«Միգուցե ես «հին գլուխ» եմ, բայց հավատում եմ, որ ամենամեծ արժեքը մարդն է»

02/09/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Ֆրանսահայ դերասան Ժակի Ներսեսյանը, ով հայտնի է իր կինոդերերով («Մայրիկ», «Արարատ», «Երկար ճամփորդություն» ֆիլմերում), վերջերս այցելել էր Երեւան՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժյուրիի կազմում աշխատելու համար։ Ժակի Ներսեսյանը կոմեդիանտ է։ «Կոմեդիանտ» բառը ֆրանսերենում նշանակում է հենց «դերասան» (առանց ողբերգակի ու կատակերգակի տարբերակման):

Ժոզիան Բալասկոյի մոտ ուսանելուց հետո Ժակի Ներսեսյանը համոզվել է, որ դերասանի գործը հսկայական ամպլիտուդա ունեցող մասնագիտություն է, որն, ի դեպ` պատահականորեն է իր կյանք ներխուժել: Երիտասարդ հասակում Ժակին ցանկանում էր հոգեւորական դառնալ: Նա սովորել է Աստվածաբանության ֆակուլտետում` ցանկանալով դառնալ պաստոր: Սակայն հեռուստատեսային ֆիլմում նկարահանվելու հրավեր ստանալով` նա կտրուկ փոխեց իր կյանքը: Եվ ինքնարտահայտվելու համար ընտրեց թատրոնի բեմն ու կինոէկրանը: Ժակի Ներսեսյանի վերջին խոշոր կինոաշխատանքը Լյուկ Բեսոնի «Ադել Բլան-Սեկի զարմանահրաշ արկածները» բլոքբաստերում է, որտեղ նա կատարում է գլխավոր չարագործի դերը` սարսափազդու դիմահարդարմամբ: Ժակի Ներսեսյանի մասնակցությունը «Ոսկե ծիրանի» բացում-փակումներին` հումոր ու թեթեւություն հաղորդեց այդ հանդիսավոր արարողություններին, որոնք ավանդույթի համաձայն` մեդալների ու արձանիկների հանձնման հարթակ են համարվում: Իսկ Սերժ Ավեդիքյանն ու Ժակի Ներսեսյանը հախուռն նոտա ներմուծեցին` որոշ հատվածներում խախտելով ընդունված արարողակարգը:

– Ինչպիսի՞ն է Ձեր տպավորությունը էկրաններին ու բեմերում աշխատող հայ դերասանների մասին: Հայկական (խորհրդային) դերասանական դպրոցի հիմքում պաթոսն է, որը զգացվում է նաեւ տարբեր միջոցառումային ճառերի մեջ: Իսկ Դուք կարծես հակառակն եք անում. ծիծաղեցնում եք եւ հետո` դրդում մտորել:

– Ծիծաղեցնելու արվեստը մեծ վարպետություն է պահանջում, եւ ամեն դերասան չէ, որ տիրապետում է այդ արվեստին։ Կոմեդիաներում խաղացող դերասանը շատ հաջող կարող է նաեւ դրամաներում խաղալ։ Ծիծաղեցնելու արվեստը նման է ճշգրիտ գիտությանը. եթե կարողացար ծիծաղեցնել հանդիսատեսին, ուրեմն՝ ամեն ինչ էլ կարող ես անել։ Հիշեք Չարլի Չապլինին, ով ծիծաղեցնելով էր ողբերգություն ստեղծում։ Ես լավ ծանոթ չեմ հայկական թատրոնների աշխատանքին, բայց ինձ որպես դերասանի՝ զարմացրել է հայ դերասանների տխրությունը։ Բոլոր հայ դերասանները կարծում եմ, որ պետք է առաջին հերթին տխրություն խաղան։ Մինչդեռ, օրինակ, հայկական ֆիլմոգրաֆիայում շատ հարուստ ու գեղեցիկ ալեգորիաներ կան, որոնք ուրախի եւ տխուրի համադրությամբ են ստեղծվում։ Ես շատ կուզենայի, որ մարդիկ (նաեւ դերասանները) իրենց ոգում ուրախություն գտնեին։ Եվ դա անեին, որքան կարելի է՝ արագ, քանի որ դա տխուր իրականությունը հաղթահարելու ուղիներից մեկն է։

– Իրականությունը տխո՞ւր է։

– Միգուցե դա կապված է գլոբալ հարցի՝ ցեղասպանության չճանաչման ու շրջափակման հետ, բայց ամեն մարդ պետք է փորձի իր բաժին ուրախությունը պահպանել։ Գալով Հայաստան, իհարկե, տխրության մթնոլորտ եմ նկատում (հատկապես տխուր են հայ կանանց գեղեցիկ աչքերը): Տխուր տպավորություն են թողնում նաեւ հայկական ֆիլմերը, որոնք հիմնականում աչքի են ընկնում կինեմատոգրաֆիական «շատախոսությամբ»: Կարծես ռեժիսորները վախենում են, որ հանդիսատեսը ֆիլմը չի հասկանա, ու փորձում են ամեն մի մանրուք բացատրել ու «ծամել»:

– Առօրյա կյանքում մենք շատ ավելի բաց, կենսուրախ ու հումորով մարդիկ ենք, սակայն, երբ հերթը հասնում է կինոյին, հայ պերսոնաժներից կորչում է հումորը, հայտնվում է ծանրությունը: Ինչո՞ւ է այդպես։

– Տարիներ առաջ ես մի ներկայացում էի ստեղծել, որի գլխավոր պերսոնաժի անունը մադամ Թագուհի էր։ Այդ ներկայացումը ես նույնիսկ Ժակ Շիրակի առջեւ եմ խաղացել՝ Փարիզի քաղաքապետարանում։ Տիկին Թագուհին անընդհատ գանգատվող, բամբասող, կատակներ անող, շատախոս մի պառավ էր, ով հայ լինելով՝ բողոքում էր, որ, օրինակ, իր հարսը ֆրանսուհի է, ասելով, որ ֆրանսուհին չի կարող լավ հարս ու կին լինել։ Այդ ներկայացումը ծիծաղելի ու գրոտեսկային էր, բայց հանդիսատեսի շարքերում կան հայեր, որոնք դժգոհեցին` համոզված լինելով, որ հային չի կարելի ծաղրական ցուցադրել։ Ես էլ պատասխանեցի՝ միգուցե ձեր տատերն ու նախնիները սերում են մադամ Պոմպադուրից, իսկ իմ տատը հենց այդպիսին էր, այդ տիկին Թագուհու նման։ Անձամբ ես շատ եմ ուզում ֆիլմերում ու ներկայացումներում պարզ ու ճանաչելի պերսոնաժներ ու իրավիճակներ տեսնել: Անցյալ տարի Երեւանում ես ընթերցեցի Վիլյամ Սարոյանի «Հայկական մուկը» պատմվածքը, եւ նկատեցի, որ հատկապես երիտասարդների շրջանում մեծ հետաքրքրություն կար տեքստերի նկատմամբ։ Ես հատուկ էի իմ ընթերցումը պարզ ու անմիջական դարձրել, քանի որ չէի ցանկանում էլիտար միջավայրում այն կարդալ։ Զգացի, որ Հայաստանում լավ գրականության կարոտ ու կենդանի խոսքի ծարավ կա։ «Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմն, օրինակ, ինձ ցնցեց հենց իր պարզությամբ: Իմ կարծիքով, այդ ֆիլմը հանգիստ կարող է Կաննում «ոսկե արմավենի» շահել: Ծեր լարախաղացները ասում են որբ տղային` ուզես թե չուզես, պիտի շարունակես մեր գործը: Եվ նման պարտադրանքը տղայի մոտ մերժողական դիրքորոշում է ձեւավորում, սակայն նա վիզը ծռած ու ծնկի եկած լարի վրա է բարձրանում: Նա չի ուզում անել դա, բայց այլ ելք չունի: Դա շատ նման է քաղաքական մանիպուլյացիայի: Տղան հասկանում է նաեւ, որ իրականում նա միայն պարանի վրա է ազատ: Դա շատ խորը ու պարզ ֆիլմ է, որը ակնարկում է` ամենամեծ արժեքը մարդն է, այլ ոչ թե զարդերը, որոնք մարդն իր վրա է կրում (ասենք, «Ռոլեքսը» կամ էլի ինչ-որ նման փուչ բաներ):

– Բայց «Ռոլեքսը» դիրքի մասին է վկայում, իսկ դիրքը` իշխանության:

– Իրականում Ֆրանսիայում էլ է այդպես։ Եվ ընդհանրապես՝ ողջ աշխարհում էլ իշխանատենչություն կա։ Օրինակ, «Ոսկե ծիրանի» «Հայկական համայնապատկեր» մրցույթում կար մի ֆիլմ, որտեղ փոքր մի տղա հարվածում է իր եղբոր գլխին՝ ցանկանալով իշխանություն ձեռք բերել։ Այսինքն, անգամ այդ փոքր տարիքում մարդ արարածը փորձում է ինքն իրեն կարեւորել՝ նսեմացնելով ու իշխելով մյուսին։ Թող մեծամիտ չթվա, բայց ես իմ ողջ կյանքում պայքարում եմ իշխանատենչության դեմ։ Իշխելու ցանկությունը շատ լայն երեւույթ է, փողը, սեքսը, ամեն բան գործի է դրվում՝ ավելի մեծ դիրքեր զբաղեցնելու համար։ Իհարկե, Հայաստանում էլ է դա զգացվում, եւ դա ինձ մեծ ցավ է պատճառում։ Ես շատ լավ հասկանում եմ, որ իշխանությունը մի կողմից՝ շատ զզվելի բան է, իսկ մյուս կողմից՝ այն հարկավոր է՝ ինչ-որ բան ասելու ու անելու համար։ Ու եթե իշխանություն չունես, ավելի լավ է բերանդ փակես ու լռես։ Եվ շատ ցավալի է, որ Հայաստանի պես երկրում, որն ամեն դեպքում (ուզենք թե չուզենք) աղքատ երկիր է համարվում, կան մարդիկ, որոնց միակ նպատակը սեփական հարստությունը ցուցադրելն է։ Եվ, բնականաբար, դա շատ ծիծաղելի է ընկալվում, թեեւ «հարուստները» ծիծաղելի լինելու փաստը դժվար են ընդունում։ Երեկ ես Հայաստանում կորցրեցի իմ «iphone»-ը, որի մեջ իմ բոլոր գրառումներն ու հեռախոսահամարներն էին։ Շատ եմ ափսոսում այդ կորստի համար ու փորձում եմ այդ իմ նյութապաշտական մղումը ծիծաղով ընդունել։ Դա բարդ է, եւ ոչ միշտ է հաջողվում։ Սակայն ամեն դեպքում ես փորձում եմ մարդկության հետ համերաշխ ապրել ու չթունավորել այն մի քանի տարիները, որոնք մնացել են ինձ՝ ապրելու։

– Դուք օգտագործեցիք «էլիտա» բառը, որը Հայաստանում շատ են սիրում: Այն նաեւ ծաղրական երանգ է ստացել:

– Բոլորիս էլ թվում է, որ մենք ավելի մեծ ու լավն եք, քան իրականում կանք։ Դա մարդկային բնություն է։ Երբ տեսնում եմ Ֆրանսիայի նախագահ Սարկոզիին, որ հպարտ-հպարտ քայլում է իր թոփ-մոդել տիկնոջ կողքին, համոզվում եմ, որ ամենամեծ ու ծիծաղելի կոմեդիան եմ դիտում։ Սարկոզին, իհարկե, ոչ մի տեղ դերասանություն չի սովորել, բայց իսկական կոմեդիանտ է։ Թուրքական մի լավ ասացվածք կա՝ մարդուն դանակի ծայրով մի փոքր կտոր պանիր տվեցին, ու նրան թվաց, որ արդեն պանրի խանութի տեր է դարձել։ «Էլիտա» ասածն էլ է այդպես ծնվում։ Կարծում եմ, այդ կեղծ էլիտային հարկ է հակադրել մարդու արժեւորման գաղափարը եւ այն տարածել հատկապես երիտասարդների շրջանում: Ստացվեց այնպես, որ ինձ միշտ առաջարկում են խաղալ այն դերերը, որոնք գտնվում են մարդկայինի ու անմարդկայինի սահմանում: Եվ ես միշտ փորձում եմ իմ պերսոնաժների մեջ մարդ տեսնել: Նման դերեր խաղալը միշտ հետաքրքիր է: Նույնիսկ «Ադելի արկածները» ֆիլմում խաղացած իմ խենթ ու չար պրոֆեսորը միաժամանակ եւ կյանք է խլում, եւ կյանք է տալիս (օգնում է ձվից դուրս գալ պտերոդակտիլին): Իմ խաղացանկում շատ են թուրք պերսոնաժները: Թուրք էր նաեւ Իսմաիլ Ֆարուքի «Երկար ճամփորդություն» ֆիլմում (որը 2004-ին Վենետիկի կինոփառատոնում լավագույն ֆիլմ ճանաչվեց) խաղացած իմ հերոսը: Ընդ որում` ես ամեն ինչ արեցի, որ հենց ես խաղամ այդ դերն ու հենց Թուրքիայում:

– Ինչո՞ւ:

– Դա ինձ պետք էր` ինքս ինձ հետ հաշտվելու համար: Ես երեխա էի, երբ տատս պատմում էր իր կյանքի պատմությունը: Իմ նախնիները Կեսարիայից էին, ու գաղթի ճանապարհին պապս ասել է տատիս` գնա իսլամ ընդունիր, ձուլվիր թուրքերի հետ, քանի որ դա միակ ճանապարհն է կենդանի մնալու համար: Երբ լսում էի այդ պատմությունը` արցունքների մեջ խեղդվում էի: Տատս էլ դադարում էր պատմել ու ասում էր` այս ինչ զգայուն թոռ ունեմ: Գիտեք, ես շատ հայ ընկերներ ունեմ, որոնք մինչ հիմա էլ չեն կարողանում թուրքի հետ մի սեղանի շուրջը նստել (ես, օրինակ, երբեք Թուրքիայի նախագահի հետ մի սեղանի շուրջ չեմ նստի): Երբ առաջին անգամ եղա Թուրքիայում, շատ բուռն ու հակասական զգացումների ալիք ծնվեց ոգումս` ուզում էի փախչել, ուզում էի մնալ, ատում էի, վախենում էի, բայց միեւնույն ժամանակ` սիրում էի: Մի կողմից՝ դա իմ երկիրն էր, տատիս պատմած դրախտավայրը, բայց մյուս կողմից էլ` դժոխք էր: Շատ բան իմանալով Թուրքիայի մասին, ես ուզում էի ինքս ապրել բոլոր այդ էմոցիաները, անձնական տեսակետ ունենալ` առանց դաշնակների, ռամկավարների ու չգիտեմ` էլի ինչերի օգնության: Շատ կարեւոր էր հասկանալ, որ թուրքերը ոչ թե չորս ոտք ու տասը ստինքներ ունեցող էակներ են, այլ մեզ նման մարդիկ են, որոնք հանգիստ խղճով ոչնչացրել են իրենց նմաններին:

– Իսկ Դուք կո՞ղմ եք հայ-թուրքական սահմանի բացմանը:

– Հասկանում եմ, որ սահմանի բացումը կօգնի Հայաստանի տնտեսությանը, բայց ես խոսելով իմ նեղ անձնական «պատուհանից»` վստահ եմ, հնարավոր չի լինի ապրել մերժողական վիճակում: Եթե Թուրքիան չընդունի ցեղասպանությունը, մարդիկ չեն կարողանա ոչ մի կերպ հաղորդակցվել իրար հետ: Շատ եմ ուզում, որ սահմանապահի մասնագիտություն ունեցող մարդիկ ընդհանրապես վերանան աշխարհի երեսից: Չլինեն սահմանները, դրոշները, մեդալները, դատարկ արարողությունները… Միգուցե դա ուտոպիա է, բայց (քանի որ ամեն մարդ երազելու իրավունք ունի), ես այդ մասին եմ երազում: Սահման գծելով, մարդկությունը կարծես նշում է, որ կան էշ-մարդիկ եւ կան ընտրյալներ: Վերջերս Ֆրանսիայում շատացել են մանկական ճամբարները, որտեղ 8 տարեկան երեխաներին ստիպում են առավոտները դրոշ բարձրացնել, հայրենասիրական երգեր երգել ու ճառեր ասել: Այդ ճամբարները ինձ համար նույնն են, ինչ ցեղասպանությունը: Այդպես է սկսվում անձի բանտարկումը: Եվ այդ ամենը արվում է նրա համար, որ ինչ-որ մարդիկ 68 սառնարան, 44 մեքենա ու մի 15 սիրուհի ունենան: Նույնը ես կարող եմ ասել նաեւ կրոնի մասին: Ինձ բացատրեցին, որ, օրինակ, հիմա Հայ Առաքելական եկեղեցին չի պարտադրում Աստծուն հավատալ, եւ նորմալ է համարվում, երբ եկեղեցականները սիրուհիներ ու սիրեկաններ են ունենում:

– Նաեւ բիզնես են վարում:

– Այո, կրոնը ընդամենը գործիք է: Իմ բախտը բերել է, որ ես Սենտ Էտիենում եմ մեծացել, որտեղ լավ թատրոն ու կինոթատրոններ կային: Ու, չնայած, որ մենք աղքատ թաղամասում էինք ապրում (5 հոգով մի սենյակում էինք բնակվում), ես մանուկ հասակից լավ մթնոլորտում եմ հայտնվել: Եվ թող ինձ արխաիկ մարդ համարեն, ինչպես ասում են հայերեն` «հին գլուխ», ես իրոք հավատում եմ, որ ամենամեծ արժեքը մարդն է: Ուսանելով թեոսոֆիա ու ցանկանալով տերտեր դառնալ, ես փորձում էի կրոնի ու մարդու հաշտեցում գտնել, իսկ հետո հասկացա, որ ես ու կրոնը լրիվ տարբեր բաներ ենք:

– Իսկ Դուք ու քաղաքականությո՞ւնը…

– Այն պահից սկսած, երբ գող ու խաբեբա մեծահարուստին Միտերանը դարձրեց նախարար, ես դադարեցի հավատալ քաղաքականությանը:

– Այստեղ հարկ եմ համարում լռել:

– Մի անգամ ես պետք է շատ երկար ու բարդ տեքստ անգիր սովորեի, ինչը ոչ մի կերպ ինձ մոտ չէր ստացվում: Եվ մի հայ աղջիկ, որի հետ աշխատում էի, ասաց` Ձեզ մոտ անպայման կստացվի: Հարցրեցի` ինչո՞ւ ես այդքան վստահ: Պատասխանեց` որովհետեւ մենք ուրիշ ենք: Գիտեմ, որ հայերը սիրում են ամեն առիթով այդ ֆրազն ասել: Եվ հենց այդ մոտեցումը վկայում է այն մասին, որ մեզ պետք է մեծ ծավալի ներքին աշխատանք կատարել: Ես հո չէի՞ կարող գնալ սրճարան, սուրճ խմել ու սպասել, թե երբ է տեքստն ինքն իրեն իմ ուղեղում ամրապնդվելու: Ամեն առավոտ արթնանալով, ես իմ որդուն ասում եմ, որ սիրում եմ նրան: Կարիք չկա նրան ասել, որ նա մի ազգի ներկայացուցիչ է, որն ավելի բարձր է, քան մյուս ազգերը:

– Չե՞ք կարծում, որ դա հոգեբանական բարդույթից է գալիս:

– Իհարկե, կարելի է գոռալ ու գոչել, որ հայերն ընտրյալներ են, որ Հայաստանում չկան պոռնիկներ ու գողեր, որ հայերը նույնիսկ չեն էլ ք…-ում: Այսինքն` ուրիշ են: Բայց այդպես չէ: Բոլոր հարցերի պատասխանները մարդու մեջ են: Միշտ էլ անհատական աշխատանք կատարելու պահանջ կա, եւ ոչ ոք քո փոխարեն դա չի անի:

Զրույցի կայացմանը աջակցեց Շագա Յուզբաշյանը