Մինչ ամբողջ աշխարհը տոնում է սեպտեմբերի 1-ը` իբրեւ գիտելիքի օր, Հայաստանում այն շարունակում է ընկալվել «podium-art»-ի շրջանակներում: Եթե մյուս երկրներում աշակերտները փորձում են ընտրել բավական համեստ հագուստ, ապա մեզ մոտ դպրոցականներին հուզող միակ խնդիրը նորաձեւ ու օրիգինալ տեսք ունենալն է, ինչի համար անում են հնարավոր ամեն բան` հերթագրվելով վարսավիրների, մատնահարդարների ու կոսմետոլոգների մոտ: Իսկ երեւանյան տոնավաճառներում աշակերտներին առաջարկվող գրենական պիտույքների տեսականին մեկ անգամ եւս փաստում է, որ մեր երկրում դպրոցականներն ավելի շատ պատրաստվում են բուլվար գնալ, քան` դպրոց:
«Մամ, ես էն «Hello Kitty» պայուսակն եմ ուզում»,- Երեւանի «Ռոսիա» տոնավաճառի սեղանիկներից մեկի մոտ` դիմելով մորը, ասաց 2-րդ դասարանցի մի փոքրիկ: Նրա հավանած վարդագույն պայուսակը ոչ թե դպրոցական, այլ` կանացի պայուսակ էր: Զարմանալին մոր խանդավառ վերաբերմունքն էր, ով անմիջապես վերցրեց պայուսակը, երկար նայեց, հարցրեց գինն, ու կրկին վերադարձրեց վաճառողին: «5000 դրա՞մ: Մի քիչ չեք իջնի՞»,- հետաքրքրվեց տիկինը: Քիչ անց մոտեցա նրանց ու հարցրեցի, թե արդյո՞ք նա պատրաստվում էր գնել այդ պայուսակը: Կինը ժպտալով պատասխանեց. «Հա, ի՞նչ ա եղել, որ: Էրեխեն հավանել ա»: «Մինչ օրս ամենաշատը վաճառել եմ Նարուտոյով ու Hello Kitti-ով պայուսակները: Չգիտեմ` մյուսներն ինչ եմ անելու: Սենց բան չէր եղել»,- արձագանքեց տոնավաճառի աշխատակիցներից մեկը: «Պայուսակների գները սկսում են 1500-ից մինչեւ 10.000 դրամ: Հեն ա, նայե՛ք, ա՛յ էն վերեւի շարքի պայուսակները լրիվ թուրքական են` Վինքսի նկարներով: Զարմանում եմ` հայ ծնողները ո՞նց են առնում դրանք իրենց էրեխեքի համար: Բա դրանք դպրոցականի պայուսակներ ե՞ն»,- շարունակեց վաճառողներից տիկին Սիլվան` ներկայացնելով վաճառասեղանի ապրանքատեսականին: «Նախորդ տարվա համեմատ գրենական պիտույքների գները մնացել են նույնը` տետրի գները սկսում են 30 դրամից մինչեւ 350 դրամ: Ամենաշատը վաճառում ենք դանիական արտադրության տետրերը, որոնք, իսկապես, լավորակ են: Մինչդեռ հայկական արտադրության տետրերը նախ շատ նեղ են, հետո էլ թուղթը էդքան էլ որակյալ չէ: Գրչատուփերի գույները նայեք` սաղ ռոզըվի ա: Հես ա` էլի թուրքական, Վինքսի նկարով, 2000 դրամ»,- նշեց տիկին Սիլվան` դժգոհելով այս տարվա առեւտրից: Ըստ վաճառողուհու` նախորդ տարվա համեմատ այս տարի առեւտուրը ավելի պասիվ է: Դրա պատճառներից մեկը հարեւան տաղավարների վաճառողուհիները պայմանավորեցին դպրոցներում բացված «ներքին» շուկայով: «Տնտեսական ճգնաժամը կապ չունի: Բոլորս էլ գիտենք, որ դպրոցներում գրենական պիտույքներ են վաճառում, ու դասատուները պարտադրում են ծնողներին էդ տետրերն առնել, չնայած դրանք ոչ էլ օգտագործում են: Դրա համար ծնողները շուկաներից շատ քիչ են ապրանք առնում»,- նկատեցին վաճառողուհիները: «Չէի ասի, թե ապրանքների գները նույնն են մնացել: Մի քիչ թանկացրել են: Օրինակ, ես հիշում եմ, որ նախորդ տարի տետրերն ավելի էժան էին, համենայնդեպս, ոչ 350 դրամ: Ստիպված առնում ենք` ի՞նչ անենք»,- ասաց գնորդ Արմինեն: «Էս սեպտեմբերի մեկն ավելի շատ ծախսերի շրջան ա: Երկու էրեխեքիս համար մոտ 100.000 դրամ եմ ծախսել: Դե չես էլ կարա չծախսես, այսինքն` մի էրեխու վրա մինիմում 50.000 դրամ ա գնում, էդ էլ կախված է, թե ո՞ր դասարան ա»,- ասաց գնորդ Գոհարը, ում
9-րդ դասարանցի աղջիկը մեծ ոգեւորությամբ նշեց Նարուտոյով ու Hello Kitti-ով տետրերի ու օրագրերի մասին: Հետաքրքիրն այն է, որ Նարուտո, Սասուկե, Սակուրա մուլտհերոսների պատկերներով տետրերն ու օրագրերը տեղական արտադրության են, ընդ որում` այդ մուլտհերոսներով օրագրերի գները սկսում են 700 դրամից: Եվ հայկական շուկայում ամենամեծ պահանջարկն ունեն հենց այս պատկերներով պիտույքները: «Մեր ամբողջ դպրոցը Hello Kitti ա վերցնելու: Շատ սիրուն են»,- հիացմունքով նշեց աշակերտներից մեկը: Ընդհանրապես, տոնավաճառներում այնպիսի տրամադրություն էր, ասես դպրոցականները պատրաստվում են ոչ թե դպրոց գնալու, այլ` տոնահանդեսի, թեեւ բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում կրթությունը վաղուց տոն չէ: Իսկ աշակերտների կատարած ընտրությունը պակաս խրախուսանքի չէր արժանանում նրանց ծնողների կողմից, ովքեր հաճախ իրենք էին ընտրում այս կամ այն իրը` ասելով. «Մոդան էս ա», «Էրեխեքը հետ չմնան», «Մեր էրեխեն ինչո՞վ ա պակաս»: «Իրականում մենք ինքներս էլ վատ ենք զգում, որ հայաստանյան շուկայում այլընտրանք չեն թողել: Դպրոցական սեւ-սպիտակ հագուստներն անգամ երկրորդ պլան են մղել: Սաղ ուզում են օրիգինալ ու յարկի երեւան էդ օրը»,- ասում էին վաճառողուհիները` փորձելով բացատրել, որ հայաստանյան շուկայում տիրող իրավիճակի համար մեղավորը ոչ թե իրենք են, այլ` հեռուստատեսությունը: «Արտադրողն էլ լավ ա անում: Գիտի, որ էդ մուլտհերոսներով ապրանքները ծախվելու են, արտադրում ա: Ծնողը թող թույլ չտա»,- ասում էին նրանք: «Բայց մեզ այլընտրա՞նք են թողնում, որ ծնողն ա մեղավոր»,- հավելեց ծնողներից մեկը: