Հաղթենք մեր հաղթած պատերազմը

09/10/2005 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Վերջերս Ղարաբաղում շրջանային մասշտաբի մի պաշտոնյայի, ով նաեւ ԼՂՀ
Ազգային ժողովի պատգամավոր է, հարցրի՝ ի՞նչ է լինելու Ղարաբաղի հարցը։
«Ամեն ինչ եղած ա,- շատ խրոխտ պատասխանեց ժողովրդի ընտրյալը։ -Թորքն էլ
գիտի, որ ամեն ինչ վերջացած ա»։

Մարդն, անշուշտ, խոսում էր պատերազմի եւ դրա՝ մեզ համար շահեկան արդյունքի
մասին, ես, սակայն, հարցնում էի ոչ պատերազմի, ոչ էլ դրա՝ մեզ համար
շահեկան, ռազմաքաղաքական արդյունքի մասին։ Ես ուզում էի իմանալ, թե այդ
կողմերում երբեւէ լինելո՞ւ է անվտանգ խաղաղություն եւ իրական զարգացում,
թե՞ մեր ժողովրդի մի հատվածն ապրելու է զորանոց-զորավարժարանի
կարգացույցով։

Խաղաղության մասին ամեն խոսք դեմ է առնում փոխզիջումների անհնարինության
կոշտ քարին։ «Վախիլ մի»,- խաղաղության մասին հարցիս ի պատասխան`
քաջալերում է ինձ մի մարդ, ում ընտանիքում բազմաթիվ կորուստներ են եղել։
«Մունք ըստի ենք»,- ասում է մարդն ու պատմում պատերազմի մի փոքր դրվագ,
որի տասը-տասնհինգ րոպեի ընթացքում երկու կողմից ութ մարդ է զոհվել,
երեքը՝ վիրավորվել։

Ոչինչ, որ այդ մարդը չունի կյանքի ու կենցաղի տարրական պայմաններ։ Ոչինչ,
որ պետության տված չնչին նպաստով ու բնության ողորմածությամբ մի կերպ
պահում է իրեն ու իր զոհված որդու երեք զավակներին։ Կարեւորը
հերոսականությունն է, իմացյալ մահվան գիտակցությամբ ապրելը։

Ղարաբաղի հասարակության տարբեր հարթություններում մի միտք է հաճախ հնչում։
Ասում են, մենք արդեն փոխզիջումն արել ենք, հրադադար ենք հաստատել։
Այսինքն՝ զրկելով մեզ «հարատեւ կռվի» հաճույքից, համաձայնել ենք
խաղաղության, հիմա էլ ի՞նչ տարածքների մասին է խոսքը։

Եվ ընդհանրապես խաղաղությունը, որ կենսական պահանջ պիտի լիներ ղարաբաղցու
համար, կարծես ընդամենը քաղաքական բառապաշարի մի տերմին է, որն
օգտագործողները կասկածվում են վախկոտության, թուլակամության, ինչո՞ւ չէ,
նաեւ դավաճանության մեջ։ Եթե խաղաղություն ես ուզում, ուրեմն անպայման
ուզում ես վերադարձնել արյամբ նվաճված հողերի մի մասը։

Ղարաբաղում շրջելիս այնպիսի տպավորություն ես ստանում, որ մարդիկ ոչ թե
ապրում են, այլ սպասում ինչ-որ բանի՝ լավ կամ վատ, կարեւոր չէ։ Սպասում
են, ինչպես երիտասարդ տղան է սպասում, որ աշխատանք գտնի, գործերը լավանան,
տուն առնի, ավտո առնի, նոր ամուսնանա։ Բայց երբ գործերը լավանում են,
տունն ու ավտոն լինում է, պարզում է, որ արդեն չի ուզում ամուսնանալ։ Սա`
մի դեպքում, մի այլ դեպք էլ կա՝ ոչ աշխատանք է գտնում, ոչ էլ գործերն են
լավանում, եւ արդեն չափազանց հասուն տարիքում ծնողները զոռով ամուսնացնում
են նրան, որ կողքին մեկը լինի՝ ձանձրույթն ու հոգեկան ընկճվածությունը
հաղթահարելու համար։

Ղարաբաղում շրջելիս այնպիսի տպավորություն ես ստանում, թե մարդիկ սպասում
են որոշակի կարգավիճակի։ Կարգավիճակն, ի դեպ, որպես քաղաքական բառապաշարի
տերմին, այստեղ ավելի արժեքավոր նշանակություն ունի, քան խաղաղությունը։
Սա գուցե բնական է, որովհետեւ խաղաղություն ասելով, մարդիկ կարող են
պատկերացնել իրենց տեսածը, այն, ինչ կար մինչեւ 88-ը, այն, ինչը կոչվում
էր ԼՂԻՄ։ Իսկ կարգավիճակը բոլորովին նոր ու անծանոթ մի բան է, բավական
տարբեր Ղարաբաղի դե ֆակտո իրավիճակից։

Երբ պարզ, հասարակ մարդկանց, գյուղերի կամ քաղաքների բնակիչներին հարցնում
ես, թե լուծումն ի՞նչ պիտի լինի, երբեք մեկ պատասխան չես ստանում. «Կամ
միանում ենք Հայաստանին, կամ էլ անկախ ենք լինում»։ Այս պատասխանը եւս
քաղաքական փաթեթներից է, տարբերակներ, որոնք խաղարկվում են մեծ կամ փոքր
տրամաչափի բանակցություններում։

Ու երբ հարցնում ես` «Հիմա դրանցից ո՞րը», գյուղերի բնակիչներն ավելի
հաճախ կողմ են լինում առաջինին, իսկ քաղաքներում՝ երկրորդին։ Սովորական
մարդիկ ուզում են Հայաստանին միանալ, իսկ տարբեր աստիճանների չինովնիկների
համար Ղարաբաղի անկախությունն ինքնասիրության կամ եսասիրության պես մի բան
է։ Սա պարզ է ու հասկանալի. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինչ-որ
նախարարությունում վարչության պետ լինելու եւ Հայաստանի մարզպետարաններից
մեկում բաժին ղեկավարելու միջեւ կարգավիճակի ահռելի տարբերություն կա։

Եվ գուցե կարգավիճակի այս բարձր գիտակցությունն է պատճառը, որ Ղարաբաղի
կառավարությունն, իր սուղ միջոցները մարդկային զարգացման ծրագրերին
ուղղելու փոխարեն, Ստեփանակերտի կենտրոնում Ազգային ժողովի նոր շենք է
կառուցում։ Մի անգամ, կարծեմ դեռ վարչապետության շրջանում, Ռոբերտ
Քոչարյանը՝ պատասխանելով Ստեփանակերտում կառուցվող շքեղ առանձնատների
մասին հարցին, ասել էր, թե դրանք հույս են տալիս ժողովրդին։ Այսինքն՝ եթե
հրամանատարներն ու տարբեր մակարդակի պաշտոնյաներն ինչք են ստեղծում,
ուրեմն, հարգելի ժողովուրդ, այստեղ ապրել կարելի է։ Հիմա կարող են ասել,
թե Ազգային ժողովի շենքն էլ է հույս ներշնչում։ Ներշնչում է, այո, բայց՝
կարգավիճակի հույս, ոչ թե ապրելու։

Մի գործարար բողոքում էր, որ համատարած գործազրկության պայմաններում չի
կարողանում աշխատող գտնել։ «Զարմանալու բան չկա,- հաջորդ հարցս կռահելով
ասաց,- բոլորն այստեղ Հայաստանից, Ռուսաստանից կամ այլ տեղերից օգնություն
են ստանում, եւ պետական ապարատի աշխատանքից բացի այլ գործի չեն ուզում
գնալ»։ Այսինքն՝ աշխատանքն էլ այստեղ ոչ թե կենսակերպ է, ապրելու միջոց,
այլ` կարգավիճակ։

Երբ այս տպավորություններով վերադարձա Ղարաբաղից, հաջորդ առավոտյան բոլոր
լրագրերը ներկայացրել էին ջավախքյան թնջուկը։ Ջավախքի քաղաքական բոսն
ինքնավարություն էր պահանջում՝ այս, այս, այս պատճառներով, որոնք հար եւ
նման էին 1988-ին թվարկվող պատճառներին։ Դրանց մեջ անշուշտ կար նաեւ
ջավախահայության սոցիալ-տնտեսական ծանր վիճակը։ «Մահ կամ ազատություն»,-
մտածեցի ես եւ աչքերս փակելով պատկերացրի, թե Ջավախքի ավերված գյուղերի
քարուքանդ ճանապարհներով եւ ամայացած, անմշակ հողերի միջով ոնց են սլանում
քաղաքական սույն բոսի եւ նրա մերձավոր շրջապատի թառլան «JEEP»-երը։