Նոր ընդդիմության կառուցվածքը

28/08/2010

Էս տարի զարմանալի ամառ արեց Երեւանում: Սկզբում խելագար շոգեր էին, հետո, երբ որ շոգը մի քիչ նահանջեց, ամեն ինչ սկսեց ճարճատյունով վառվել: Հենց էդ ժամանակ էլ քաղաքական դասավորումները բոցերի մեջ կորան, տեղը թողնելով, Չարենցի ականջը կանչի, դատարկ տարածություն: Ու հիմա բոլորը, անխտիր բոլորն են հասկացել, որ էս դատարկ տարածությունը լցնել ա պետք: Դրա համար էլ հիմա նստել ծրագիր եմ գրում: Քաղաքական ծրագիր:

Իրականում ես իմ ծրագիրը նոր չեմ գրելու, իմ տեքստերում վաղուց արդեն մանրից գրում էի: Բայց էս հրդեհը ամեն ինչ խառնեց իրար, ու հիմա պետք ա ոչ թե մանրից, այլ խոշորից գրել, էնքան խոշոր, որ բոլորը տեսնեն:

Սկսեմ նրանից, ինչը ամենակարեւորն ա: Նոր ընդդիմությունը չպետք ա հավաքվի մեկ լիդերի շուրջ, որովհետեւ հենց էդ հանգամանքը՝ մեկ լիդեր ունենալը, հանգեցրեց 2008-ի շարժման պարտությանը:

Հայաստանում էսօր ընդդիմադիր ա բնակչության բացարձակ մեծամասնությունը: Մեկ լիդերը, ով էլ որ էդ մարդը լինի, չի կարող միավորել ամբողջ ընդդիմադիր դաշտը, մեկ լիդեր եթե լինի, ընդդիմադիր էս կամ էն հատվածը կմնա դուրս, ոնց որ եղավ Տեր-Պետրոսյանի դեպքում:

Որովհետեւ հայաստանցիների բացարձակ մեծամասնությունը ընդդիմադիր ա, բայց բնակչության տարբեր հատվածներ տարբեր պատճառներով են ընդդիմադիր:

Դրա համար էլ պետք ա լինեն տարբեր լիդերներ, տարբեր քաղաքական ուժեր՝ էս տարբեր հատվածների շահերն արտահայտող, ու պետք ա լինի էն նպատակը, որի շուրջ տեղի կունենա նրանց միավորումը:

Նպատակը էսօրվա փակ շղթան ջարդելն ա:

Հայաստանում էսօր չկա, վերացված ա քաղաքական համակարգը, դրա տեղը բռնել ա քրեական մի համակարգ, որի մեջ տեղ չունեն ոչ հայ ազատականը, ոչ հայ պահպանողականը, ոչ էլ հայ սոցիալիստը:

Ուրեմն էս բոլորի շահերից ա բխում՝ ներկա համակարգը քաղաքական համակարգով փոխարինելը:

Ուրեմն էս երեքը պետք ա միավորվեն՝ միացյալ ուժերով փոխելու Հայաստանի ներքին ստատուս-քվոն ու ստեղծելու էն քաղաքական համակարգը, որում տեղ կլինի բոլորի համար:

Ընդդիմության էսօրվա կառուցվածքն ու վարվելակերպը պետք ա հստակ երաշխիքը լինեն նրա, որ վաղվա Հայաստանում տեղ կլինի բոլոր քաղաքական ուժերի համար:

Հենց էս պատճառով էլ անընդունելի ա հին ընդդիմության՝ Հայ Ազգային կոնգրեսի մոդելը, որտեղ մեկ խարիզմատիկ լիդերի հեղինակության տակ ճզմված են թե հայ ազատականը, թե հայ պահպանողականը, թե հայ սոցիալիստը:

ՀԱԿ-ի մոդելը իրանից ներկայացնում ա բուրգ, որի վերեւում մեկ մարդ ա կանգնած:

Նոր ընդդիմության մոդելը իրանից պետք ա ներկայացնի հորիզոնական ցանց:

Էդ ցանցը պետք ա ձգտի ընդգրկել Հայաստանի բոլոր բնակիչներին, որովհետեւ բոլոր հայաստանցիները, ընդամենը մի բուռ մարդկանց հանած, պոտենցիալ ընդդիմադիրներ են:

Ես ինքս, գաղափարական հիմքի վրա, Հայաստանում տեսնում եմ երեք հիմնական ուժ՝ հայ ազատականությունը, հայ պահպանողականությունը եւ հայ սոցիալիստներին:

Էս երեք ուժերից ամեն մեկը պետք ա ներկայացնի էսօրվա Հայաստանին այլընտրանք ներկայացնող սեփական ծրագիրը եւ էդ ծրագրի շուրջ ակտիվացնի հնարավորինս մեծ թվով մարդկանց:

Որ ծրագիրը ավելի շատ համակիրներ ունեցավ ու ձայներ հավաքեց, նա էլ առաջինը իրականացման շանս կստանա: Բայց սա կերեւա միայն Հայաստանի ներքին ստատուս-քվոն փոխելուց հետո, երբ որ հնարավոր կդառնան արդար ընտրությունները:

Մինչեւ էդ, երեք ուժերը պետք ա դաշինք կազմեն հենց դրա՝ Հայաստանի ներքին ստատուս-քվոն փոխելու նպատակի շուրջ, մշակելով դրա կոնկրետ մեխանիզմները:

Մարինե ՊԵՏՐՈՍՅԱՆ
7or.am