– Ինչո՞ւ ՀԱԿ-ը կարծիք չարտահայտեց Հայաստանում ռուսական ռազմաբազաների երկարաձգման մասին: Մի՞թե դա այդքան կարեւոր կամ վտանգավոր իրադարձություն չէր մեր երկրի համար:
– ՌԴ շահերի տեսակետից՝ դա, անշուշտ, հաջողություն է: Նա ձգտում է հնարավորինս վերականգնել իր նախկին ազդեցության ոլորտները, խորացնել ու առավել հարատեւ դարձնել այդ ազդեցությունը: Սա բնական ձգտում է գերտերության համար: Նույնքան բնական է, որ ազդեցության նախկին այդ ոլորտները, առաջին հերթին՝ նախկին ԽՍՀՄ կազմում հայտնված, այսօր անկախ պետություններն իրենց հերթին աշխատում են հնարավորինս զերծ մնալ այդ ազդեցությունից, մեծացնել սեփական ինքնիշխանությունը: Սակայն միմյանց հետ հարաբերվող երկու պետություններից մեկի լիակատար ազդեցություն ունենալը, մյուսի` այդ ազդեցությունից լիակատար դուրս լինելը նույն ուղղի հակառակ ծայրակետերն են: Իրականում օպտիմալ լուծումները գտնվում են այդ երկու ծայրակետերի միջեւ: Եվ այդ միջակայքում է, որ կարող է երկու երկրների հարաբերությունները կարգավորող պայմանագրերի համար օգտագործվել «փոխադարձաբար շահավետ» արտահայտությունը: Իսկ թե ո՞ր կետում է տվյալ պահին «փոխադարձաբար շահավետը», դա էլ կախված է հարաբերվող երկրների ուժից, հզորությունից, նրանց ունեցած ներքին եւ արտաքին խնդիրներից, իշխանության որակից եւ այլն: Նման օպտիմալ մի կետ հայ-ռուսական հարաբերությունները կարգավորող միջպետական փաստաթղթերում ժամանակին գտնվել էր, եւ որեւէ մեկը երբեւէ չի վիճարկել դրա փոխադարձաբար շահավետ լինելը: Այդ պայմանագրերում վերջին 10 տարում էլի են եղել լրացումներ կամ փոփոխություններ, եւ ընդհանուր միտումը, տեղաշարժը ռուսական պետության ազդեցության մեծացման ուղղությամբ է գնացել: Ռազմաբազայի ժամկետի այս երկարաձգումը հերթական մի քայլն է նույն ուղղությամբ: Բայց այստեղ խնդիրը ամեն մի նման քայլի կամ փաստի առիթով հերթական, քաղաքական շոու սարքելը չէ` այն գերագնահատելով կամ թերագնահատելով, ոչ էլ նույնիսկ հիշատակածս միտումն արձանագրելը: Խնդիրը դրա հիմքը, պատճառը բացահայտելն է: Վերը թվարկածս հանգամանքներից տվյալ տեղաշարժում միայն մեկն է դեր խաղացել ու խաղում` դա իշխանության որակն է ոչ լեգիտիմ, կոռումպացված, հանցավոր, ու դրանով իսկ խոցելի ու թույլ: Այդ որակով միջպետական հարաբերություններում նա վաղուց դադարել է հավասարազոր սուբյեկտ լինելուց: Նրան կա՛մ թելադրում են, կա՛մ նրանից խլում, կա՛մ ընդունում նրա «փեշքեշը»` իշխանական «յառլիկը» երկարաձգելու համար:
Ինչ վերաբերում է Կոնգրեսի դիրքորոշմանը. նոր միայն ամբողջությամբ հրապարակված փաստաթղթերն ուսումնասիրվում են, եւ պաշտոնական դիրքորոշում, կարծում եմ, կլինի:
– Համաձա՞յն եք այն կարծիքին, որ Հայաստանի ինքնիշխանությունը վտանգի տակ է դրվում` կրկնապատկելով ՌԴ ռազմաբազաների տեղակայման ժամկետը:
– Հայաստանի ինքնիշխանությունը վտանգի տակ է դրված առաջին հերթին իր ոչ լեգիտիմ, հանցավոր իշխանությամբ: Վերջին հաշվով, չկա որեւէ արտաքին հանգամանք, որն այնքան վտանգավոր լինի երկրի ու ժողովրդի համար, որքան ներքինը: Լեգիտիմ, անխոցելի իշխանությունը երկիրն ու արտաքին խնդիրները չէր հասցնի այնպիսի հանգրվանի, որ ինքը ստիպված լիներ նման մտահղացում ունենալ կամ Ռուսաստանին նման մտահղացման հիմք տալ: Լեգիտիմ, անխոցելի իշխանությունը այս ընթացքում առնվազն կկարողանար «փոխադարձաբար շահավետ» միջպետական հիմնական փաստաթղթերը պահել նույն կետի վրա, եթե ոչ՝ դրանք տեղաշարժել դեպի սեփական ինքնիշխանության մեծացում: Այնպես որ, իրոք, հետեւանքների դեմ կռիվն ու աղմուկը միայն օգնում է մոռանալ դրանց հիմքի, պատճառի մասին: Այս վարչախմբի համար, բացի սեփական իշխանության պահպանումից եւ ունեցվածքի բազմապատկումից, ուրիշ խնդիր գոյություն չունի, նրանց ամեն մի օրը վտանգում է Հայաստանի ինքնիշխանությունը եւ գոյությունն իսկ: Այնպես որ` ռազմաբազայի ժամկետի երկարաձգման հիշյալ խնդիրը ո՛չ դրանցից ամենակարեւորն է, ո՛չ էլ միակը: Զանգվածային արտագաղթը, ժողովրդի ունեզրկումը, տնտեսության մոնոպոլիզացիայի աստիճանի խորացումը, արժեքային համակարգի այլասերումը, հասարակության մեջ երկիրը լքելու միտումի մեծացումը շատ ավելի մեծ ու անդարձելի վտանգներ են իրականում:
– Կոնգրեսը միշտ հայտարարել է, որ անկախ այն հանգամանքից, թե երբ է նշանակված հերթական հանրահավաքը, Հայաստանին սպառնացող վտանգի դեպքում արտահերթ հանրահավաք կհրավիրի: Այս պայմանագրի ստորագրումը նման վտանգ չի պարունակում։
– Կոնգրեսը հանրահավաք է պլանավորել սեպտեմբերի 17-ին եւ այլ որոշում չունի: Եվ ինչպես նախորդ բոլոր հանրահավաքները, սա եւս ուղղված է լինելու Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող թիվ 1 վտանգի` իշխող վարչախմբի դեմ: Կարող եմ կրկնել. չարիքը պետք է արմատախիլ անել, ոչ թե կռվել նրա հետեւանքների դեմ:
– Հիշյալ փաստաթղթում ասվում է նաեւ, որ ռուսական ռազմաբազան «ՀՀ զինված ուժերի հետ համատեղ ապահովում է ՀՀ անվտանգությունը»: Ի՞նչ է ենթադրում այս արտահայտությունը:
– Ռազմական բազայի առկայությունը որեւէ երկրում արդեն իսկ նման պարտավորություն ենթադրում է: Չեմ կարծում, թե դրանով Ռուսաստանը լրացուցիչ պարտավորություն է ստանձնել: Իսկ լավագույնը կլիներ այն, որ Հայաստանը ո՛չ սուր խնդիրներ ունենար հարեւանների հետ, ո՛չ էլ սեփական անվտանգությունն ապահովելուն ուղղված նման «անմիջական» օգնության կարիք: