Ընդդիմադիր Հայ Ազգային կոնգրեսի մաս կազմող Պահպանողական կուսակցությունը ստորագրահավաք է նախաձեռնել` ընդդեմ ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգման պայմանագրի:
Պայմանագրի հետ կապված իրենց մտահոգությունները մեզ հայտնեց կուսակցության քարտուղար Թաթուլ Մկրտչյանը: «Մեզ պետք է խաղաղություն, այլ ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմաքաղաքական կեղծ բալանս պահպանելուն ուղղված վտանգավոր քայլեր: Ռուսաստանը հայ ժողովրդի համար երբեք չի եղել հուսալի, երկարաժամկետ եւ վստահելի գործընկեր, իսկ նրա հետ կապված հույսերը երբեք չեն արդարացվել»,- վստահեցնում է Թ. Մկրտչյանն ու որպես ասվածի հիմնավորում՝ հավելում, որ 1995թ. մարտի 16-ի հայ-ռուսական պայմանագրի 5-րդ արձանագրությունը ռուսաստանյան կայսերական նկրտում էր, որին ժամանակին չդիմադրեց հայաստանյան դրածո «պոլիցայական» վարչակարգը: Նրա խոսքերով. «Դա ստորացուցիչ արձանագրություն էր, եւ քանի դեռ ռուսական ռազմաբազաներն այստեղ են, Հայաստանը զրկված է լինելու ինքնուրույն արտաքին ու ներքին քաղաքականություն վարելու եւ զարգանալու հնարավորություններից: Այս պատճառով էլ հայ-ռուսական վերոնշյալ պայմանագիրն իր արձանագրություններով պետք է չեղյալ հայտարարել եւ պետությունն ազատել օտարերկրյա բազայի քայքայիչ ներկայությունից»: Պարոն Մկրտչյանը կարծում է, որ ռազմաբազայի ժամկետի երկարաձգման մասին պայմանագրով Հայաստանը վերաօկուպացվեց Ռուսաստանի կողմից. «Առաջիկայում ականատես կլինենք, որ Հայաստանի հետ լուրջ խնդիր ունեցող որեւէ երկիր չի դիմելու ՀՀ իշխանություններին կամ հայ ժողովրդին, այլ նախընտրելու է հարցերը կարգավորել Ռուսաստանի հետ»:
Որպես դրա վառ օրինակ՝ Թ. Մկրտչյանը հիշեցնում է, որ զոհված ադրբեջանցի դիվերսանտի դին հետ վերադարձնելու խնդրանքով մահմեդական հոգեւոր առաջնորդը դիմեց ոչ թե Հայոց կաթողիկոսին կամ Հայաստանի որեւէ պաշտոնյայի, այլ` Ռուսիո պատրիարքին: Մեր հարցին, թե արդյո՞ք իրատեսական է, որ նման բարձր մակարդակով ստորագրված պայմանագիրը կարող է չեղյալ համարվել ստորագրահավաքից հետո, Թ. Մկրտչյանը պատասխանեց. «Երբ հայ ժողովուրդը հավաքականորեն կամ իր ներկայացուցիչների միջոցով ռուսական բազաները դուրս բերելու հարցը դարձնի քաղաքական օրակարգային խնդիր, այդ բազաները շատ արագ դուրս կբերվեն, իսկ ամբողջ աշխարհը կարող է մեղադրել բազաների տիրոջը` զավթողական նկրտումների եւ ագրեսիայի մեջ»: Պահպանողական կուսակցության քարտուղարը նշեց նաեւ, որ հայ-ռուսական պայմանագրով նախատեսված է համաձայնագրի խզումը, եւ լեգիտիմ իշխանության համար այն դադարեցնելը միջազգային իրավունքի հետ կապված խնդիրներ չի հարուցելու: