Հայերի ցեղասպանության ծանրագույն հետեւանքը ՀԱՅՐԵՆԱԶՐԿՈՒՄՆ ԷՐ… Յուրաքանչյուր ժողովուրդ ունի հայրենիքի մասին իր պատկերացումները, իսկ հայի համար այն առանձնահատուկ է, որովհետեւ նա աշխարհում այն հազվագյուտ էթնոսներից է, որ բնիկ է իրեն ծնունդ տված լեռնաշխարհում: Այստեղ միլիոն տարի մարդու շարունակական գոյության փաստեր են արձանագրվել, հնագիտական մի շերտը նստած է մյուսի վրա, քաղաքակրթությունն անընդմեջ զարգացում է ապրել, վերջիվերջո հանգեցնելով հայկական քաղաքակրթության ձեւավորմանը: Եվ դարձյալ հայերենում է, որ կա ԲՆԻԿ բառը: Բուն, բնություն, եւ երբ Մեծ Եղեռնից մազապուրծ հայերը սփռվեցին` նրանց շուրթերին մի հարց կար: Իրար տեսնելիս հարցնում էին` «…Բնիկ որտեղացի՞ ես»: Մի ամբողջ մշակույթ ստեղծվեց` կարոտի գրականությունը, որն այսօր էլ, չորս սերունդ հետո, իր արտահայտություններն ու նոր իմաստավորումն ունի: Կարոտի երգեր ծնվեցին, կերպարվեստ: Հայերս բնապաշտ ժողովուրդ ենք, եւ ունենք մեր օրրանի պաշտամունքը, եւ մինչեւ հիմա կորսված Հայրենիքը մի իրական հասկացողություն է, ուր պատրաստ ենք վերադառնալ եւ չենք պատկերացնում, որ այնտեղ էլ արդեն քանի սերունդ է` օտարներ են ապրում, որոնց մոտ էլ դա իրենց Հայրենիքն է:
Հայրենասիրությունն ինչ-որ վերացական հասկացություն չէ, այլ առաջին հերթին բարձր քաղաքացիական գիտակցություն, որը մեզանում խարսխված է եղել ԲՆՈՒԹՅԱՆ պաշտամունքի վրա: Եվ եթե այսօր մեր հրաշքով փրկված մի բեկոր Հայրենիքի բնությունը տեսնում ենք աղտոտված` ապա առաջին հերթին պատճառը խորհրդային ժամանակներից մեզ ժառանգություն մնացած կրթական համակարգն է, որտեղ չէին սովորեցնում Հայրենիքը սիրել առանց պաթոսի, հաղթական ճոռոմաբանության, աշխարհագրությունն ինչ-որ վերացական առարկա էր…:
Սակայն այստեղ էլ, պատահական թվացող մի կետից, կցանկանայի առկախել հայ հասարակայնությանն ավելի շատ հուզող ու մտահոգող այս նյութը, քանի որ դրա դարավոր ծառն իր վիթխարի ստվերի տակ է թաքցրել մեզ ներկայումս պատուհասող իրողությունները: Հայաստանում հաստատված հասարակական մթնոլորտը ներկայումս բնութագրում են մեր ժողովրդի հետագա գոյության վերաբերյալ հարցադրումները, որոնք բոլորն էլ կարեւոր են, առաջնահերթային, սակայն հետեւելով պաշտոնական քարոզչությանը, որը միայն հեռուստաալիքներով ամեն օր սփռվող ու իրարից քիչ տարբերվող լուրերից եւ վերլուծություններից է կազմված, կարելի է եզրակացնել, թե հայ ժողովրդին այլ խնդիրներ չեն մտահոգում, քան քաղաքական անցուդարձը: Այնինչ հայ ժողովուրդն իր գենետիկ բացառիկ փորձառությամբ գոյատեւելու խնդիր ունի: Այնինչ նրանք անինքնավստահության, առաջին հերթին` առանց հզոր Ռուսաստանի հայրական հոգածության ապրելու անհնարինության գիտակցության հոգեբանություն են ներարկել: Յուրաքանչյուր իրատես հայ մտածում է` լավ, եթե դա այդպես է, գնամ այնտեղ պրծնեմ էս անլիարժեք երկրից:
Այսօր մեր եւ Ռուսաստանների իրականությունները, համենայն դեպս, ընդհանուր եզր ունեն: Բանն այն է, որ երկու երկրներն էլ, ինչպես ԱՊՀ երկրները, երեւի միակն են, որոնցում բնապահպանական շարժումները երկրի քաղաքական կյանքում, խորհրդարաններում զրոյական դերակատարում ունեն: Դա պատահական չէ` ախր մի ամբողջ համակարգ ստեղծվեց Աստծո, նրա արարած բնության դեմ անհաշտ պայքարի կարգախոսներով:
Մի քանի օր առաջ Ռուսական մի ալիքով դիտում էի Մարիա Սիտտեի վարած հաղորդումը բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ, որում մի անսպասելի հայտնագործություն արեցի, որն ավելի երկարաձգեց Թեղուտի հարցերի վերաբերյալ ամիսներով խմորվող իմ հոդվածը: Հաղորդմանը մասնակցող Ռուսական Դաշնության բնապահպանության նախկին նախարար Վիկտոր Դանիլով-Դանիելյանը հարցեր բարձրաձայնեց, եւ ես հասկացա, որ Խորհրդային համակարգի փլուզումը, մեր անկախությունն ընդհանրապես առասպել է, եւ հայրենի օրենսդիրներն իրենց օրենքները ոչ թե գրում են, այլ թարգմանում են, այն էլ՝ ռուսերենի թերի իմացությամբ… Հասկացա այն խորամանկությունը, որ իրականում ստեղծվել է նորահարուստների գռփողականությանը ծառայող մի խորամանկ համակարգ, երբ բնապաշարների տնօրինությունը բաժանվել է մի քանի գերատեսչությունների, եւ որեւէ խնդրի համար չես կարող անմիջական պատասխանատու գտնել: Նույնն էլ մեզ մոտ է` բնական պաշարները տնօրինում է մի գերատեսչություն, Գյուղատնտեսության նախարարությունն իր հյութեղ պատառն ունի բնության շահագործումից, իսկ այ` Բնության պաշտպանության նախարարությունն այն տղայի դերում է, որին պետք է միշտ ծեծեն…
Ընթերցողը կարող է հարցնել` ախր սպասում էինք, որ դու Թեղուտի խնդրին կանդրադառնաս, թեկուզ այն այսօր հասարակության մի փոքր հատվածին է միայն հետաքրքրում: Այ` հենց բանն էլ դրանումն է, որ մի փոքր, իսկ մեծ մասամբ մարդկանց ուշադրությունը դարակազմիկ իրադարձությունների վրա է սեւեռված, որոնցից մեկն էլ, նրանք կուսակցական կամ պետական-պաշտոնական քարոզչության մամլիչի տակ, համարում են Հայոց հարցն իր բաղադրիչներով, այն է` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչո՜ւմ, դրա հետեւանքների վերացում, Արցախի հարցի արդարացի լուծում: Ցանկանում եմ հավատացնել, որ խնդիրը, որ կքննարկենք, անմիջականորեն` սրանց շարունակությունն է, առաջին հերթին` Մեծ Եղեռնի, դրա հետեւանք հայրենազրկման: Եվ ահա, ինձ համար ԹԵՂՈՒՏԻ ՀԱՐՑ կոչեցյալը դառնում է այդ ամենն ի մի բերող մի խորհրդանիշ…
Այսօր բնապահպանական խնդիրներն այնքան շատ են, որ անգամ տեսականորեն հնարավոր չէ դրանք բոլորն ուշադրության կենտրոնում պահպանել: Կարծում եմ` բնապահպանական բոլոր խնդիրների առաջացման պատճառն այն է, որ այդպես էլ ճշգրտված չէ ամենակարեւոր` սեփականության տարբեր ձեւերի հարաբերակցության հարցը: Դրանով բնորոշվում է ուզածդ պետության բնույթը, հասարակական կառուցվածքը: Նախկինում այն սոցիալիստական էր, այսինքն` համարվում էր, որ ազգային հարստության սեփականատերն ամբողջ ժողովուրդն էր, բայց դա միայն կարգախոս էր, որովհետեւ պետությունը, պետությունն էլ չէ` այլ նրա կենտրոնը լիովին յուրացրել էր այն: Իբրեւ թե` այն հանդես էր գալիս որպես ողջ հասարակության, իսկ ավելի շուտ` դրա երկու դասակարգերի, բանվորների եւ գյուղացիների շահերի պաշտպան: Լենինիզմ-ստալինիզմի տեսաբանները ստեղծեցին մի խորամանկ համակարգ` հընթացս, հնգամյակից-հնգամյակ թարմացվող հերթական թիրախներով: Հայտարարվում էր հերթական գերխնդիրը, եւ բնական ու մարդկային ռեսուրսները հրամայականորեն մոբիլիզացվում էին դրա լուծման շուրջ: Սովետական ժողովրդի նյութական բարեկեցությունը դարձավ պետության գերխնդիրը, իսկ պլանային տնտեսության մեջ հայտնաբերվեց գործնականում անսպառ համարվող մի ռեսուրս, որի անխնա շահագործմամբ հակագիտական, հակամարդկային խորհրդային համակարգը փորձում էր լուծել բոլոր խնդիրները: Երեւաց անգամ այնպիսի արտառոց արտահայտություն` ինչպիսին բնության դեմ պայքարն է: Բնությունն ամեն ինչ ունեցող, բայց ժլատ մի տարերք էր, որից ամեն ինչ պետք էր կորզել համառ, հաղթական ելք ունեցող պայքարով: Անտառները պետք է ուղարկեին թղթի արդյունաբերական ձեռնարկություններ, որ դրանք դառնային թուղթ, որի վրա ամեն տեսակ կեղծիք է տպվում: Գետերը պետք է անցնեին նոր հուներով` Արարիչը սխալ էր գծել դրանք (ի դեպ, միայն Սովետին էր պատկանում այդ երեւույթի բացարձակ մենաշնորհը, իրականում նա դրանով մատնում էր իր ստրկատիրական բնույթը, որովհետեւ միայն հասարակական այդ ֆորմացիային էր դա բնորոշ): Համբերատար ընթերցողներից չեմ թաքցնի, թե ինչ ուղղությամբ եմ տանում իմ դատողությունները. հանուն սոցիալիստական տնտեսության զարգացման որոշել են շահագործել հայ ժողովրդի ոգեղենությունը կերտող Գեղարքունյաց ծովա՞կը` խնդիր չէ, այն արել է իր գործը ու կարող է ցամաքել: Հետո կարելի է շրջել սեւանամերձ բոլոր գետերը, արհեստականորեն ապահովելով լճի այն մակարդակը, որից հետո այն կշարունակի կատարել իր պատմական առաքելությունը, այն է` փոխարինել հայ ժողովրդի, պատմական իր եզակի ճակատագրի հետեւանքով կորցրած բոլոր ծովերին, լճերին: Ոչինչ, որ այդ գետերն էլ ոռոգում էին չոր-ցամաք Հայաստանի տոչոր շրջանները` Սյունիքը, Վայոց ձորը… Ոչ, Սեւանը պիտի ապրի, այլընտրանք չկա. բայց այդ ընթացքում մոռացվում է պարզունակ մի ճշմարտություն, որ վաղուց ի վեր գոյություն չունի նաեւ այն արդյունաբերությունը, որի զարգացման համար զոհաբերվեց այդ հրաշքը: Որ արդեն ունենք Մեծամորի ատոմային էլեկտրակայանը, Երեւանի, Հրազդանի` գազային հումքի հիման վրա աշխատող էլեկտրակայանները: Ջինը դուրս է եկել շշից, ԳԵՏԵՐԻ ՀՈՒՆԸ ՊԻՏԻ ՓՈԽՎԻ` ՈՒ ՎԵՐՋ: Եվ ահա` դա դառնում է հոգեբանություն, թե կուզեք` գենետիկ մուտացիա, եւ Ագրիճա գետի հունն է այժմ փոխվում: Ճիշտ այնպես, ինչպես Սովետի օրոք, ծրագրեր էին հրամցվում: Օրինակ` փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը. այս պատրվակով այժմ սեփականաշնորհվում են գետեր, բնության վերջին անաղարտ անկյուններում, գետերի ակունքներում այլանդակ շինություններ են հայտնվում: Բայց այդ մասին` մի ուրիշ անգամ:
Պայքար բնության դեմ: Ու շարունակվում է: Երեւան են գալիս նորանոր խնդիրներ, որոնք ներկայացնելու համար, թվում է, թե ես շեղվում եմ իմ հիմնական նյութից, այն է` Թեղուտի անտառի հիմնախնդրից: Պարզապես` ինչ-որ հույս եմ փայփայել, որ կան մարդիկ, որոնք դեռեւս ի զորու են համակարգված վերաբերմունք դրսեւորել արտաքուստ միմյանցից տարբեր թվացող հարցերի նկատմամբ: Այո, Թեղուտի եւ միայն այդ անտառի մասին է իմ խոսքը: Բայց այդքան հրատապ այդ խնդրի մասին խոսելիս` Սեւանա լիճն էլ իր աղեկտուր կանչն ավելացրեց դրան, ի դեմս այն հրաշք գետակի, որ Ագրիճա է կոչվում: Արձագանքեցին Կապանի Լեռնաշենի անտառները, որոնց ընդերքում փորձում են ուրանի պաշարներ հայտնաբերել, եւ այլն, եւ այլն…
Ի՞նչ է Թեղուտի հիմնախնդիրը, այսպիսով, ինչպե՞ս է այն աղերսվում տասնյակ հարցերին, դրանց խորհրդանիշը, դոմինանտը դառնալով… Եթե քեզ, իմ ընթերցող, հետաքրքրում է միայն հայկական հարցը, ես այն կապեմ վերջինիս հետ:
Թեղուտն ամենեւին էլ մի եզակի անվանում չի: Եթե բաց անենք հանրագիտարանի համապատասխան էջը` կկարդանք, որ այդ անունով այլ բնակավայրեր են եղել հայոց աշխարհում, մեջբերեմ դրանցից մեկի դառը կենսագրությունը. «Թեղուտ, գյուղ Արեւմտյան Հայաստանում, Բիթլիսի գավառի Խլաթի գավառակում, Նեմրութ լեռան հյուսիսային փեշերին, Խլաթ քաղաքից մոտ ութ կմ հյուսիս-արեւելք: 1882թ. ուներ 1473, 1909-ին` 1728 հայ բնակիչ: 1881թ. Նեմրութ լեռան շրջակայքում տեղի ունեցած երկրաշարժից տուժեց, եւ բնակիչներից շատերը տեղահան եղան, սակայն հետո ետ եկան ու շենացրեցին գյուղը: Թեղուտը 1915թ. նախօրյակին Խլաթի գավառակի ամենամարդաշատ բնակավայրն էր: Թ-ի մոտ է գտնվում Թեղուտի Ս.Հովհաննես վանքը: Գյուղը 1915թ. ենթարկվել է ջարդի, վերջնականապես ավերվել ու լքվել»:
Սակայն Թեղուտ անունով գյուղերի դժբախտությունը դրանով չի ավարտվում, այդ անունով եղել են նաեւ գյուղեր Էրզրումում, Բուլանըղում, Արցախի Զավե գավառում, Մեղրիում եւ այլն: Փաստորեն` Թեղուտ անունը շատ տարածված է եղել, ինչը ցույց է տալիս, որ թեղի ծառը, այլ կերպ ասած` ծփին կամ կնձնին, սիրված, անգամ` պաշտված ծառ է եղել: Հիշում եմ սոսի ծառերի պաշտամունքը, որին Հայկ նահապետի հաջորդներից Անուշավանն ընծայված էր, ստանալով «սոսանվեր» մակդիրը, իսկ այդ ծառի գնդաձեւ պտուղների քամու, այն է` ծփանքի ժամանակ առաջացող ձայնով քրմերը գուշակություններ էին կատարում: Պաշտամունքային է եղել նաեւ թեղին, թե չէ` չէինք ունենա Թեղենիս լեռը, Թեղենյաց վանքը եւ այլն: Բնապահպանական կազմակերպությունները հավաքել են փաստաթղթերի մի պատկառելի տրցակ, եւ ի՞նչ… Ոչ մի բացատրություն, որը կարող է մասամբ համոզիչ դիտվել: Ագահությունից շլացած` նրանք շարունակում են անապատի վերածել Հայաստանը, եթե ուզում եք իմանալ, թե ինչպիսին կլինի մեր երկրի տեսքը` Աֆղանստանի լանդշաֆտը դիտեք: Չէ, ի՞նչ եմ ասում` այդքան հեռու գնալ պետք չէ, Մեղրիի Ագարակի պղնձամոլիբդենային գործարան-հրեշի շրջակայքի տեղանքին ծանոթանալը հերիք է: Ի դեպ` այդ հանքավայրերի երակը շարունակվում է նաեւ պատմական Գողթան գավառում, այժմ զավթված է կովկասյան թաթարներից: Եվ ի՞նչ` նրանք այնտեղ, այդ բարեբեր հողերի վրա զարկ են տվել այգեգործությանն, արդեն 25 տարի անցնելով այգիների կաթիլային սնուցմանը… Միակ մերձարեւադարձային վայրերը Հայաստանում` Մեղրին եւ Նոյեմբերյանը, որտեղ աճում էր ամեն ինչ, որտեղի չրեղենն այն գինն ունի, որ մատչելի է միայն դրանք անապատի վերածող մեծահարուստների գրպանին` շուտով այն վիճակում կլինեն, որ մրգերը ազերիներից կգնենք, իսկ մինչ այդ ՎԱԼԵՔՍ ընկերության մի ոտքը Ալավերդիում ու Թեղուտում է, մյուսը` Արցախում, Դրմբոնում: Այստեղ նրանք կաշառել փորձելով տանում են սուտ բնապահպանների, լրագրողների, նրանց փորձելով միամտացնել, թե` տեսեք, ժողովուրդ, Դրմբոնում հանքերը փակ ենք մշակում, ընդերքն այդ հնարավորությունը տալիս է, իսկ այստեղ բաց ենք շահագործելու: Դե, եթե այդպես է` չշահագործեիք…
Էժանագին ակցիաներ են անում, տանում են ուսանողներին, որ… հատված անտառների փոխարեն կրկնակին տնկեն: Չէ, նրանք այդքան փչացած չեն, որ ստին հավատան, տարակուսած ետ են գալիս ու պատմում, թե ինչպես են ծառեր տնկում, որոնց աճելուն չեն հավատում, որովհետեւ տեսնում են, որ մի քանի տարի առաջ տնկած ծառերը խղճուկ տեսք ունեն: Հետո էլ` վալեքսազգիները նրանց տանում են Սանահինի վանքի պատերից երկու մետր հեռու… ընկուզենիներ տնկելու, ինչը հանցանք է: Ընկուզենին ծառ է, որի արմատները հողափորելով կարող են տարածվել մինչեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում գտնվող եզակի հայկական հուշարձաններից մեկի հիմքերը` դրանք քայքայելով: Իսկ նրա հոծ սաղարթն իր թավուտում կթաղի այդ հուշարձանի տեսքը: Ես, որ դողում եմ ամեն ծառի յուրաքանչյուր ճյուղի վրա, մեղքի տակ կընկնեի, գնալով ու կտրելով այդ նորատունկերը: Հարստանալու մոլուցքից կուրացածներ, ախր` ի՞նչ եք անում: Շատ լավ գիտեք, որ փրթված Թեղուտին այլընտրանք չի լինի, նոր ծառատունկը չի փոխհատուցելու նրա կորուստը: Այդ ծառերը չեն կպչելու, զի Թեղուտի հոծ անտառները հատվելով, խաթարվելու է մի հսկայական տարածքի ջրային պաշարների հաշվեկշիռը: Եվ երկրորդ` այդ դատապարտված նորատունկերի տակի հողն անզեն աչքով էլ երեւում է, որ անտառային է, այսինքն` նոր անտառը հիմնվում է ժամանակին հատված (թե ե՞րբ` ձեր պապերի շիրիմներին հարցրեք) անտառի տեղում: Տարբերությունն այն է, որ այնտեղ պետք է ջուր մղեին կողքերի սարերն իրենց արյունատար անոթներով: Ծառը ծառին է ուժ տալիս, անտառն` անտառին, սարը սարին է կապված ստորգետնյա մի խորհրդավոր ցանցով, իսկ լեռնաշղթանե՞րը, երկրնե՞րը…
Անտառները կլիմայի կարգավորիչներ են նաեւ, ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար: Հայաստանում վերջին շրջաններում դիտվող անոմալիաները միայն մասամբ են կապվում համաշխարհային երեւույթների հետ, մեր տեղանքն այնպիսին է, որ մեր երկիրը գոտեւորող լեռնաշղթաները ձեւավորում են մի միկրոկլիմա, որոնցում հյուսիսի անտառները բարերար դեր ունեն: Դուրս է գալիս, որ Վալեքսը սեփականաշնորհել է ամբողջ Հայաստանը, վերջին տարիների ցրտահարությունները, կարկտահարությունները, երաշտները այսպիսի գործունեության հետեւանք են: Կարծում եմ, որ վաղուց բնությունը պետք է դիտվի իբրեւ մարդկությանը տրված միասնական միջավայր, եւ պետք է սահմանվի ամեն մի երկրի պատասխանատվությունն իր մասի համար: Եվ մի նախաձեռնություն էլ թող մեզնից սկսվի եւ իբրեւ սկիզբ Հայաստանում կազմակերպվի միջազգային մի խորհրդաժողով` այդ հարցը համակողմանի քննարկելու համար:
Այստեղ անցնում եմ բուն մեր խոսակցությանը, կարծես դեմ դիմաց նստած լինենք: Դուք, որ 20-21-րդ դարերի վճռորոշ սահմանագծին ետ գլորեցիք պատմությունը դեպի կապիտալի նախնական կուտակման հոռի ժամանակաշրջան, չգիտեի՞ք, որ Հայաստանն այդ իրավունքը չունի: Հայրենի նորահարուստներ, մինչեւ այնքան փող կուտակեք, որ ավելի քաղաքակիրթ տնտեսավարման անցնեք, այլեւս ոչ թե Հայրենիք կունենանք, այլ անապատ: Բեդուինների կնմանվենք, իսկ դուք չեք կարողանա վայելել մեր սուրբ երկրից վայելած հարստությունը: Եթե այսքան տարի դեռ Հայաստանը կա` դա Բնության եւ նրա ծնած մի բուռ անհատների շնորհիվ է, ոչ թե փողատերերի, որ Հայրենիքի համար ճակատագրական պահերին հեռացել են, իրենց հետ տանելով ամբարած ոսկիները: Հայրենիքն ընչազրկված հայ ժողովուրդն է պահել, ամեն անգամ ոչնչից սկսելով իր երկրի վերակերտումը: Այդպես է եղել ամեն անգամ, բայց հիմա հենց այդ ամեն անգամն է վտանգված` որովհետեւ հին, ծեր ազգերի պատմությունն ավելի արագ է ընթանում դեպի ավարտ: Դուք, ինչպես երեխաներն են ասում իրենց մանկական լեզվով` սուտ եք խաբում:
…Մի բառ կա եվրոպական լեզուներում` լատիներեն JUSTUS` արդար, որը անգլերենում հնչում է իբրեւ JUST… Գիտե՞ք, որ դա հայերեն ՃԻՇՏ բառից է առաջացել եւ անցել Եվրոպա, այդքան արդար, ճշմարիտ ժողովուրդ ենք եղել մի քանի հազար տարի առաջ, որ ինքներս ենք այդ հասկացողությունը սահմանել: Իսկ ներկայումս Արեւմուտքից հիմա փորձում ենք պարզունակ ճշմարտություններ նմանակել, առանց դրանց դույզն-ինչ հավատալու… Այդ թվում` նաեւ շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ, այն դեպքում, երբ հայ ժողովրդի աշխարհայեցողության հիմքը բնապաշտությունն է: Մենք ենք ունեցել բնության` մեռնող եւ հարություն առնող աստված Արային, մեր նահապետ-աստված Հայկի շառավղին, որի որդի Անուշավանն էլ իր հերթին ընծայված էր սոսյաց ծառերի պաշտամունքին: Ահա թե ինչքան արդար են եղել մեր նախահայրերը, որ ՃԻՇՏ բառն են աշխարհին փոխանցել: Այդ բառը ես լսում եմ այսօր փողոցներում, անգամ ժարգոնում: Ասում եք, չէ՞` «ճշտով»… Ուրեմն` ճշտով խոսեք ու մի ստեք, այսօր դուք լավ գիտեք, թե ձեր ստի նպատակն ինչ է: Պատառ առ պատառ սեփականաշնորհված Հայաստանից առավելագույնս շատ օգուտ կորզելով` հեռանալը: Եվ էլի պիտի հասարակ ժողովուրդը շենացնի իր երկիրը: Միայն թե նա ստիպված չլիներ դա անել անապատում:
Հիմա կասեն` ահա բանաստեղծ է, զգացմունքների գիրկն ընկավ: Ոչ, ես էլ ունեմ իմ սառը հաշվարկը: Ես ապտակում եմ ձեզ` ձեր թմրած խիղճն արթնացնելու համար: Ես հայտարարում եմ` որ ատում եմ ձեզ, եւ դա էլ հավատի նշան է, որ կսթափվեք: Ես չեմ կեղծում, թեեւ քաջ գիտեմ, որ իբրեւ նորընծա Ռոտշիլդներ` ընդունակ եք ամեն ինչի: Ես գիտեմ, որ Թեղուտում իրար են միանում շատերի շահերը, որ այն դատապարտված է: Նրա անտառների վերացմամբ շահագրգռված են`
ա. Նախ եւ առաջ` կահույք-պարկետ-շինարարության բիզնեսով զբաղվածները: Գիտեմ, որ ինչ պայմանագրեր կան ՀՀ գյուղնախարարության ՀԱՅԱՆՏԱՌ ոչ առեւտրական-պարազիտ այդ օղակի եւ, օրինակ, Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ, նրան փայտանյութ մատակարարելու նպատակով: Որ այդ փայտանյութն անգամ առաքվում է … Ռուսաստան:
բ. Կասկածից վեր է, որ այդ պղինձ-մոլիբդենի շահագործումը խարխլում է Հայաստանի ազգային անվտանգությունը:
գ. Որ իրականում` չարաշահելով մեր ժողովրդի դժնդակ սոցիալական վիճակը` նրան մեղսակից եք դարձնում իր նախնիների երկիրը ավերելու գործին, նրան օրվա հացի խնդիրը լուծելու համար Հայաստանը մի անհրապույր երկիր դարձնելով: դ. Չգիտե՞ք ինչպես դա անել, համենայնդեպս` ուզում եք հարստանա՞լ… Էլի հարստացեք, բայց խելամիտ կերպով, այն, ինչ ունեք` հերիք է, որ ներդնեք նոր ծրագրերի մեջ, որոնք ոչ թե կավերեն երկիրը՝ րոպեական օգուտ ստանալու համար, այլ այն կպահպանեն գալիքի համար: Այդ ծրագիրը ձեզ կարող է հուշել նոր կյանք մտնող սերունդը, որ հոգնել է քաղաքականությունից, եւ կրթված է, եւ բանիմաց: Սիրեք նրանց, ովքեր ձեր գործերի դեմ պայքարում են, ոչ թե լռում կամ շողոքորթում:
Պատերազմական իրավիճակում գտնվող մեր երկիրը քաղաքացիական կազմակերպվածության, սիրո կարիքն ունի: Միայն այդ դեպքում այն կհարատեւի, թիրախ չի դառնա շարունակ մեր խոցելի տեղերը փնտրող ոսոխի համար: Թեղուտն ավելին է, քան անտառը: Դա մի փորձություն է, որին պետք է միասին դիմակայենք:
Վահրամ ԹԱԹԻԿՅԱՆ