Հայկական տարանունները` ակլատիզ, խմբաբա, խտուտ, խտուտիկ, կռաբանջար, եւ այլն:
Աստղածաղկավորների կամ բարդածաղկավորների ընտանիքին պատկանող, մինչեւ 15 սմ բարձրության բազմամյա կոճղարմատավոր խոտաբույս է: Ծաղկաբույլը զամբյուղ է, ծաղիկները` լեզվակաձեւ, վառ դեղին: Բույսը սկսում է ծաղկել մայիս-հուլիսին, իսկ պտուղները հասունանում են օգոստոսին: Բույսը լավ է աճում չափավոր խոնավ եւ հարուստ հողերում: Ըստ Կ. Ա. Տիմիրյազեւի` եթե խատուտիկի բոլոր սերմերը աճեին, ապա կարճ ժամանակում կծածկեին ողջ երկրագունդը:
Բուժական նշանակությունը
Բուժման նպատակով օգտագործում են ամբողջ բույսը, սակայն հիմնականում արմատը, որը հանում են բահով, ուշ աշնանը: Ավելորդ մասերը հեռացնում են, լվանում ջրով, թողնում արեւի տակ, մինչեւ կաթնահյութի կտրվելը: Բույսը անհոտ է, դառը համով: Որպես դեղաբույս` խատուտիկն օգտագործվել է հին ժամանակներից: Դեռեւս Թեոֆրաստն այն առաջարկել է դեմքի պեպենները հեռացնելու համար: Ավիցեննան բուսահյութը նշանակել է դռներակային կանգի, ջրգողության եւ կարիճի խայթոցի ժամանակ: Եփուկից պատրաստված քսուքը նա խառնել է այլ միջոցների հետ եւ բորբոքումների ժամանակ դրել արցունքագեղձի վրա: Հյութը տվել է ըմպելու ստամոքսի սուր բորբոքումների, իսկ չորացած տերեւը` ստամոքսի թարախաբորբի ժամանակ: Ամիրդովլաթը նշում է, որ բույսը արմատով ուտելիս կտրում է արցունքահոսությունը, լավացնում բերանի համը: Ռուսական ժողովրդական բժշկության մեջ բուսահյութը «կենսատու ըմպելիք» է համարվել, որն ընդունակ է արյունը մաքրել, եւ ունի մարսողությունը կանոնավորող, դեղնուկը վերացնող եւ քունը կարգավորող հատկություն:
Բուլղարիայում թարմ տերեւները եւ հյութը օգտագործում են աթերոսկլերոզի, C-ավիտամինոզի, մաշկային, լյարդի, լեղապարկի, ստամոքսի եւ աչքերի մի շարք հիվանդությունների, ինչպես նաեւ՝ ճարպերի վատ յուրացման, փորկապության եւ թութքի ժամանակ: Գերմանիայում, բացի վերոհիշյալ դեպքերից, արմատն օգտագործում են փայծաղի, երիկամների եւ միզապարկի, ինչպես նաեւ՝ երիկամաքարային հիվանդությունների ժամանակ:
Լեհաստանում դեղաբույսն օգտագործվում է ընդհանուր թուլության, վատ ախորժակի եւ լեղուղիների որոշ հիվանդությունների ժամանակ: Դեղաբույսը լայն ճանաչում ունի նաեւ Եվրոպայում` Ֆրանսիայում: Այստեղ այն կիրառվում է լեղուղիների քրոնիկական բորբոքումների եւ աթեսկլերոզի ժամանակ`որպես արյան մեջ խոլեստերինի քանակն իջեցնող միջոց: Առաջարկում են նաեւ օրվա մեջ ընդունել 50-100 գ թարմ բուսահյութ` որպես արյունը մաքրող, օրգանիզմը տոնուսավորող, միզամուղ, ստամոքսի գործունեությունը ուժեղացնող միջոց: Ըստ Dextreit-ի`խատուտիկի պատրաստուկները նվազեցնում են արյան գերհոսը դեպի լյարդ եւ լուծում են լեղաքարերը: Carnier-ը դեղաբույսն առաջարկում է որպես ընդհանուր կազդուրիչ եւ մարսողությունն աշխուժացնող միջոց` նշանակելով ամեն օր, 3-4 ցողուն` եփուկի ձեւով:
Միջին Ասիայում խատուտիկի տերեւների թարմ հյութը օգտագործում են սակավարյունության, կրծքացավերի եւ ընդհանուր թուլության ժամանակ, ինչպես նաեւ՝ որպես լուծողական, իսկ կաթնահյութը` գորտնուկների վերացման համար: Չինական ժողովրդական բժշկության մեջ գտնում են, որ տերեւները, ներքին ընդունման ձեւով, ավելացնում են ծննդկանի կաթը, նվազեցնում ինտոքսիկացիան օձի կծելու դեպքում, իսկ արտաքին ձեւով օգտագործում են վերքերի բուժման համար: Չեխական բժշկության մեջ դեղաբույսն օգտագործում են լեղուղիների հիվանդությունների եւ շաքարախտի ժամանակ:
Տարբեր ժողովուրդների կենսափորձից նշվում է, որ դեղաբույսն ունի նաեւ արյունահոսությունը դադարեցնող, ճիճվամուղ, արյան կազմը լավացնող, քրտնամուղ, քնաբեր եւ հանգստացնող, գորտնուկները, ոտքերի կոշտուկները բուժող հատկություններ:
Խատուտիկը շատ երկրներում համարվում է որպես սննդային բույս. հաճախ աճեցնում են բանջարանոցներում եւ տերեւներից սալաթ են պատրաստում: Այս նպատակով դառնությունը վերացնելու համար մատղաշ տերեւները 30 րոպե թողնում են սառը աղաջրում, ապա խառնում են քացախի եւ պղպեղի հետ եւ օգտագործում: Ավելի հասուն տերեւները խաշում են սպանախի նման եւ տապակում: Աշնանը ուտում են արմատը, որը ինուլինի շնորհիվ բավականաչափ քաղցր է: Բոված արմատը փոխարինում է սուրճին եւ եղերդակին, վաղահաս մեղրատու բույսերից մեկն է: Խատուտիկի մեղրը ոսկեդեղնավուն է, թանձր, շուտ բյուրեղացող, բնորոշ հոտով եւ սուր համով: