Մեր Հայրենիք, թշվառ, անտեր…

19/08/2010

Այսօր վերջապես Հայաստան է ժամանում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, որի այցելության մասին լուրը, մեկ ամսից ավելի է, անասելի հաճույքի է հասցրել ՀՀ իշխանություններին ու պետական քարոզչամեքենային: Սակայն Մեդվեդեւի րոպեական հաճույքների համար կատարված աննախադեպ ծախսերը, Երեւանի ու Հայաստանի ճանապարհների մեծ մասի ծաղկազարդումը, ասֆալտապատումը համապետական նվաստացման միայն մակերեսային կողմն է: Դրան գուցե եւ հնարավոր լիներ նորմալ վերաբերվել, եթե Հայաստանի իշխանությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում փորձեր պահպանել ինքնիշխան, համահավասար իրավունքներ ունեցող երկրի կարգավիճակը: Գոնե հրապարակային հարթությունում: Մինչդեռ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի` երեկ ռուսական «Ռոսիա – 24» հեռուստաալիքին տված հարցազրույցը հերթական անգամ ցույց տվեց, թե Հայաստանի իշխանությունները որքան ստրկամտորեն են վերաբերվում Ռուսաստանի հետ հարաբերություններին: Անթաքույց այն քծնանքը, որ հորդում էր Ռուսաստանին ուղղված Նալբանդյանի արտահայտություններից, ուղղակի նվաստացուցիչ է մի երկրի քաղաքացիների համար, որը գոնե դեռեւս դե յուրե ինքիշխանության ատրիբուտներ ունի: Եվ այդքանից հետո Մեդվեդեւի այցից ունեցած լավատեսական հայտարարությունները նշանակում են ընդամենը ծանոթ չլինել ՀՀ արտգործնախարարի թշերի յուրահատկություններին, որոնք փաստորեն օժտված են «կոմպլեմենտար առաձգականությամբ»: Այնպես որ, դատելով Հայաստանի իշխանությունների արդեն «ռուսական նախաձեռնողականությունից», պետք է մի բան էլ շնորհակալ լինել, որ ռուսները Հայաստանի մասին խոսելիս օգտագործում են «ֆորպոստ» արտահայտությունը: Եթե չեք հավատում, եւս մեկ անգամ ունկնդրեք ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի երեկվա հարցազրույցը: