ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը դրական է համարում Հայաստանում ռուսական ռազմաբազայի ժամկետների երկարացումը` նշելով, որ դա կայունություն է ապահովում մեր տարածաշրջանում: Ըստ նրա` դա Թուրքիային եւ Ադրբեջանին կզսպի ՀՀ-ի դեմ քայլեր ձեռնարկել. «Ադրբեջանը հույս ուներ, որ Հայաստանը չի դիմանա սպառազինությունների մրցավազքին եւ զիջումների կգնա: Սակայն այս համաձայնագիրն Ադրբեջանին կստիպի ավելի կառուցողական մոտեցում ցուցաբերել ղարաբաղյան բանակցություններում»,- երեկ ասել է նա: «Եվ այն սպառազինության մրցավազքը, որ նախաձեռնում է Ադրբեջանը, դառնում է անիմաստ, քանի որ ստանձնելով ՀՀ սահմանների անվտանգության ապահովումը` ՌԴ-ն ըստ էության ապահովում է նաեւ ՀՀ-ի եւ Ադրբեջանի ռազմական հավասարակշռությունը: Այդ դեպքում արդեն փոխվում է սպառազինության մրցավազքի հարթությունը`
ՀՀ-Ադրբեջանից տեղափոխվելով Ադրբեջան-Ռուսաստան հարթություն: Այս պայմանագիրը ռազմական առումով ապահովում է ուժերի երկարատեւ հավասարակշռությունը, ինչը կանխում եւ անհնարին է դարձնում հայ-ադրբեջանական պատերազմը»,- ասել է նախկին նախարարը: