Վերջապես այսօր Հայաստան է ժամանելու ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, որի այցը մեր երկիր արդեն երկար ժամանակ դարձել է բուռն քննարկումների առարկա:
Մեդվեդեւի այցն ու մի շարք փաստաթղթերի ստորագրումը այսօր Հայաստանի արտաքին քաղաքականության թիվ մեկ խնդիրն են դարձել: Դրանք ետին պլան են մղել անգամ ԼՂՀ հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերը: Հավանաբար այն պատճառով, որ մեր արտաքին քաղաքականության այդ երկու մեծ խնդիրների լուծումը մեծապես կախված է ՌԴ-ից, Մեդվեդեւի այցից ու ստորագրվելիք պայմանագրից: Բուռն մեկնաբանությունների թեմա է դարձել հատկապես ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայումը երկարաձգելու, 1995թ. կնքած պայմանագրի ժամկետը 25 տարվա փոխարեն 49 տարի դարձնելու նախաձեռնությունը: Այս փոփոխությունն ամրագրող փաստաթուղթը կստորագրվի վաղը Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի առանձնազրույցից ու երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված բանակցություններից հետո: Բացի այն, որ ստորագրվելիք փաստաթղթով ռուսական 102 ռազմակայանը Գյումրիում 15 տարի տեղակայվելուց հետո կմնա եւս 34 տարի, մեր տեղեկություններով՝ ռուսական կողմը ՀՀ իշխանությունների հետ քննարկել է նաեւ այլ խնդիրներ, որոնք պայմանագրի տեքստում ուղղակիորեն չեն երեւում, եւ որոնց մասին բարձրաձայնելը կարող է միջպետական սկանդալի պատճառ դառնալ: Որոշ տեղեկությունների համաձայն` քննարկված հարցերից մեկն էլ ռուսական ռազմակայանի ստորաբաժանումները ՀՀ մյուս սահմանները տեղաշարժելու հնարավորության հարցն է: Անցած 15 տարիներին այդ ռազմակայանը տեղակայված է եղել հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանների երկայնքով: Իսկ Թուրքիայից ու Իրանից բացի, Հայաստանը սահմանակից է Ադրբեջանին ու Վրաստանին: Հատկապես վերջինիս նկատմամբ ՌԴ-ն ունի անթաքույց թշնամական հարաբերություններ: Այսինքն՝ ՀՀ իշխանությունների հետ քննարկվել է նաեւ անհրաժեշտության դեպքում ռուսական ստորաբաժանումները դեպի հայ-վրացական եւ հայ-ադրբեջանական սահմանները տեղաշարժելու հնարավորության հարցը: Մեր տեղեկություններով՝ այս նախաձեռնությունն ուղղված է հատկապես Վրաստանի դեմ: Հիշեցնենք, որ վաղը ստորագրվելիք փոփոխությունները ՌԴ-ին հնարավորություն կտան նաեւ «ապահովել ՀՀ անվտանգությունը»: Այսինքն՝ ցանկացած պահի ՌԴ-ն կարող է ՀՀ-ի անվտանգությունն «ապահովել» նաեւ Վրաստանի սահմանագծին: Իսկ թե դա ինչ կարող է նշանակել, դժվար չէ ենթադրել` հիշելով միայն 2008թ. օգոստոսին ռուս-վրացական կարճատեւ պատերազմը, երբ ՌԴ-ն Օսեթիայի անվտանգությունը պաշտպանելու պատրվակով ներխուժեց Վրաստան, ոչնչացրեց այդ երկրի ռազմական հնարավորությունների մի մասն ու գրեթե մոտեցավ մայրաքաղաք Թբիլիսիին: Իսկ ՌԴ-ի համար ցանկության դեպքում Վրաստանի կողմից Հայաստանի անվտանգությանն ուղղված սպառնալիքի պատրանք ստեղծելն այնքան էլ դժվար չէ: Հատկապես, երբ ռուս-վրացական հակամարտության դեպքում էլ որոշ փորձագետներ գտնում էին, որ Միխայիլ Սահակաշվիլին պարզապես կուլ գնաց ՌԴ-ի հրահրած սադրանքներին:
Իսկ վաղը ստորագրվելիք փոփոխությունների նախագծում նշված է այսպիսի ձեւակերպում. «Ռուսական ռազմակայանի զինվորական կազմավորումների կիրառումը իրականացվում է Կողմերի փոխադարձ պայմանավորվածությունների… համապատասխան»:
Ի՞նչ է նշանակում այս արտահայտությունը: Դա կարող է լինել բանավո՞ր, թե՞ գրավոր պայմանավորվածություն, իրավիճակի՞ց բխող պայմանավորվածություն, թե՞ այդ արտահայտությունն էլ ենթադրում է գոյություն ունեցող որեւէ փաստաթուղթ: Մեր այդ հարցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից գրավոր պատասխանեցին, թե «Փաստաթղթի մասին մեկնաբանություն կարող է տրվել պայմանագրի ստորագրումից հետո միայն»: Փորձեցինք ստանալ նաեւ Արտաքին գործերի նախարարության մեկնաբանությունը: Նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն էլ այսպես պատասխանեց. «Կողմերի փոխադարձ պայմանավորվածություն արտահայտությունը նշանակում է, որ երկու կողմերն էլ համաձայն են, երկու կողմերի համաձայնություն: Տվյալ դեպքում` Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության: Երկու սուբյեկտները պետք է համաձայնության գան»:
Ներկայանալ չցանկացող մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հավատացնում են, որ «Կողմերի փոխադարձ պայմանավորվածություն» ձեւակերպումն ամենեւին էլ պատահական չէ տեղ գտել պայմանագրում: Այդ անորոշ ձեւակերպման տակ կարելի է ամեն ինչ հասկանալ, այդ թվում եւ՝ ՌԴ ռազմակայանի ստորաբաժանումները հայ-վրացական սահման տեղաշարժելու հնարավորությունը: Հիշեցնենք, որ 102-րդ ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարացնելու մտադրությունը բարձրաձայնելուն զուգահեռ՝ ռուսական կողմը տեղեկացրեց նաեւ, որ որոշել է վերակազմավորել իր Հարավկովկասյան ռազմական օկրուգը, այն անվանել «Յուգ» եւ դրանում Գյումրիի ռազմակայանի հետ միասին ընդգրկել նաեւ Աբխազիայի ու Հարավային Օսիայի իր ռազմաբազաները: Այս մտադրությունն ակնհայտ հակավրացական տարրեր է պարունակում: Եվ ընդհանրապես ստորագրվելիք պայմանագրում տեղ գտած ձեւակերպումները ՀՀ-ի անվտանգության ապահովման քողի տակ ՌԴ-ին թույլ են տալիս այս տարածաշրջանում իր աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու համար օգտագործել, շահարկել ՀՀ արտաքին քաղաքական խնդիրները: «Կողմերի փոխադարձ պայմանավորվածություն» ձեւակերպումն այնքան անորոշ է, որ դրա շրջանակում ՌԴ ռազմակայանը ստանում է լայն հնարավորություններ: Հատկապես, որ այդ տերության համար Հայաստանից «փոխադարձ պայմանավորվածություն» ստանալը բավականին հեշտ է, նույնիսկ անհրաժեշտ էլ չէ:
Նշենք, որ որոշ կարծիքների համաձայն՝ Մեդվեդեւի այս այցով լուծվելիք խնդիրները տարածաշրջանում ՌԴ-ի առաջիկա ծրագրերի մի մասն են միայն: Ռուսաստանի կողմից իրականացվելիք հաջորդ քայլը, ըստ որոշ փորձագետների, վերաբերելու է ԼՂՀ հարակից 5 շրջաններից հայկական զորքերի դուրսբերմանն ու ռուսական ուժերի տեղակայմանը: «Պատահական զուգադիպությամբ»՝ Դ.Մեդվեդեւը սեպտեմբերին այցելելու է նաեւ Բաքու: Արդյո՞ք 5 շրջաններից հայկական ուժերի դուրսբերումը կբավարարի Բաքվին` այդ տարածքներում ռուսական ուժերի տեղակայման պայմանին համաձայնելու համար, դժվար է ասել: Դ.Մեդվեդեւի համար դժվար կլինի Իլհամ Ալիեւին համոզել, որ այդ քայլերից հետո կհստակեցվի ԼՂՀ կարգավիճակի հարցը, հատկապես, որ այդ դեպքում հակամարտությունը կլուծվի, իսկ դա ակնհայտորեն չի բխում ՌԴ շահերից: