«168 Ժամի» խմբագրությունն օրերս նամակ է ստացել` «Մի խումբ գործարարներ» ստորագրությամբ` ուղղված ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին: Ստորեւ ներկայացնում ենք նամակի ամբողջական տեքստը.
«Դիմում-բողոք
Հարգարժան պարոնայք, լուրջ վտանգ կա հայաթափության, որի տեմպերը աճում են, տնտեսական գործունեությամբ զբաղվող ձեռնարկությունները, բիզնեսները փակում եւ մեկնում են Հայաստանից, անհարգի մասսայական ստուգումների պատճառով։ 10 տարի առաջ 6 կազմակերպություն էր ստուգում կատարում, հիմա` 17 կազմակերպություն, որի վնասը ավելին է, քան Երկրաշարժի վնասը, թալան է կատարվում, անձնական հաշիվներ են լուծում, օլիգարխների պատվերներ են կատարում, օլիգարխիկ համակարգը կործանարար է։ Վերջերս էլ հանրապետության ոստիկանապետը գրավոր շրջաբերական է գրել տարածքային, մարզային ոստիկանապետերին, որ իրենց տարածքում գործող տնտեսվարողներից-ձեռնարկություններից պահանջում են տնօրենի, գլխավոր հաշվապահի եւ այլ աշխատակիցների տվյալները, գրության իմաստը հասկանալի է եւ խայտառակություն է. ինչո՞վ բացատրել այս լիազորությունների գերազանցումը, սա նման է 1937 թվին, որ իր մարդասպան Չարենցավանի ոստիկաններին թողել ու հիմա ընկել են տնտեսվարողների-բիզնեսների հետեւից, այն դեպքում, երբ իրենց մոտ ավելի խնդիրներ կան չլուծված։ Դանդաղ վերականգնվում է Սովետական Միությունը, գործողությունները արագացնում են տնտեսական կործանումը։ Խնդրվում է ձեզ, կանխեք նման ոճրագործությունը, որը աղետալի հետեւանքների առաջ կկանգնեցնի ողջ տնտեսությունը, ինչը հակասահմանադրական է։
Շնորհակալություն ուշադրության համար»: