Բուհերը հաշվելու ժամանակը

28/08/2010 Արա ԳԱԼՈՅԱՆ

Աշունը ճտերին հաշվելու ժամանակն է: Իսկ աշնան շեմը` բուհերը հաշվելու: Համենայնդեպս իրավիճակն է այդպիսին: Կրթության ու գիտության նախարարությունը ամռանը պարապ չի նստել, այլ ստուգել է 25 ոչ պետական բուհ: Ստուգման արդյունքում 7 մասնավոր համալսարաններ զրկվել են արտոնագրերից: Արդյունքում 2000 ուսանող սեպտեմբերի 1-ին կզրկվի իր Alma Mater հաճախելու հաճույքից: Սրա նախադեպը մեր կրթական համակարգն ունի: Անցած տարվա ստուգումների արդյունքում 1100-ից ավելի ուսանող էր զրկվել կրթական Ստնտու Մորից: Նրանցից միայն 350-ը ֆինանսական միջոցներ գտավ կրթությունը պետական, այսինքն` ավելի թանկ կրթավճար պահանջող բուհերում շարունակելու համար: Մի քանի տարի առաջ պետությունը բաց տեքստով հայտարարեց, որ խստացնելու է մասնավոր բուհերի գործունեության պայմանները: Անմիջապես հայտնվեց տեսակետ, որ պետությունն այդ քայլին գնում է ոչ թե կրթության որակը բարձրացնելու, այլ պետական բուհերի համար ավելի նպաստավոր պայմաններ ստեղծելու համար: Մեր կրթական համակարգը քայլ առ քայլ եվրոնորոգման է ենթարկվում: Հանրահայտ Բոլոնյան գործընթացի մեջ ներքաշվելով՝ նախ բարեփոխվեց հանրակրթական դպրոցը: Միջնակարգ կրթության տասնամյա ժամկետը վերաճեց 12 տարվա: Եվ այս գործընթացը հանգեցրեց նրան, որ եկող տարի մեր հանրակրթությունը շրջանավարտ չի ունենալու: Զուտ ժողովրդագրական առումով էլ վիճակը բարվոք չէ: Անցած 4 ուսումնական տարիների ընթացքում դպրոցականների թիվը նկատելի կրճատվել է: 2004/5 ուստարում դպրոցներն ունեին 483.000 աշակերտ: 2008/9 ուստարում` 409.000: Բայց աշակերտների թվի կրճատմանը հակառակ՝ ամեն տարի աճում է ուսանողների քանակը: Նույն 2004/5-ին պետական ու մասնավոր բուհերում սովորում էր 85.000 ուսանող: Իսկ 2008/9 ուստարում` 114.500: Տպավորություն է ստեղծվում, որ թե պետական, թե մասնավոր բուհերը ուռճացնում են ուսանողների թվաքանակը` պատրաստվելով եկող տարվա ֆինանսական երաշտին: Անցած տարվա փորձը ցույց տվեց, որ մասնավոր բուհերի արտոնաթափը կարող է ոսկե ձվեր ածել պետական բարձրագույն համակարգի համար: Մասնավորի դեմ տոտալ պայքարի արդյունքում նրանց ուսանողների մեկ երրորդին իրենց կրթավճարներով կարելի է «տեղափոխել» պետական բուհեր: Մեր կրթական համակարգի ղեկավարներն, իհարկե, հրաժարվում են ընդունել, որ իրենց գործողությունների հիմքում հենց այս շարժառիթն է: Նրանք հրապարակավ հայտարարում են, որ զօր ու գիշեր մտածում են միայն երկրի բուհական համակարգի հեղինակության եւ բարձրագույն կրթության որակի բարձրացման մասին: Բայց անգամ պաշտոնական վիճակագրությունը հակառակն է ապացուցում: Տարեցտարի կրճատվում է բուհերում դասավանդող ակադեմիկոսների, գիտությունների դոկտորների ու պրոֆեսորների քանակը: Իսկ սա խոսուն ցուցանիշ է: Ցանկացած գործատու կարող է պնդել, որ իրենց չեն բավարարում մեր բուհերի շրջանավարտների մասնագիտական որակները: Իսկ ուսանողներից շատերը կարող են բերել ուսումնական ծրագրերի օրինակներ: Ծրագրեր, որոնք կազմվել են անցած դարի 60-70-ական թվականներին ու մինչեւ հիմա չեն վերանայվել: Ոչ պետական 7 բուհերի արտոնազրկմանը զուգահեռ, այս տարի եւս 7 մասնավոր բուհերի արտոնագրեր մասնակիորեն դադարեցվել են: Իսկ ինչո՞ւ նման սանկցիաներ չեն կիրառվում պետական բուհերի հանդեպ: Ժամանակին հաշտվեցինք այն մտքի հետ, որ գիտական կոմունիզմի պրոֆեսորական կազմն իրեն քաղաքագիտության մասնագետ հռչակեց: Հռչակեց ու սկսեց անխնա դասավանդել: Հաշտվեցինք նաեւ այն փաստի հետ, ու մեր ավանդական ու հեղինակավոր պետական բուհերն իրենց համալսարաններ հռչակեցին: Ու այդ նորաթուխ համալսարանները՝ առանց լուրջ ուսումնամեթոդական ձեռնարկների, առանց դասագրքերի ու համապատասխան որակավորում ունեցող դասախոսների, ժամանակակից ու մոդայիկ մասնագիտացումներ են բացում: Բացում են ու դիպլոմներ տիրաժավորում: Պետական բուհերը վերածվել են յուրօրինակ առեւտրային կառույցների: Նույն այդ ավանդական բուհերը ներգրաված միջոցները, որպես կանոն, չեն ուղղորդում ուսումնամեթոդական ծրագրերի ու դասախոսական կազմի որակի բարձրացման ոլորտ: Բուհերի հեղինակությունն ու վարկը չի մտահոգում ոչ բուհերի ղեկավարությանը, ոչ կրթության ոլորտի կառավարիչներին: Հայաստանյան բուհերի դիպլոմները հրաժարվում են ճանաչել այն երկրները, որոնք տասնամյակներ շարունակ ուսանողներ էին գործուղում Հայաստան` կրթություն ստանալու: Իրանը, Սիրիան, Հնդկաստանը այդ երկրներից են: Արտասահմանյան ուսանողների պակասող թիվն անգամ չի անհանգստացնում ոլորտի ղեկավարներին: Հավանաբար այն պատճառով, որ վերջին տարիներին Հայաստան սովորելու են գալիս արտագաղթած հայ ընտանիքների երեխաները: Հիմնականում ՌԴ-ից: Բայց կրթական որակի անկման արագությունից դժվար չէ ենթադրել, որ այս գործընթացն էլ երկարաժամկետ չէ: Հենց վերադարձող մասնագետները համապատասխան մասնագիտական որակավորում չունենալու պատճառով ՌԴ-ում աշխատանք չգտնեն, մեր հայրենակիցները կհասկանան, որ երեխաներին կրթության պետք է տալ ռուսաստանյան թանկ բուհերում: Նկատե՞լ եք, որ վերջին շրջանում մեր կառավարությունը սկսել է քիչ խոսել նանո տեխնոլոգիաներից, տնտեսության գիտելիքահեն ճյուղեր զարգացնելու հեռանկարից: Գուցե մի բան գիտեն, որ հասարակությանը դեռ հայտնի չէ: