Արգելքները պետք է վերացվեն

28/08/2010

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ անդրադարձել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի հնարավոր բացման թեմային: «Թուրքիան ցանկանում է տեսնել Կովկասը՝ որպես մեկ ամբողջություն, եւ ամուր քաղաքական կամք ունի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում: Այս առնչությամբ, մենք բոլոր արգելքների հաղթահարմանը կողմ ենք արտահայտվում, ինչը ենթադրում է նաեւ հայ-թուրքական սահմանի բացում»,- երեկ ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը: Նա միաժամանակ ընդգծել է, որ ֆիզիկական խոչընդոտները վերացնելու համար անհրաժեշտ է վերացնել բոլոր հոգեբանական, քաղաքական եւ աշխարհաքաղաքական արգելքները, որոնք առկա են տարածաշրջանում: Ըստ Դավութօղլուի` այդպիսի լուրջ արգելք է ԼՂ հիմնախնդիրը: Նա նաեւ ընդգծել է Բաքվի եւ Անկարայի «հիանալի հարաբերությունները»` ասելով, որ ադրբեջանա-թուրքական հարաբերությունները վերջին 20 տարվա ընթացքում գտնվում են ամենաբարձր մակարդակում: Հիշեցնենք, որ վերջերս տարբեր լրատվամիջոցներում տեղեկություն է շրջանառվում, որ ՆԱՏՕ-ի զորավարժությունների ընթացքում հայ-թուրքական սահմանը կարող է ժամանակավորապես բացվել։