Խախտում է

28/08/2010

Ադրբեջանը մտադիր չէ անդամակցել ո՛չ ՆԱՏՕ-ին, ո՛չ էլ ՀԱՊԿ-ին, անգամ չի մտածում այդ ուղղությամբ: Այս մասին երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահի ադմինիստրացիայի հասարակաքաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը: Ըստ նրա` մինչեւ ՀԱՊԿ-ն հստակ պարզաբանում չտա Հայաստանի «օկուպացիոն» եւ «ագրեսիվ» քաղաքականությանը, Ադրբեջանը անելիք չունի այդ կազմակերպության հետ: Հասանովն անդրադարձել է նաեւ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրմանը` ասելով. «Դեռ 1992թ. ԵԱՀԿ շրջանակում Ադրբեջանի, Ռուսաստանի, Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կնքվել է սովորական սպառազինությունների կրճատման մասին համաձայնագիր, որով սահմանվում էր Հարավային Կովկասի երկրների համար նախատեսված սպառազինությունների քվոտան: Մենք կարծում ենք, որ Մոսկվայի եւ Երեւանի միջեւ վերջին համաձայնագրի ստորագրումը կարող է խախտել վերոհիշյալ համաձայնագրի դրույթները»: Նա նաեւ հավելել է, թե Ադրբեջանը չի պատրաստվում միջամտել հայ-ռուսական հարաբերություններին: