ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական, ԱՄՆ Մարշալի Գերմանական Հիմնադրամի (GMF) ավագ փորձագետ Դեւիդ Կրամերը հույս է հայտնել, որ արձակուրդի ավարտից հետո Մեթյու Բրայզայի նշանակումը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հավանության կարժանանա Արտաքին գործերի կոմիտեի, ապա` Սենատի ողջ կազմի կողմից: «Մեդիամաքսի» հետ բացառիկ հարցազրույցում նա խոստովանել է, որ բարեկամական հարաբերություններ ունի Մեթյու Բրայզայի հետ: Նրա խոսքով, Բրայզան շատ լավ է պատրաստված այդ աշխատանքի համար եւ «կդառնա հիանալի դեսպան»: «Նա գիտի բոլոր առանցքային դերակատարներին Ադրբեջանի կառավարությունում եւ դրանից դուրս: Նա վճռականորեն եւ հմտորեն կներկայացնի ԱՄՆ շահերը եւ չի խուսափի բարդ խնդիրներից, որոնք ներառում են Ադրբեջանում ժողովրդավարության զարգացումն ու մտահոգությունները մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ»,- ասել է Դ. Կրամերը: «Երեւանում աշխատում է ԱՄՆ շատ գործունյա դեսպան Մարի Յովանովիչը, եւ Ադրբեջանում ամերիկյան լիարժեք ներկայությունը շատ կարեւոր է Ադրբեջանի, Հայաստանի եւ ողջ տարածաշրջանի համար: Հուսով եմ` Մեթյու Բրայզան կհաստատվի հնարավորինս շուտ»,- ասել է նա: