Ընթերցողի դեղատոմսերը

02/09/2010

«168 Ժամի» «Բուժիչ նամակներ» խորագրի ակտիվ ընթերցող Ջուլիետա Սահակյանը կրկին իր դեղատոմսերից է ուղարկել ընթերցողներին: Այս անգամ նա անդրադառնում է վարունգի բուժիչ հատկանիշներին:

Զարմանահրաշ վարունգը

Վարունգի բուժիչ հատկությունները վաղուց եւ բոլորին են հայտնի։ Այն բժշկության մեջ օգտագործվել է դեռեւս Հիպոկրատի ժամանակներից։ Այս բուժիչ բանջարեղենը օգտակար է սրտային, անոթային, երիկամային հիվանդությունների դեպքում, որովհետեւ պարունակում է կրածնային աղեր, որոնք նպաստում են օրգանիզմից աղերի եւ ջրերի վերացմանը։

Իհարկե, ունի նաեւ հակացուցումներ. ստամոքսի խոցի ստացման ժամանակ, 12-մատնյա աղիի, սուր եւ քրոնիկ բարակ աղիների բորբոքման (էնտերիտ) եւ հաստ աղիի բորբոքման (կոլիտ) դեպքում վարունգը պետք է սահմանափակել կամ ընդհանրապես բացառել սննդակարգից։ Թթու դրած կամ աղի վարունգ չի թույլատրվում սուր հեպատիտի, խոլեցիստիտի, լեղաքարային հիվանդությունների դեպքում։ Ցանկալի չէ նաեւ այն օգտագործել հիպերտոնիայի եւ աթերոսկլերոզի դեպքում։ Բացառել օրաբաժնից քրոնիկ նեֆրիտի դեպքում։

Դեղատոմսեր վարունգով

Վարունգի աղաջուրը դանդաղ ներգործող ազդեցություն ունի այտուցի դեպքում։ Հատկապես խորհուրդ է տրվում որովայնախոռոչի մեջ կուտակված հեղուկի դեպքում։ Խմել 1-2 բաժակ ամեն օր (անկախ ուտելուց)` մինչեւ վիճակի կարգավորումը։

Քրոնիկ հեպատիտի դեպքում՝ օգտագործում են վարունգի հասած պտուղների եփուկը եւ արմատները, որոնք պատրաստում են հետեւյալ ձեւով. 20 գրամ չոր մանրացրած հումքի վրա 1 բաժակ ջուր լցնել, եփել 20 րոպե, քամել եւ վերականգնել ծավալը` եռջուր ավելացնելով։ Ընդունել կեսական բաժակ` օրը 3 անգամ։

Հազի դեպքում. 100 մլ հյութի մեջ ավելացնել 2 ճաշի գդալ սխտորի եւ մեղրի խառնուրդ (հավասար քանակության), լավ խառնել, թրմել 1 ժամ։ Ընդունել 2-ական ճաշի գդալ, օրը 2 անգամ` սնունդ ընդունելուց առաջ։

Վարունգն օգտակար է գիրանալու դեպքում. շաբաթվա մեջ մեկ անգամ կազմակերպել «վարունգի» օր` ամբողջ օրվա ընթացքում ուտելով 2 կգ վարունգ։ Գերադասելի է կազմակերպել հանգստյան օրը, որպեսզի սահմանափակվի օրգանիզմի ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։

Սթրեսի դեպքում. վարունգի կեղեւի վրա սառը ջուր լցնել եւ 2 ժամ անց թրմել։ Լվանալ այդ ջրով դեմքն ու ձեռքերը (մինչեւ արմունկները)։

Արգանդային եւ թութքային արյունահոսության դեպքում. վերցնել վարունգի շիվերը (աշնանը հավաքած)։ Լվանալ սառը ջրով եւ մանր կտրատել։ 100 գրամ հումքի վրա լցնել 0,5 լ ջուր, եփել մարմանդ կրակի վրա 15-20 րոպե, թրմել 1 ժամ։ Ընդունել կեսական բաժակ, օրը 3 անգամ։ Այս պատրաստուկը դանդաղեցնում է արյունահոսությունը, վիճակը լավացնում է։ Ցանկալի է ընթացքում անկողնային ռեժիմ պահպանել։

Դեմքի մաշկը փափուկ եւ թարմ պահելու համար. մանր կտրատած վարունգը լցնել տարայի մեջ, ավելացնել 40%-անոց օղի, 2 շաբաթ պահել արեւի տակ։ Քամել։ Օգտագործել դեմքի մաշկը մերսելու համար։

Փորկապության դեպքում. 100 մլ վարունգն աղաբեռնված ընդունել՝ ավելացրած մեջը 2 ճաշի գդալ արեւածաղկի ձեթ եւ 1 թեյի գդալ մեղր։ Այս միջոցը խմել միանգամից։ Եթե չօգնեց, հաջորդ օրը բուժական գործողությունները կրկնել։

Երիկամների քարերի դեպքում. վարունգի սերմերին ավելացնել եռջուր, թրմել եւ խմել որպես թեյ։

Վարունգով դիմակ. 1 հատ թարմ վարունգը քերիչով անցկացնել, լցնել թանզիֆի վրա եւ 15 րոպե դնել դեմքին, 15 րոպեից լվացվել։ Մաշկը դառնում է թարմ եւ առաձգական։

Նյութափոխանակության կարգավորման համար ամեն օր առանց աղի` կլեպով թարմ վարունգ կերեք։

Մաշկի մաքրման համար. քերիչով (խոշոր հատվածով) անցկացրեք 100 գրամ թարմ վարունգը, վրան լցրեք 100 մլ ցանկացած լոսյոն, պահեք 8-10 օր` մութ եւ հով տեղում։ Այնուհետեւ քամեք թանզիֆով եւ պահեք սառնարանում (պիտանի է օգտագործման համար 6 ամիս, ոչ ավելի)։ Ճարպոտ մաշկի ժամանակ լվացվելու փոխարեն դրանով մաքրեք մաշկը։ (Եթե մաշկը չոր է, ապա վարունգահյութը խառնեք ցանկացած սնուցող քսուքի հետ)։

Սրտանոթային հիվանդությունների, ինչպես նաեւ միզապարկի բորբոքման դեպքում, օրական ուտել 1-3 հատ վարունգ, լավ միզամուղ է։

Վահանաձեւ գեղձի պրոբլեմների դեպքում. վարունգը հեշտ յուրացվող յոդ է պարունակում, այնպես որ, օրվա սննդակարգում մշտապես օգտագործեք այն։

Վերին շնչառական ուղիների հիվանդությունների դեպքում. ամեն օր խմել (3։1 հարաբերակցությամբ) վարունգահյութը` խառնած բնական մեղրի հետ։ Դրական արդյունքը զգացնել կտա։