Երգիչ Մասիս Ավեդիսն ու նրա սիրուհին փախած են

02/09/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մենք արդեն անդրադարձել ենք Հայաստանի անշարժ գույքի շուկայում տիրող իրավիճակին. դա այն ոլորտն է, որտեղ ամեն քայլափոխի կարելի է հանդիպել հերթական «քցված» շարքային քաղաքացուն: «Քցվածության» աստիճանն ավելի բարձր է լինում, երբ պետական կառույցներում ծանոթ-բարեկամի կամ կլորիկ գումարի միջոցով կարողանում ես փաստաթղթային կեղծ շրջանառություն ապահովել:

Պատահական չէ, որ քննչական մարմիններում այսօր տրցակներով քրեական գործեր կան, որոնք վերաբերում են անշարժ գույքի առուվաճառքի հետ կապված խարդախության դեպքերին: Այլ հարց է, թե իրավապահ մարմիններն ինչու են այդ գործերը «քնեցնում», եւ ինչո՞ւ է այդ գործերի բացահայտումը տարիներ շարունակ մնում չբացահայտված: Վերջերս մեր խմբագրությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում, մասնավորապես՝ ավտոմեքենաների առուվաճառքի գործընթացից առաջացած խաբեությունների բողոքով: Պարզվում է՝ Հայաստանում գործում են հանցավոր խմբեր, որոնք մշտապես հետեւելով թերթերում կամ ինտերնետային կայքէջերում զետեղված հայտարարություններին` գտնում են հասցեատիրոջը, ապա «տիրանում» վաճառքի հանած նրա անշարժ գույքին: Այդ խմբի թակարդն են ընկել նաեւ բազմաթիվ այն քաղաքացիները, ովքեր բացի անշարժ գույքից` հայտարարությունների միջոցով փորձել են վաճառել իրենց համակարգիչները (հատկապես` notebook): Երգչուհի Նանայի երկրպագուները հավանաբար կճանաչեն Մասիս Պետրոսյան (Ավեդիս) անունով երգչին, քանի որ վերջինս իր երգերով հանդես է եկել Նանայի հետ: Պարզվում է` նա խարդախության ճանապարհով մարդկանց ունեցվածքին տիրանալու ժամանակ, վստահություն ներշնչելու նպատակով, բազմիցս շահարկել է Նանայի հետ երգելու հանգամանքը: Ինչեւէ, Մասիս Պետրոսյանի նկատմամբ շուտով հետախուզում կհայտարարվի, քանի որ նա մեր քաղաքացիներից շատերի ունեցվածքին տիրացել է խարդախության ճանապարհով: Ընդ որում, այդ գործողություններն արել է ոմն Աննա Թադեւոսյանի հետ, ով, ինչպես նրանցից տուժողներն են վստահեցնում` «Մ. Պետրոսյանի սիրուհին է»:

Խարդախության զոհերը

2010թ. մայիս ամսին Նարինե Մարտիրոսյանը (անուն-ազգանունը փոփոխված է, քանի որ նրա անվտանգության հետ կապված որոշակի մտավախություններ կան) «List.am» ինտերնետային կայքի միջոցով «Մերսեդես-բենց ML-320» մակնիշի ավտոմեքենան վաճառելու մասին հայտարարություն է զետեղել: Որոշ ժամանակ անց Ն. Մարտիրոսյանին է զանգահարել երգիչ Մ. Պետրոսյանը եւ ավտոմեքենան տեսնելու ցանկություն է հայտնել: «Իմ ավտոմեքենան ժամանակավորապես կայանել էի «Փեթակ» տոնավաճառի ավտոկայանատեղում: Մ. Պետրոսյանն ավտոմեքենան տեսնելուց հետո ցանկություն հայտնեց գնելու այն»,- պատմում է Ն. Մարտիրոսյանն` ասելով, որ մեքենայի գին է սահմանել 5 մլն 200.000 դրամը: Հաջորդ հանդիպման ժամանակ Մ. Պետրոսյանը Ն. Մարտիրոսյանին ասել է, որ մեքենան գնում է իր ընկերուհու` Աննա Թադեւոսյանի համար: Այնուհետեւ Ն. Մարտիրոսյանը եւ Ա. Թադեւոսյանը մայիսի 2-ին գնացել են Երեւան քաղաքի Մաշտոցի փողոցում գտնվող նոտարական գրասենյակ. «Մ. Պետրոսյանը նոտարական գրասենյակ մտնելուց առաջ կրկին ասաց, որ մեքենան գնում է ընկերուհու` Ա. Թադեւոսյանի համար: Մի խոսքով` առուվաճառքի պայմանագիրը վավերացնելուց հետո մենք գնացինք Բաղրամյան փողոցի նոտարական գրասենյակ` փոխառության պայմանագիրը վավերացնելու համար, որտեղ էլ ավարտվեց մեր գործարքը: Նրանք ինձ 1000 դոլար կանխավճար տվեցին` խոստանալով մնացած գումարը 3 օրվա ընթացքում վճարել»: Հասկանալով, որ առուվաճառքի պայմանագրից հետո գումարի փոխանցումը ձգձգում են, Ն. Մարտիրոսյանը զանգահարել է Ա. Թադեւոսյանին` խնդրելով մինչեւ գումարի մյուս մասի վճարումը որպես երաշխիք իրեն տրամադրել մեքենայի տեխ. անձնագիրը կամ բանալիները. «Նրանք պետք է մեքենան գրավ դնեին: Ա. Թադեւոսյանն ասաց, որ գործարքը կատարվելու է «Հայբիզնես բանկի» միջոցով, որտեղ ինքը ծանոթներ ունի, եւ անօրինական փաստաթղթերով մի բան կանի: Ո՛չ անձնագիրը, ո՛չ բանալիները, ո՛չ էլ փողը տվեց»: Ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագրից երեք օր անց Ա. Թադեւոսյանը եւ Մասիս Պետրոսյանն անհետացել են: Նրանց հեռախոսահամարներն այլեւս չեն գործում, իսկ Ա. Թադեւոսյանի անձնագրի կրկնօրինակում, որը գտնվում է տուժողի մոտ, արձանագրված է մի հասցե, որը մեր հանրապետությունում գոյություն չունի:

Գրեթե նույն պատմությունը տեղի է ունեցել ՀՀ քաղաքացի Էդգար Մանասերյանի հետ: 2010թ. մայիս ամսին նա իր «Mazda-6» մակնիշի ավտոմեքենան Նուբարաշենի ավտոշուկայում դրել է վաճառքի, որի գինը սահմանել է 4 մլն 680.000 դրամ: Ա. Թադեւոսյանը եւ Մ. Պետրոսյանը հավանել են մեքենան եւ ցանկություն են հայտնել գնել այն: «Առուվաճառքի գործարքը վավերացվեց Էրեբունի համայնքի նոտարական գրասենյակում Մ. Պետրոսյանի անունով: Քանի որ տվյալ պահին իրենք կանխիկ գումարը չունեին՝ փոխառության պայմանագիր կնքեցինք: Նրանք ինձ ընդամենը 900 դոլար կանխավճար տվեցին` խոստանալով առաջիկա օրերի ընթացքում իսկույն վճարել մեքենայի ողջ գումարը, բայց… անհետացան»,- ասում է Է. Մանասերյանը: Ինչեւէ, տուժողների շահերի ներկայացուցիչ, իրավաբան Արմեն Հայրապետյանը, տեւական ժամանակ է, զբաղվում է այս գործերով, փորձում ուսումնասիրել փաստաթղթերում առկա կեղծիքները եւ իրավապահ մարմիններին դիմելով՝ ահազանգում է հանցավոր խմբի գործողություններից տուժած բազմաթիվ քաղաքացիների բողոքներին արձագանքելու պահանջով: Ա. Հայրապետյանի որոնողական աշխատանքներն արդյունք են ունեցել. 2010թ. հունիսի 19-ին Ն. Մարտիրոսյանի եւ Է. Մանասերյանի մեքենաները հայտնաբերվել են Երեւանի Ամիրյան 4/1 հասցեում գտնվող «Վեմ եւ Վիգ» գրավատանը: Պարզվել է նաեւ, որ Է. Մանասերյանից «գնված» մեքենան, որը նոտարական գրասենյակում ձեւակերպվել էր Մ. Պետրոսյանի անունով` անվանափոխվել է Ա. Թադեւոսյանի անունով, եւ երկու մեքենաներն էլ գրավատանը գումարի դիմաց գրավ են դրվել: Այդուհանդերձ, երկու տուժողներն էլ վստահեցնում են, որ խաբեության միջոցով իրենց գույքին տիրանալու ծրագիրը եղել է նախօրոք կազմակերպված գործողություն, որի ծուղակն, ի դեպ, մեծ թվով քաղաքացիներ են ընկել: Տուժողները նաեւ տեղեկացել են, որ օգոստոսի 18-ին «Վեմ եւ Վիգ» գրավատունը մեքենաները դրել է աճուրդի: «Ես չեմ բացառում, որ նրանք այդ գրավատան հետ համագործակցել են»,- ասում է Ա. Հայրապետյանը: Ի դեպ, Է. Մանասերյանի եւ նրա շահերի ներկայացուցիչ Ա. Հայրապետյանի տվյալներով` «Վեմ եւ Վիգ» գրավատունը պատկանում է ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ (ԴԱՀԿ) Միհրան Պողոսյանին: Համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 228 հոդվածի` գրավատունը կարող է գույքը գրավ դնել միայն սեփականատիրոջ մասով, այլ կերպ ասած` գրավատու կարող է լինել միայն դրա սեփականատերը: Է. Մանասերյանի ավտոմեքենայի դեպքում գրանցում չի կատարվել, հետեւաբար սեփականատերը փաստացի եղել է նա. Ստացվում է`գրավատունն Ա. Թադեւոսյանի գույքը, որն ուրիշ սեփականատեր ունի, գրավ դնելով՝ անօրինական գործողություն է կատարել: Այսինքն` քանի դեռ Ա. Թադեւոսյանի սեփականության իրավունքը չէր գրանցվել ավտոմեքենայի նկատմամբ` գրավատունն իրավունք չուներ գույքը վերցնել:

Տուժողների շահերի ներկայացուցիչ Ա. Հայրապետյանն իմանալով, որ խարդախության ճանապարհով ձեռք բերված այդ ավտոմեքենաները գրավատունը դրել է աճուրդի` դիմել է իրավապահ մարմիններին: Ներկայումս այս գործով զբաղվում է Արաբկիրի ոստիկանության Քննչական բաժանմունքը: Ա.Հայրապետյանի հավաստմամբ` ՀՀ ոստիկանություն դիմելուց հետո «Վեմ եւ Վիգ» գրավատան կողմից մեքենաներն աճուրդի հանելու գործողությունը ՀՀ ոստիկանությունը կասեցրել է` գույքը դնելով արգելանքի տակ: Ն. Մարտիրոսյանն ասում է. «Ամենասկզբում դիմել էինք Կենտրոնի եւ Էրեբունու ոստիկանություն, սակայն ոչ ոք չէր արձագանքում մեր բողոքին: Ասում եմ` նման կեղծիք, խարդախություն է եղել, ուզում եմ բողոք գրեմ, որ գործ հարուցեք: Էստեղից էնտեղ էին ուղարկում. Էրեբունին ասում էր՝ գնացեք Կենտրոնի բաժին, Կենտրոնից էլ ուղարկում էին էնտեղ: Ի վերջո, խոշոր չափի խաբեություն է, մի խոսքով` ոչ մեկը բանի տեղ չէր դնում, մինչեւ դիմեցինք իրավաբան Ա. Հայրապետյանին: Նա էլ Արաբկիրի ոստիկանություն դիմեց, ու հիմա գործն էնտեղ է, քննություն է կատարվում»:

Մ. Պետրոսյանը փախել է Բաղդադ, իսկ սիրուհուն տանից վտարել են

Ն. Մարտիրոսյանն ասում է. «Գործարքից առաջ ես նաեւ վերցրել էի Ա. Թադեւոսյանի մոր տան հեռախոսահամարը: Երբ հասկացա, որ նա խաբել, փախել է` զանգահարեցի նրա մորը: Մայրն ասաց, որ իրենք Աննայի հետ գործ չունեն, որ նա նմանատիպ գործերի մեջ է թաղված, ինչի պատճառով իրեն տանից վտարել են, եւ տեւական ժամանակ է՝ նրանից լուր չունեն»: Ինչպես նշեցինք, Աննա Թադեւոսյանի անձնագրում որպես անձի բնակության վայր՝ զետեղված է «Էջմիածին, Սովետական բանակ, 8 շենք, բն. 2 հասցեն»: Ա. Հայրապետյանի հարցմանն ի պատասխան, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն անձամբ է պատասխանել` տեղեկացնելով, որ նման հասցե Էջմիածին քաղաքում գոյություն չունի: Ինչ վերաբերում է Մասիս Ավեդիսին, ապա տուժողների եւ նրանց շահերի պաշտպան Ա. Հայրապետյանի տվյալներով` վերջինս Իրաքի քաղաքացի է, ով Հայաստան է տեղափոխվել 2008թ. եւ բնակվել է Մասիսի Դարբնիկ գյուղում: Բազմաթիվ քաղաքացիներին խաբեությամբ «քցելուց» հետո, Ա. Հայրապետյանի տվյալներով, նա փախել է Բաղդադ: Հայաստանում գտնվելու ժամանակ, բացի Նանայի հետ երգելուց, նա նաեւ աշխատել է Նալբանդյան 48 հասցեում գտնվող «Al-Shadi» արաբական ռեստորանում: Երգել է… Ասում են` «Al-Shadi» ռեստորանում նրա խաբեություններից տուժած մեծ թվով մարդիկ եւս անհամբեր սպասում են նրա գտնվելու վայրը բացահայտելուն: Նաեւ տեղեկություն կա, որ Մասիսի ոստիկանությունում այլ գործերով նրա նկատմամբ քրեական գործ կա հարուցված, մասնավորապես` խարդախության ճանապարհով համակարգիչներ յուրացնելու վերաբերյալ: Արդեն երկու ամիս է, ինչ այս գործով բողոքները գտնվում են ՀՀ ոստիկանության ինչպես Կենտրոնի, այնպես էլ` Արաբկիրի բաժանմունքներում: Մինչ օրս իրավապահ մարմինն այս գործով բացահայտումներ չի կատարել:

Հ.Գ. Մինչ մենք պատրաստում էինք այս հրապարակումը` խմբագրությունը Մ. Պետրոսյանի եւ Ա. Թադեւոսյանի կատարած հանցագործությունների մասին կարեւոր տեղեկություններ պարունակող եւս մեկ ահազանգ ստացավ: Մեզ զանգահարող քաղաքացին տեղեկացրեց, որ այս երկուսը Ոսկու շուկայից «ինչ-ինչ ճանապարհներով կիլոգրամներով ոսկի են ձեռք բերել» եւ «թռել» են: Մեր առաջիկա համարներից մեկում կփորձենք անդրադառնալ Մ. Պետրոսյանի եւ Ա. Թադեւոսյանի «քաջագործությունների» շարքին: