«Խժդժությունների պատճառը պասիվ մարտավարությունն է»

19/08/2010 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

– Հաշվի առնելով ՀԱԿ որդեգրած պասիվ քաղաքականությունը` կարելի՞ է ակնկալել, թե սեպտեմբերից ընդդիմությանը կհաջողվի հանրահավաքային ալիք բարձրացնել եւ հասնել որեւէ արդյունքի:

– Այս տարվա ընթացքում ընդդիմությունն անց է կացրել ընդամենը երկու համահանրապետական հանրահավաք` մարտի 1-ին եւ ապրիլին: Փաստորեն, սոցիալական խնդիրներին նվիրված էր ընդամենը մեկ հանրահավաք, այնինչ ապրիլյան հանրահավաքը պետք է սկիզբ դներ հանրահավաքային ակտիվությանը, որովհետեւ հենց այդ հանրահավաքի հարթակից հնչեց պարտավորություն` մինչեւ սեպտեմբեր հասնելու նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը: Այդ պարտավորությունն ինքնըստինքյան ենթադրում էր, որ դրան պետք է հետեւեր ընդդիմության կտրուկ ակտիվացում, զանգվածային միջոցառումների մի ամբողջ շարք, որոնց նպատակը պետք է լիներ իշխանություններին պարտադրել արտահերթ ընտրություններ: Որովհետեւ հասկանալի էր, որ իշխանությունները հոժար կամքով չեն գնա արտահերթ ընտրությունների` խուսափելով իրենց համար ավելորդ գլխացավանքից: Քանի որ այս սոցիալական ֆոնին, երբ ճգնաժամը ոչ միայն հաղթահարված չէ, այլեւ չի երեւում դրա հեռանկարը, լույս` թունելի վերջում, գնաճին համընթաց աճում է նաեւ ժողովրդի դժգոհությունը… Ահա այս պայմաններում ենթադրվում էր, որ ՀԱԿ առաջնորդների հայտարարությունը, որ ստանձնում են պարտավորություն մինչեւ աշուն հասնել արտահերթ ընտրությունների անցկացմանը, պետք է կտրուկ ակտիվացներ ընդդիմությանը, ստիպեր որդեգրելու ակտիվ մարտավարություն, եւ ապրիլյան հանրահավաքին պետք է հետեւեին նոր հանրահավաքներ: Ամենազարմանալին ինձ համար այն էր, որ մայիսի 1-ին ՀԱԿ-ը մեծ հանրահավաք չնախաձեռնեց, ինչը տրամաբանական կլիներ` հաշվի առնելով գազի սակագների բարձրացումը, որը ՀԱԿ-ը դատական կարգով վիճարկում էր: Դա, իհարկե, շատ առողջ նախաձեռնություն կլիներ, եթե զուգորդվեր քաղաքական ակտիվ մարտավարության որդեգրմամբ, եթե ՀԱԿ-ը ջանքեր գործադրեր, որպեսզի դատական քննարկումներն անցնեին ժողովրդի ակտիվացման պայմաններում: Սակայն ՀԱԿ-ը ոչ միայն չկազմակերպեց հանրահավաք, այլեւ չփորձեց օգտագործել ժողովրդի մեջ եղած տրամադրությունները եւ սեփական մարտավարությունը ենթարկել այդ ակնկալիքների տրամաբանությանը: Իսկ տրամադրությունները շատ պարզ էին. մարդիկ դժգոհ էին գների աճից, մարդկանց հուզում էին սոցիալական խնդիրները, մարդիկ այդ ամբողջ շրջանում կարոտ էին հանրահավաքներին: Ինձ փողոցում անծանոթ մարդիկ հարցնում են` լավ, մեր վերջն ի՞նչ է լինելու: Այսինքն` մարդիկ հարցեր ունեին եւ սպասում էին, որ ընդդիմությունն ակտիվ մարտավարություն որդեգրի, բայց անտեսելով այդ պահանջը` ՀԱԿ-ի առաջնորդները որդեգրեցին պասիվ մարտավարություն:

– Համոզի՞չ չեն ՀԱԿ որոշ անդամների արդարացումները, թե այդ պասիվ մարտավարությունն առավելագույն արդյունավետ մարտավարությունն է, որը պետք է ապահովի ՀԱԿ-ի հաջողությունը:

– Ոչ, մենք տեսնում ենք, որ ամառն արդեն ավարտվում է, իսկ արտահերթ գոնե միայն խորհրդարանական ընտրությունների որեւէ հույս այսօր չկա: Որեւէ նշույլ, որ իշխանությունները մտադիր են գնալու այդ ճանապարհով` չի երեւում: Հիմնական պատճառաբանությունը, թե ինչու է ՀԱԿ-ը զուսպ եւ, ըստ էության, հրաժարվել հանրահավաքների անցկացումից, այն է, որ ԼՂՀ հիմնահարցի կարգավորումը, իբր, մտել է վճռական փուլ, եւ անհրաժեշտ է ամեն ինչ անել` չխանգարելու համար իշխանությանը այդ կարեւորագույն հարցին լուծում տալու համար: Իմիջիայլոց` ի հակասություն սեփական պասիվ գործելակերպն արդարացնելու այդ պատճառաբանությանը, ՀԱԿ-ի առաջնորդները որեւէ լավատեսական կարծիք, որ ԼՂՀ հիմնահարցը ստեղծված իրավիճակում կարող է լուծվել հօգուտ հայկական կողմի, եթե լուծման համար արվեն վճռական քայլեր, չեն հնչեցրել ո՛չ նախկինում, ո՛չ էլ հիմա: Հիմնական արձանագրումն այն է, որ գործընթացն ընթանում է ոչ հայկական կողմի ակնկալիքներին ընդդեմ: Եթե դա այդպես է, ապա անհասկանալի է, թե այդ դեպքում ինչո՞ւ պետք է ազգային ընդդիմությունը ներքաղաքական կյանքում իր մարտավարությամբ նպաստի ՀՀ գործող վարչակազմի ձեռքերով ԼՂՀ-ն Ադրբեջանին հանձնելու հայադավ ծրագրի շուտափույթ իրագործմանը: Այդ հարցն այսօր մտահոգում է ՀԱԿ-ին մինչեւ վերջերս մեծ նվիրումով պաշտպանող ազատամարտիկներին եւ երկրապահներին: Օրինակ, Ժիրայր Սէֆիլյանին…

– Ինչո՞ւ է ընդդիմությունը վճռականություն դրսեւորելու պահերին միշտ իր պասիվությունն արդարացնում ԼՂՀ հիմնահարցին չվնասելու հանգամանքով: Հատկապես, երբ որոշ ժամանակ անց պարզ է դառնում, որ որեւէ զարգացում ԼՂՀ հիմնահարցում տեղի չի ունենում:

– Ես այդ հարցին կպատասխանեմ շարքային քաղաքացու տեսանկյունից, որի համար թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունն այսօր սպասարկում են ոչ այնքան իր շահը, իրեն հուզող խնդիրների լուծման անհրաժեշտությունը, այլ աշխարհաքաղաքական տարբեր հետաքրքրություններ, որոնք միջազգային արենայում ունեն մեծ խաղացողները: Շարքային քաղաքացին վաղուց արդեն հուսահատված ծվարել է` որեւէ ակնկալիք չունենալով, որ իր իրավունքների պաշտպանությամբ կզբաղվեն: Երբ իրեն ասում են` ինչպե՞ս մենք ակտիվ չենք, հանդիպում ենք Սեմնեբիի, մեծ եւ ոչ այնքան մեծ արտասահմանյան պաշտոնյաների հետ, նրանց ներկայացնում ենք իրականությունը, նամակներ ենք գրում ԵԽ եւ պահանջում ենք արտահերթ ընտրությունների անցկացում, ապա` տեսնելով, որ այդ քայլերը չեն զուգորդվում ժողովրդին հուզող կոնկրետ հարցերի լուծմանը նպատակամղված քայլերով, շարքային քաղաքացին եզրակացնում է. քաղաքական գործիչները իրենց խաղաքարտը դնում են ոչ այնքան ժողովրդի նժարի վրա, որքան այդ մեծ խաղացողների նժարներին:

– Գուցե դա՞ է պատճառը, որ ՀԱԿ անդամ կուսակցություններում մարտավարության շուրջ հակասություններ են առաջանում:

– Պատճառները տարբեր են, օրինակ, Սուրեն Սուրենյանցը երբեք չի դժգոհել ընդդիմության պասիվությունից եւ նույնիսկ առաջարկում էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում բացահայտ պաշտպանել իշխանությունների գիծը: Մյուս կողմից` Ժիրայր Սէֆիլյանը բարձրաձայնում էր իր հիասթափությունը Կոնգրեսի ղեկավարության պասիվությունից: Տարբեր պատճառներով են մարդիկ հեռանում ՀԱԿ-ից, եւ այս ներքին խլրտոցը, որը չափազանց մտահոգիչ է, չէր լինի, եթե ընդդիմությունը պասիվ մարտավարություն չորդեգրեր: Չէ՞ որ ընդդիմության թուլացումը փակում է փոփոխությունների հնարավորության դուռը եւ կրճատում է փոփոխություններին հասնելու շանսերը: Այդ կնճիռները չէին առաջանա, եթե ընդդիմությունը որդեգրեր ակտիվ հանրահավաքային գործելակերպ, եթե ժողովրդին մոբիլիզացնելու, ակտիվացնելու գործոնը միշտ կենդանի պահեր: Սա ակնհայտ է, որովհետեւ, եթե ընդդիմությունն իշխանության հետ պայքարում որդեգրում է պասիվություն, ապա միայն այդ ֆոնի վրա է հնարավոր ներքին կնճիռների առաջացումը, միայն այդ ֆոնի վրա է փոխադարձ հաշիվների պարզաբանումը դառնում ավելի կարեւոր, քան քաղաքական հակառակորդին պարտության մատնելը: Երբ ընդդիմությունն ակտիվ է, երբ զբաղված է իր հիմնական` իշխանություններին հակակշռելու գործով, այդ դեպքում ներքին գզվռտոց, խժդժություններ չեն առաջանում. այդ հարցերը մղվում են երկրորդ պլան, որովհետեւ ակնհայտ է, որ անհարմար է ճղճիմ հարցերվ զբաղվելը, երբ դու պայքարի մեջ ես: Այդ դեպքում չեն կարեւորվում այնպիսի հարցերը, թե ով դարձավ կուսակցության վարչության անդամ, ով` ոչ, ով ապագա նախընտրական ցուցակում անցողիկ տեղեր զբաղեցնելու շանսեր ունի, իսկ ով` ոչ: Բայց երբ ի հայտ են գալիս անկումային հանգամանքներ, պասիվություն, ճահճացում, ակտիվ պայքարից հրաժարվելու ինչ-ինչ պատճառաբանություններ, արդարացումներ, եւ գերակա է դառնում իշխանությունների հետ պայմանավորվելու, ապագա խորհրդարանում տեղերի թիվը ճշտելու խնդիրներ, այդ դեպքում նման հարցեր են առաջանում: Հնարավոր չէր լինի իշխանությունների հետ սեպարատ բանակցությունների մեջ մտնել, եթե ընդդիմությունը լիներ հրապարակում, առաջնորդեր ժողովրդական զանգվածներին: Նման կասկածների համար պարարտ հող է ստեղծում հենց ընդդիմության պասիվ կեցվածքը: Իսկ թե սեպտեմբերին որքանո՞վ կհաջողվի ժողովրդի հիասթափությունն ու դժգոհությունը փարատել` ժամանակը ցույց կտա:

– Մտավախություն չունե՞ք, որ ՀԱԿ-ի որոշ անդամներ Ձեզ կմեղադրեն «իշխանությունների դրածոն» լինելու մեջ, քանի որ իրենց գործողությունները քննադատողներին հենց այդ սեւ ցուցակն է սպառնում:

– Ես ընդամենն ասում եմ, որ եթե չլիներ այդ պասիվ մարտավարությունը, ՀԱԿ-ի մեջ մտնող կուսակցությունների ներսում չէր առաջանա այն փոխադարձ մեղադրանքների, հաշիվների մաքրելու այն մտահոգիչ մթնոլորտը, որի ականատեսը դարձավ հանրությունը: Երբ մարդիկ գնում են պայքարի` անհարմար է միմյանց հետ հարաբերություններ պարզելը, իսկ երբ մարդիկ, թեկուզ ժամանակավորապես, պասիվ մարտավարություն են որդեգրում, միմյանց հետ հարաբերություններ պարզելու գայթակղություն է առաջանում: Եթե ոմանք ասում են, թե իշխանություններն են հրահրում այդ պրոցեսները, ապա ես կառարկեմ, կասեմ, որ իշխանությունները որքան էլ ցանկանային, չէին կարողանա այդպիսի պրոցեսներ հրահրել, եթե ընդդիմությունն ակտիվ քաղաքական պայքարի մեջ լիներ: Պայքարի ընթացքում հնարավոր չէ ճեղք գտնել պայքարի ելած մարդկանց միջավայրում: Քաղաքական գործունեության պատմությունը ցույց է տալիս, որ երբ մարտնչող քաղաքական ուժը թեկուզ ժամանակավորապես հրաժարվում է ակտիվ պայքարից, պաուզա է վերցնում, միշտ այդ ուժի ներսում պրոբլեմներ են առաջանում: