Խարդախության զոհը

28/08/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Գաղտնիք չէ, որ անշարժ գույքի շուկան Հայաստանում թույլ վերահսկելի, ինչպես նաեւ ազգաբնակչության համար խոցելի ոլորտ է: Նախ հազարավոր քաղաքացիներ առուվաճառքի գործընթացն իրականացնելիս ստիպված են լինում փաստաթղթային հարցերը ձեւակերպելու համար կաշառք բաժանել: Բացի դա` անվերահսկելի` հաճախ թյուրիմացության մեջ գցող հայտարարությունների, անշարժ գույքի գրասենյակների եւ անթիվ բրոքերների առկայության պայմաններում մարդիկ դառնում են խարդախության զոհ: Դրան նպաստում է նաեւ ՀՀ քաղաքացիների իրավական գիտելիքների, իրավունքի ճանաչման բացակայությունը, որի պատճառով անշարժ գույքի առուվաճառքի «տնավարի» ձեւակերպված, իրավական ուժ չունեցող պայմանագրերը դառնում են ճակատագրական: Խմբագրության օգնությանը դիմած Կարինե Կարապետյանը երկու դեպքում էլ զոհ է դարձել՝ ինչպես անշարժ գույքի գործակալության, այնպես էլ` կադաստրային մարմինը ներկայացնող անձի գործողությունների արդյունքում: Բանն այն է, որ 2004թ. Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող իր երկու սենյականոց բնակարանը վաճառել է: «Ես միայնակ, հաշմանդամ կին եմ: Հիվանդ երեխա եմ մեծացնում, նրա խնամքն ինձ վրա է: Երեխայիս ուսման տալու համար այնքան գումար չունեի, որ վճարն ապահովեի: Որոշեցի բնակարանը վաճառել, մեկ սենյականոց բնակարան գնել, իսկ մնացած գումարով երեխայի կրթության հարցերով զբաղվել»,- պատմում է Կ. Կարապետյանն, ով բնակարանը վաճառելուց հետո հայտնվել է փողոցում: Տեւական ժամանակ հետեւելով թերթերի հայտարարություններին` նա «Գինդ» թերթից տեղեկացել է «Վ.Վ. Սաիթ» անշարժ գույքի գործակալության մասին, որն իր հայտարարությունների մեջ բավականին էժան գներով բնակարաններ վաճառելու մասին տեղեկատվություն է զետեղել: Որպես գործակալության տնօրեն` ձեւակերպված է եղել Վարդան Վարդանյանը, իսկ աշխատակիցները Կ. Կարապետյանին Քանաքեռ համայնքում երեք սենյականոց մի բնակարան են ցույց տվել, որի արժեքը 2005թ. անշարժ գույքի շուկայական բարձր գների պայմաններում եղել է 7000 դոլար: Նման մատչելի գնով բնակարան ձեռք բերելու առաջարկը Կ. Կարապետյանին խիստ ոգեւորել է, եւ նա մի քանի օր անց գործակալության հետ պայմանագիր է կնքել, եւ բնակարանը գնելու համար 3600 դոլար կանխավճար է փոխանցել. «Անկեղծ ասած` շատ զարմացանք, որ այդքան էժան տուն ենք գտել, բայց կասկած անգամ չունեինք, որ… Կանխավճարը մուծելուց եւ պայմանագիրը կնքելուց հետո ինձ ասացին` ուրբաթ կգաք, որ գնանք նոտար»: Ուրբաթ օրը նա գնում է «Վ.Վ. Սաիթ» անշարժ գույքի գործակալություն եւ տեսնում է Ոստիկանության մեքենաների աժիոտաժը. «Բան չեմ հիշում, հիշում եմ, որ հիվանդանոցում էի հայտնվել: Էդ օրը սթրեսից ինձ ինսուլտ խփեց, դարձա հաշմանդամ»: Այնուհետեւ պարզվել է, որ գործակալության գործունեությունը դադարեցվել է, իսկ տնօրենին խարդախության մեղադրանքով ձերբակալել են: ՀՀ Դատախազությունը պարզել է, որ անշարժ գույքի վերոնշյալ գործակալության ապօրինի գործունեության զոհ է դարձել 21 քաղաքացի, որոնցից մեծ գումարներ ստանալով՝ իրականում գործակալությունը ոչ մի բնակարան էլ չի գնել: Պարզվել է, որ գործակալության ներկայացուցիչները համաձայնության գալով որոշ բնակարանների սեփականատերերի հետ՝ պայմանավորվել են բնակարան գնել ցանկացողներին տանել իրենց տուն եւ խաբել, թե այդ բնակարանները վաճառվում են: Որոշ մարդկանցից նույնիսկ 10.000 դոլարական կանխավճարներ են վերցրել, սակայն հետագայում պարզվել է, որ «գնվող» բնակարանը վաճառքի դրված չէ: Վ. Վարդանյանին խարդախության հոդվածով դատապարտել են 6,6 տարի ազատազրկման. «Մինչեւ հիմա մեր գումարները ետ չեն տվել: Ախր ես կոպեկ-կոպեկ պահել էի, հաշվարկներս չէի կարող խախտել, որովհետեւ փողոցում էի մնում: 3600 դոլարս չեն տալիս, իսկ ես ահավոր վիճակում եմ: Լավ ո՞նց կլինի էսպես. մարդկանց խաբելով, թալանելով, մի՞թե չեն կարողանալու իմ գումարը ետ վերադարձնել»: Կ. Կարապետյանն, ունենալով շատ քիչ գումար, այլեւս չի կարողացել բնակարան գնել եւ տարիներ շարունակ աղջկա հետ ապրել է հարազատների տանը: «Անգամ վարձով չէի կարող ապրել, որովհետեւ շատ քիչ գումար ունեի, դեռ հույս ունեի, որ մի բուն կգտնեմ»: 2006թ. նա տեղեկանում է, որ Նար-Դոս 1-ին նրբանցք, N 5 հասցեի բնակիչ Սերգեյ Պողոսյանը վաճառում է իր տան օժանդակ կառույցը. «Նա քրոջս հարեւանն է: Փոքրիկ` 10քմ կազմող մի «բուն» է, որն անգամ սեփականաշնորհված չէր: Վկաների մասնակցությամբ, ստացականով ես Սերգեյին տան համար վճարել եմ 7200 դոլար: Այսինքն` այնքան, որքան պահանջել է այդ տան համար»,- պատմում է Կ. Կարապետյանը, ով հետագայում դիմել է կադաստրային մարմին` օժանդակ շինության նկատմամբ սեփականաշնորհման իրավունքի վկայական ստանալու համար: Պետական մուծումները կատարելուց հետո Կ. Կարապետյանի տուն է գալիս կադաստրային մարմնի աշխատակիցը, որպեսզի չափագրումներ կատարի. «Եկավ կադաստրի աշխատող Ռաֆիկ Այվազյանը, որպեսզի գծագրի, չափագրի, մի խոսքով` ինչ-որ գործողություններ կատարի, որպեսզի օրենքով սահմանված կարգով տարածքն իմ անունով սեփականաշնորհվի եւ փաստաթղթերով արդեն ինձ պատկանի: Հետո Սերգեյին ասաց` դու բակում պրոբլեմներ ունես, նախկինում ինքնակամներ ես ունեցել եւ այլն: Հասկացանք, որ էդ խնդիրները վերացնելու համար գումարներ են պետք: Պարզվեց՝ 1000 դոլար կաշառքով էդ խնդիրները կհարթվեն, մանավանդ, որ Ռաֆիկն ասել էր, որ ինքը մենակ չի անում էս գործը: Հետո սակարկել էին ու 700 դոլար ինձնից ուզեցին»,- պատմում է նա` ասելով, որ Ս. Պողոսյանի միջոցով Ռ. Այվազյանին տրվել է 700 դոլար կաշառք, որի հետ կապված փաստերը Կ. Կարապետյանը պատրաստ է տրամադրել համապատասխան կառույցներին, քանի որ կաշառք տալու թե՛ ձայնագրության, թե՛ տեսաձայնագրության ապացույցները պահպանել է: Սեփականաշնորհման գործընթացը մեկնարկել է, եւ Կ. Կարապետյանը նոտարական գրասենյակում, կադաստրային կառույցում կատարելով բոլոր պետական վճարումները եւ ներկայացնելով փաստաթղթերը՝ ստացել է սեփականաշնորհման վկայական. «Մի խոսքով` մինչեւ վերջին կոպեկս քամելով էդ բունն ինձ տվեցին: Ուրախությանս չափ չկար, որ սեփականության վկայական կունենամ, առանց մանրամասն կարդալու՝ վկայականի տակ ստորագրեցի: Սկսեցի վերջապես հանգիստ սրտով ապրել, որ օրինական 10 քմ ունեմ ու փողոցում չեմ հայտնվի: Անցավ 4 տարի, եւ հիմա պարզվեց, որ… Մեր տան կողքի հատվածում մի մեծ փոս կար, որտեղ սկսեցին շենք կառուցել: Մեզ տեղեկացրին, որ մեր տարածքը շուտով քանդելու են` բնակելի շենք կառուցելու նպատակով: Այսինքն` մեր տունն էլ բոլորի նման քանդման ենթակա է: Այսինքն` տարածքի բնակիչներին փոխհատուցում են տրամադրելու, որպեսզի իրենց տների տարածքում շենք կառուցեն: Մի օր թաղայինն եկավ. սեփականության վկայականներ էր նայում էդ հարցով, երեւի հաշվառում կատարելու համար: Իմ վկայականը նայելուց հետո հարցրեց` բա ո՞ւր են քո տան պատերը… Մի խոսքով` պարզվեց, որ էլի խաբել են ու ինձ տվել են ոչ թե բնակելի տան սեփականության վկայական, այլ` օժանդակ շինության: Այսինքն` տարածքը քանդելու դեպքում ինձ ոչինչ չեն տա, կամ 10 քմ հողի համար չնչին փոխհատուցում կտան»: Նրա հավաստմամբ` Ս. Պողոսյանը եւ Ռ. Այվազյանը գալով համաձայնության՝ դիմել են խարդախության: Այսինքն` որպես բնակելի տուն՝ վերոնշյալ հասցեն, համաձայն փաստաթղթերի` պատկանում է Ս. Պողոսյանին, որը նա իբր վաճառել էր տիկնոջը, իսկ 10քմ հողատարածքը՝ որպես սեփականություն, պատկանում է Կ. Կարապետյանին: Մի խոսքով` նա կրկին մնացել է առանց ոչնչի: Հունիսի 7-ին Կ. Կարապետյանը բողոք է ներկայացրել ՀՀ Ոստիկանության Էրեբունու բաժանմունք` ներկայացնելով կաշառք վերցնելու միջոցով խարդախությամբ իրեն ունեզրկելու բոլոր փաստերը: Էրեբունուց գործը տեղափոխվել է Կենտրոնի ոստիկանություն, սակայն գործի քննությունը մնում է անավարտ: Կ. Կարապետյանը դիմել է նաեւ ՀՀ Ոստիկանության Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչություն (6-րդ վարչություն). «6-րդ վարչությունում գործ հարուցվեց, հետո ուղարկվեց Կենտրոն, հետո` նորից Էրեբունի, մի խոսքով` կարուսելի նման պտտեցնում են: 6-րդ բաժին եմ ներկայացրել ձայնագրությունները, ստացականները, այսինքն` էնտեղ քննություն կատարվել է, կաշառք վերցնելու դեպքը բացահայտվել է: Ս. Պողոսյանը խոստովանել է, որ կաշառք է տվել կադաստրի ներկայացուցչին: Էնտեղ ինձ վստահեցնում էին, որ ես իմ գումարները կստանամ, վնասի հատուցում կլինի, գործը կբացահայտեն, բայց… Մեզ ոչ մի տեղեկություն չեն տալիս քր.գործի ընթացքից»: Ըստ նրա` մինչեւ մարտ ամիս այն տարածքը, որտեղ նա ապրում է` քանդվելու է եւ բնակելի շենք է կառուցվելու: Եթե ՀՀ Դատախազությունն այս գործին ընթացք չտա, 2-րդ կարգի հաշմանդամ այս կինն իր հիվանդ երեխայի հետ կհայտնվի փողոցում: Նա դիմումներ է ուղարկել ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին եւ ՀՀ գլխավոր դատախազին, որտեղ ներկայացրել է կոռուպցիայի եւ խարդախության այս դեպքի մանրամասները: Ի դեպ, Կ. Կարապետյանն իր միակ երեխային որդեգրել է. «Մանկատան երեխա է, էսքան տարի հարազատ մոր նման պահել եմ, բայց էս ի՞նչ արեցին մեր հետ: Մեր պետական մարմիններին խնդրում եմ, որ ինձ օգնեն: Էսքան տարի ինձ քաշքշեցին, թալանեցին, գցեցին հիվանդանոց, հիմա էլ կգցեն փողոց, ու չգիտեմ, թե երեխայիս հետ ինչ կլինի: Էս ի՞նչ խաբեբա ժողովուրդ ենք, էս ի՞նչ անօրեն երկիր ենք»: