«Նաիրիտը» կամաց-կամաց մարում է պարտքերը

28/08/2010

Նախորդ շաբաթ անդրադարձել էինք «Նաիրիտ» քիմիական գործարանում ստեղծված իրավիճակին: Հիշեցնենք, որ արդեն 3 ամիս է` գործարանի ավելի քան 3000 աշխատակիցներին աշխատավարձ չի վճարվել: Գործարանի տնօրեն Վահան Մելքոնյանը մեզ հետ զրույցում վստահեցրել էր, որ մոտ 820 միլիոն դրամի հասնող պարտքի մի մասը, այսինքն` 500 միլիոն դրամը, կվճարվի ընթացիկ ամսվա 20-ին, իսկ մյուս մասը կմարվի մինչեւ սեպտեմբերի 1-ը: Երեկ մենք զրուցեցինք այն աշխատակիցների հետ, ովքեր դժգոհել էին` տեղեկանալու համար` վճարվե՞լ է արդյոք աշխատավարձի պարտքը, թե՞ ոչ: Նրանք հավաստիացրեցին, որ գործարանի աշխատակիցներից ոչ մեկը գումար չի ստացել, եւ այս անգամ էլ խոստացել են ընթացիկ շաբաթվա մեջ վճարել, սակայն «Նաիրիտի» մամուլի ծառայությունից մեզ փոխանցեցին, որ, ինչպես խոստացվել է, մի մասի աշխատավարձերն արդեն վճարվել են, իսկ մի մասն էլ կվարձատրվի շուտով: Նշենք նաեւ, որ չնայած գործարանը մատնված է պարապուրդի, աշխատակիցներից ոչ ոք աշխատանքից չի ազատվել:

Ի դեպ, մեր տեղեկություններով, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Հայաստան կատարած այցի ընթացքում քննարկվել է նաեւ քիմիական գործարանի` մասնավորապես ԱՊՀ Միջպետական բանկի 36 մլրդ դրամի հասնող պարտքի մարման հետ կապված հարցը: Բանն այն է, որ այդ վարկի դիմաց գրավադրվել է գործարանի շենքն ու գույքը, եւ հայտնի չէ, թե պարտքերի մեջ խեղդված գործարանը երբ կկարողանա այն ետ վերադարձնել: ՀՀ Կառավարությունից խոստացան առաջիկայում պատասխանել մեր գրավոր հարցմանը` արդյո՞ք ՌԴ նախագահի այցի ժամանակ գործարանի հարցը քննարկվել է, թե՞ ոչ, եւ ընդհանրապես ի՞նչ միջոցներ է ձեռնարկում ՀՀ կառավարությունը «Նաիրիտում» ստեղծված իրավիճակը շտկելու եւ գործարանի աշխատանքը վերսկսելու ուղղությամբ: