ներմուծել, իսկ ինչ պետք է արտադրել տեղում: Հազիվ առաջին տարին է, որ գները մի փոքր նորմալ են, այն էլ` գյուղացին չկարողացավ էլի նորմալ օգտվել այդ բարձրացված գնից, որովհետեւ շատ քիչ ցանեց ու շատ ցածր բերք ստացավ»: Լ. Խաչատրյանը վստահ է, որ եթե գյուղմթերքների գործող գները մշտապես պահպանվեն այս մակարդակի վրա, ապա գյուղացին անպայման ոտքի կկանգնի. «Տարիներ շարունակ մարդիկ չէին ուզում զբաղվել հողագործությամբ, որովհետեւ իրենց կատարած աշխատանքից օգուտ չէին ստանում: Ինքնարժեքից ցածր վաճառելով բերքը, գյուղացին կորցնում է ամեն ինչ` անգամ տուն ու տեղը: Իսկ հիմա հացահատիկի, կարտոֆիլի, կաղամբի գները շահագրգռող են, որպեսզի գյուղացին վերադառնա հողին»:
Ինչ վերաբերում է հիմնականում դրսից ներմուծված ապրանքների` կարագի, ձեթի, ձավարեղենի, շաքարավազի զգալի գնաճին, ապա պատգամավորն ասաց. «Պետք է մոնիտորինգ արվի ներմուծվող գնի հետ կապված, որպեսզի պարզենք, թե ինչ գնով է գնվում դրսում, ինչ գնով է ներմուծվում եւ վաճառվում: Եթե դրսում արժի մի մանեթ, բայց բերել են էստեղ երկուսով են ծախսում, սա այլ խնդիր է, իսկ եթե մինիմալ մարժա է դրված` սա արդեն այլ բան է: Էս հարցի մյուս կողմն էլ կա. եթե անգամ դրսից առել են 1 դրամով ու ծախում են 1000 դրամ, բայց համապատասխան հարկ են վճարում, սա էլ արդեն վատ չի: Մոնիտորինգը չկա, որ պարզվի` ի՞նչ են անում, ավել են ծախում դնում են ջեբնե՞րը, թե՞ ավել են ծախում, բայց բարձր հարկ են տալիս»: Թեեւ մոնիտորինգ չի արվել` պարզելու համար, թե ներկրողն իրականում այդ ապրանքը ինչ գնով է գնել, ինչքան մաքսավճար ու հարկ է վճարելը, բայց պատգամավորը վստահ է, որ այդ դաշտում ամեն ինչ չէ, որ մաքուր է. «Իրենց ապրանքը միջին օղակներին բաժանելով՝ բերում-կորցնում են հետքերը, ասում են` կապ չունի, թե բիրժայում էդ ապրանքն ինչ արժի, ես Պողոսից առել եմ էսինչ գնով: Ես, օրինակ, դեմ չեմ լինի, եթե 1 ռուբլով առնեն՝ 10 ռուբլով ծախեն, բայց 9 ռուբլու դիմաց հարկ վճարեն: Այդ հարկն էլ կգնա սոցիալական հարցերի լուծմանը: Սա էլ տնտեսական քաղաքականության գիծ է, թե որն է ճիշտը` կառավարության որոշելու խնդիրն է: Բայց մեր բնակչությունը նորմալ թոշակ ու նպաստ չի ստանա այնքան ժամանակ, քանի դեռ ներկրողը, ասենք, ոսպը բերում է 300 դրամով, վաճառում է 700 դրամով, բայց ոչ շահույթ է ցույց տալիս, ոչ էլ հարկ է մուծում»: Մեր այն հարցին, թե որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, բարձրացրե՞լ է արդյոք այդ խնդիրները խորհրդարանում, Լ.Խաչատրյանը պատասխանեց. «Հա, իհարկե, էսօր ինչ-որ տեղ էլ որ հացահատիկի, կարտոֆիլի գինը բարձրացավ, դա միգուցե նաեւ իմ աշխատանքի արդյունքն է, որ կարողացա մի բան բարձրաձայնել: Ամեն մեկս պիտի ինչ-որ աշխատանք անենք, չէ՞: Ավելի լավ ա՝ մի բան անենք, քան թե նստենք ու ասենք` էսինչը մոնոպոլ դաշտում ա, էնինչը մոնոպոլ դաշտում չի»:
ԱԺ Ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վարդան Բոստանջյանից էլ հարցրեցինք, թե արդյո՞ք գնաճային ճնշումները երկրում տարվող ոչ ճիշտ դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականության արդյունք են: «Իհարկե, դրանք ունեն ընդգծված եւ կարեւորագույն ազդեցություն գների փոփոխության սցենարի վրա, բայց սա պայմանավորված չէ միայն այդ երկու հանգամանքով,- ասաց Վ. Բոստանջյանն ու մանրամասնեց,- Կան նաեւ արտաքին գործոններ, ինչպես նաեւ՝ տվյալ երկրում կառավարման համակարգի սկզբունքներ ու մոտեցումներ: Այսինքն, այստեղ կա նաեւ միջազգային շուկաներում գների փոփոխության հարցը, որի հետ կապված` Հայաստանը կարող է ունենալ որոշակի շոկեր եւ ռիսկեր` պայմանավորված նրանով, որ մեր երկրում, ըստ էության, բացակայում են ստրատեգիական բնույթի ռեսուրսները: Ինչ վերաբերում է մրցակցության ինստիտուտին, այն ակնհայտորեն դրված չէ ամենաբարձր մակարդակի վրա, ինչի հետեւանքով էլ նորից կարող է լինել գների կտրուկ փոփոխություն»: Վ. Բոստանջյանը կարծում է, որ հատկապես մեր նման փոքր ֆինանսական ռեսուրսներ ունեցող երկրի համար նման սցենարները միշտ հղի են բացասական հետեւանքներով: Նա գնաճին դիմակայելու իր դեղատոմսն է առաջարկում. «Դրանց մաքսիմալ բացառման կամ դրանց դիմակայելու համար պետությունը պետք է դիմի քայլերի, որոնք մեր երկրում չեն իրականացվում: Այլապես կարող ենք ունենալ հասարակության համար ոչ ցանկալի գների փոփոխություններ, բնականաբար, աճման ուղղությամբ: Դրա դրսեւորումներից մեկը ՀՀ-ում արձանագրված հացահատիկի գնաճն է, որն ունի նաեւ սուբյեկտիվ գործոն: Ցանկացած տնտեսվարող սուբյեկտ, իր հետագա գործունեությունը շարունակելու համար, կարող է բոլոր այն ռեսուրսների համար, որոնք իր գործունեության հիմնական ատրիբուտներ են կազմում, սահմանել նոր, ավելի բարձր գին, ինչն էլ տեղի ունեցավ Հայաստանում: Սակայն պետությունն իր լծակներով պետք է կարողանա այդպիսի գների փոփոխությունը կարգավորել, իսկ եթե որեւէ առարկայական մասնակցություն չի ունենում, ապա մենք ի զորու չենք տնտեսվարողին մեղադրելու իր կատարած քայլերի մեջ, հատկապես այն դեպքում, երբ նրանցից ոմանք ունեն ոչ թե իրավական, այլ անձնական արտոնություններ»:
Ըստ ԲՀԿ-ական պատգամավոր Վ. Բոստանջյանի, եթե պետությունը շարունակի չմիջամտել, ապա շատերը կհայտնվեն այնպիսի իրավիճակում, երբ չեն կարողանա բավարարել իրենց կենսական ու առաջնահերթ կարիքները: Տարեսկզբից սկսած` Հայաստանում գնաճի տեմպը պահպանվում է եւ նախորդ ամիսների համեմատությամբ` շարունակաբար աճում: Արդյո՞ք դա նշանակում է, որ Հայաստանը չունի բավարար լծակներ, հատկապես վերլուծական կարողություններ կամ կանխատեսելու ունակ մասնագետներ, որպեսզի կարողանանք զսպել գնաճն ու այն պահել ոչ ռիսկային սահմանագծում: Ի պատասխան մեր այս դիտարկմանը` նա ասաց. «Այո, չկան, մասնավորապես ու հատկապես ձեր նշածները չկան: Դուք արդեն այդ շարանը տարաք: Եթե ես չեմ կարող զսպել, եթե չեմ տիրապետում այդ մասնագիտությանը՝ ո՞նց զսպեմ: Ես չեմ ուզում շատ խորանալ, բայց մարդիկ են գտնվում ինչ-որ կառավարման ղեկերի մոտ, որոնք, ի սեր Աստծո, իրավունք չունեն այդտեղ գտնվելու»: