«Golden chance»

09/10/2005

ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Գյորան Լեն Մարկերը երեկ ԱԺ-ում էր եւ
հանդիպում ունեցավ նախ` Վահան Հովհաննիսյանի, իսկ հետո` Արթուր
Բաղդասարյանի հետ: Լրագրողների հարցին, թե այժմ ո՞ր փուլում են գտնվում
ԼՂՀ հակամարտության շուրջ ընթացող բանակցությունները, նա պատասխանել է.
«Այդ գործընթացում առաջընթաց ապահովելու համար այժմ ստեղծվել է ոսկյա
հնարավորություն, ինչն առավել ակնառու կլինի ադրբեջանական
ընտրություններից հետո: Հիմա այն փուլն է, երբ բանակցային գործընթացի
ձախողման ու առաջընթացի համար երկու կողմերը հավասարապես են կիսում
պատասխանատվությունը»: Հարցին, թե ինչպես է նա գնահատում Յուրի
Մերզլյակովի հայտարարությունը, թե Մինսկի խումբը կարող է իր
լիազորությունների հիմնական մասը տրամադրել ԵԽ ԽՎ նորաստեղծ
հանձնաժողովին, Գյորան Լեն Մարկերը պատասխանեց. «Ես դա բացառում եմ եւ
գտնում եմ, որ ԼՂՀ հակամարտության գործընթացը կարող է ընթանալ միայն
Մինսկի խմբի շրջանակներում, իսկ մյուս կազմակերպությունները, այդ թվում`
ԵԽ-ն, ՆԱՏՕ-ն, կարող են ընդամենն աջակցել դրան: ԼՂՀ հարցի լուծման այլ
շրջանակ գոյություն չունի»: Իր վերջին զեկույցներից մեկում Լեն Մարկերն
արձանագրել էր, որ ԼՂՀ հարցի լուծման ճանապարհներից մեկը կարող է լինել
ԼՂՀ միացումը Հայաստանին: Հարցին, թե ինչպե՞ս է ինքը պատկերացնում դրա
մեխանիզմները, նա պատասխանեց. «Հիմա ես չեմ ցանկանում մեկնաբանել իմ
ասածները, դա կոռեկտ չէ, քանի որ, ի վերջո, վերջին խոսքը երկու կողմերի
իշխանություններինն է»: