«Կինեմատոգրաֆիան պարբերաբար թարմացնել է պետք»

19/08/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Կինոն ծնվել է Ֆրանսիայում, եւ ֆրանսիացիներն այդ մասին երբեք չեն մոռանում։ Ու թեեւ հսկայական կինոգումարներն ու մեծ կինոլսարանները ամերիկյան տարածքում են գտնվում, սակայն Ֆրանսիան, միեւնույն է, շարունակում է առաջատար դիրքեր զբաղեցնել կինոարտադրության մեջ՝ աշխատելով հստակ ու ճկուն համակարգով, որի հիմքում պետական աջակցության խելամիտ բաշխումն է (ինչն, ի դեպ, իսպառ բացակայում է ամերիկյան կինոյում)։ Ֆրանսիական ազգային կինոկենտրոնը`

CNC-ն (Centre National de la Cinematographie), բազմաշերտ կառույց է, որի օրինակով էլ փորձում են գործել շատ երկրների կինոկենտրոնները։ Բացառություն չէ նաեւ Հայաստանը, որը ձգտում է նմանվել ֆրանսիական մոդելին, սակայն միեւնույն ժամանակ չի կարողանում հրաժարվել խորհրդային պատրանքներից, եւ այդ պատճառով էլ՝ մեր կինոարտադրությունը զարգացում չի ապրում։ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի օրերին Հայաստանը հյուրընկալել էր CNC-ի նախագահ ՎԵՐՈՆԻԿ ԿԱՅԼԱՅԻՆ, ում այցը կարող էր շրջադարձային լինել հայրենական կինոյի համար, քանի որ նա գործնական կապեր հաստատելու համար էր ժամանել Երեւան։ Եվ այդ այցի կայացմանը մեծապես նպաստել էին ֆրանսահայ կինոպրոդյուսերները, ովքեր հայկական արդի կինոն տրամաբանական ռելսերի վրա դնելու հույսը չեն կորցնում։ Վերոնիկ Կայլան «Ոսկե ծիրանի» օրերին շատ ուշադիր հետեւում էր մեր կինոանցուդարձին՝ զուսպ պատրաստակամությամբ փորձելով մեր կինոլորտի պատասխանատուների հետ համագործակցության եզրեր գտնել։ Հուսանք, որ այդ եզրերը գտնվեցին, ու Վերոնիկ Կայլայի նման կինոփորձագետի փորձից ու գիտելիքներից առավելագույնս օգտվեցին նրա հայ կոլեգաները։ Նշենք, որ տիկին Վերոնիկը մինչ CNC-ի նախագահի պաշտոնը զբաղեցնելը Կաննի կինոփառատոնի գլխավոր տնօրենն է եղել։ Վերոնիկ Կայլան գլխավորելով CNC-ն ու ապահովելով ազգային կինոնախագծերի էֆեկտիվ ֆինանսավորումը, եզրակացնում է. «Կարեւորը պրոյեկտների ընտրությունն է»։ Ապագա ֆիլմերի ընտրությունը վկայում է պետության իմիջի մասին։

– Կար ժամանակ, երբ Ֆրանսիայում շատ քիչ էին ազգային ֆիլմերը, եւ հանդիսատեսն էլ միայն ամերիկյան ֆիլմերով էր տարված: Ամեն բան փոխվեց այն պահին, երբ Ֆրանսիայի կառավարությունը որոշում կայացրեց աջակցել ազգային կինոյին եւ մշակույթին: Այդ որոշումն իր հետ լրջագույն հարկային փոփոխություններ բերեց, քանի որ ֆիլմերի տոմսերի ու հեռուստատեսային գովազդից ստացված եկամուտների որոշակի տոկոսն այդուհետ սկսեց մուտք գործել ազգային կինեմատոգրաֆիա: Կա օրենք, համաձայն որի՝ օտարերկրյա ֆիլմերի յուրաքանչյուր վաճառված տոմսի արժեքի 7%-ն ուղղվում է ազգային կինոյին։

– Փաստորեն ամերիկյան ֆիլմե՞րն օգնեցին ֆրանսիական կինոյին ոտքի կանգնել:

– Այո: Եվ քանի որ հիմնականում ամերիկյան ֆիլմեր էին ցուցադրվում, ապա հենց այդ ամերիկյան ֆիլմերն էլ ֆրանսիական կինոյի երաշխավորողը դարձան: Այդ քայլը թույլ տվեց ֆրանսիական կինոարտադրության ծավալները մեծացնել եւ արագորեն զարգանալ: Տնտեսական շահը հաշվի առնելուց բացի, Ֆրանսիայի կառավարությունը հնարավորություն ստեղծեց ազգային ֆիլմերի ընտրության` սելեկցիայի բազմաստիճան մեխանիզմներ մշակել:

– Նկատի ունեք հանձնաժողովնե՞րը։

– CNC-ն պրոֆեսիոնալներից բաղկացած հանձնաժողով ունի, որն էլ ընտրություն եւ ֆինանսավորում է կատարում: Այս հանձնաժողովն, առաջին հերթին, հիմնվում է ստեղծագործական չափանիշների վրա: Այսպես ասած` արտիստիկ, ռեժիսորական, հեղինակային կինոյին է ուշադրություն դարձնում: Այս սիստեմը շատ արդյունավետ է գործում, եւ դրա ապացույցը ֆրանսիական կինոյի որակի աճն է: Վերջին մի քանի տասնամյակներում մենք ակնհայտ հաջողություններ ունեցանք, ինչը թույլ է տալիս վստահորեն պնդել, որ պրոֆեսիոնալ կոմիսիաների եզրակացությամբ ուղղորդվելը միակ շահավետ ուղին է՝ ազգային կինոն զարգացնելու համար: Սակայն շատ կարեւոր է նաեւ կինոյի շուրջ ընդհանուր բարենպաստ օրենսդրական դաշտ ունենալը: Ֆրանսիայում եւ հեռուստատեսությունը, եւ վիդեո-արտադրանքը հարկվում են հօգուտ կինոյի: Ցանկացած վաճառված DVD Ֆրանսիայում կաթիլ առ կաթիլ հավաքագրում է այն գումարը, որը հետագայում փոխանցվում է Ազգային կինոկենտրոնին` CNC-ին: Նույն մոդելը գործում է նաեւ ինտերնետում, այժմ մենք փորձում ենք կատարելագործել ինտերնետից ֆիլմ քաշելու ու որոշակի հարկեր սահմանելու մեխանիզմները։ CNC-ի հիմնական նպատակը ֆրանսիական ազգային կինոարտադրանքի տեսակը որոշելն ու պահպանելն է: Դա վերաբերում է եւ ֆիլմերի թեմային, եւ ընդհանրապես` տեսակին: Մեծ էկրանը, հեռուստատեսությունը, ռադիոն, մի խոսքով՝ բոլոր մեդիաները, ծառայում են այդ նպատակին:

– Խոսելով ազգային կինոտեսակի մասին, կարելի՞ է ասել, որ կա մի տեսակ, որին եւ տրվում է նախապատվությունը:

– Ընտրությունը վստահված է պրոֆեսիոնալներին` ճանաչված ռեժիսորներին սցենարիստներին, դերասաններին: Մեկ տարվա ընթացքում CNC-ի հանձնաժողովը միլիոնավոր նախագծերի հետ է ծանոթանում (եւ պետք է ասել, որ ցանկացած նախագծի հեղինակ վստահ է, որ իր նախագիծը լավագույնն է): Հիմնական նպատակը, որը դրված է հանձնաժողովի առջեւ` ֆրանսիական կինոն թարմացնելն ու նորացնելն է: Ցանկացած ազգային կինեմատոգրաֆիա ճիշտ ժամանակին սերնդափոխության (ոճի, հայացքի, թեմաների առումով) պահանջի առջեւ է կանգնում: Եվ մենք շատ լավ հասկանում ենք, որ թարմացնելու հարցում հապաղել չի կարելի: Ֆինանսական կոնստրուկցիաները, հովանավորների միջոցները, որոնք գոյանում են CNC-ում, ուղղվում են այն ֆիլմերին, որոնք ներկա պահին են ստեղծվում` կինոպրոդյուսերների կողմից ներկայացված բիզնես պլանների համաձայն: Նախագծերի ընտրությունը ավտոմատ կերպով տեղի չի ունենում, այն բավական լուրջ քննարկումների փուլեր է անցնում: Հաշվի է առնվում ամեն բան, եւ իհարկե, հիմնականը, առաջնայինը` ֆիլմի սցենարն է, որի հետ ծանոթանալով էլ կարելի է պատկերացում կազմել ապագա ֆիլմի տեսակի մասին:

– Ֆրանսիական ազգային կինոկենտրոնի օրինակով էլ փորձում է աշխատել Հայաստանի կինոկենտրոնը (համենայնդեպս այդպես է հայտարարվում): Սակայն մեզ մոտ հանձնաժողովների կազմը գրեթե չի փոխվում. նույն մարդիկ տարիներ շարունակ որոշումներ են ընդունում:

– Ֆրանսիայում նման բան պատկերացնելն անհնար է: Մեր հանձնաժողովները ընդամենը մեկ տարի են գործում, իսկ հաջորդ տարի կազմն ամբողջովին փոխվում է: Երբ հանձնաժողովների կազմը չի փոխվում, կինեմատոգրաֆը հայտնվում է աղետալի վիճակում, քանի որ կորչում է էսթետիկական ընկալումների սրությունը: Ինչպե՞ս կարելի է խոսել թարմ զգացողության մասին, եթե հանձնաժողովների կազմը չի թարմացվում: Կինոյի հիմքում էքսպրեսիան է, զգացմունքը, նոր շունչը: Եթե այդ ամենը բացակայում է, ապա կինոն մահանում է:

– Ձեր այցի ընթացքում Դուք հասցրե՞լ եք ծանոթանալ մեր կինոարտադրության մեխանիզմներին: Շատերը Հայաստանում մտահոգվում են, որ պետական աջակցություն տրամադրող հանձնաժողովներում հիմնականում ընդգրկված են այն ռեժիսորները, որոնց ֆիլմերն էլ պետական ֆինանսավորում են ստանում:

– Եթե նման բան պատահի Ֆրանսիայում` խիստ պատիժներ կհետեւեն: Մեզ մոտ հանձնաժողովների անդամներին ուղղակի արգելված է սեփական նախագծերը ներկայացնել: Նրանք դա կարող են անել հաջորդ տարի, երբ դուրս կգան հանձնաժողովի կազմից: Եվ հենց դա էլ դրդում է CNC-ին արագորեն թարմացնել հանձնաժողովների կազմը, որպեսզի ռեժիսորները հնարավորություն ունենան ոչ միայն ֆիլմեր ընտրել, այլեւ` ֆիլմեր նկարահանել: Դա նաեւ շանս է տալիս երիտասարդ ռեժիսորներին նույն նախագծով կրկին դիմել կինոկենտրոնին, եթե ինչ-ինչ պատճառներով պրոյեկտը նախկինում մերժվել է:

– Հայաստանում նախատեսո՞ւմ եք գործնական հանդիպումներ ունենալ:

– Իմ այցի նպատակը Ֆրանսիայի ու Հայաստանի կինոարտադրողների միջեւ համաձայնության հասնելն է: Կարծում եմ՝ դեռ վաղ է խոսել կոնկրետ համագործակցության մասին, քանի որ Հայաստանը դեռ շատ բան ունի անելու: Նախեւառաջ պետք է ձեւավորել իրական կոմիսիա, որի կազմում պարտադիր պետք է ընդգրկել օտարերկրյա մասնագետներին: Դա թույլ կտա պահպանողական իրավիճակից դուրս գալ ու վերակենդանացման ուղիով շարժվել: Հայկական կինոն կշահի միայն այն ժամանակ, եթե իրական համագործակցության դաշտ ստեղծվի: Վստահաբար կարող եմ ասել, որ կշահի նաեւ ֆրանսիական կինոն, քանի որ մենք շահագրգռված ենք համատեղ աշխատել: Հայաստանյան շրջանակները շատ հետաքրքիր են կինոյի տեսանկյունից, եւ մենք ցանկանում ենք ամուր համագործակցության դաշտ ունենալ: Համատեղ արտադրվող ֆիլմերի քանակն այս պարագայում առաջնային չէ (ֆիլմերը կարող են քիչ լինել, բայց որակյալ):

– Հայաստանում կինոյի մասին օրենքի բացակայությունը չի՞ խանգարի համագործակցությանը:

– Ես լավ չեմ հասկանում հայաստանյան կինոարտադրության մեխանիզմները, բայց համոզված եմ, որ քայլ առ քայլ կարելի է հաջողության հասնել: Եվ, իհարկե, հասնել կինոյի օրենքի ընդունմանը: Եթե ցանկություն ունեք համագործակցել աշխարհի հետ, ապա պետք է կողք կողքի քայլեք այլ երկրների հետ: Անձամբ ես Հայաստան եմ եկել նախեւառաջ օրենսդրական դաշտի կարգավորման հարցում իմ օգնությունն առաջարկելու համար: Օրենքներն այն կոնստրուկցիաներն են, որոնք օգնում են կինոյին զարգանալ:

– Այդ մասին խոսե՞լ եք մեր Կինոկենտրոնի ղեկավարի հետ:

– Ես մեկ անգամ հանդիպել եմ ձեր Կինոկենտրոնի տնօրենի հետ (նաեւ նախարարության աշխատակիցների հետ), եւ կարող եմ ասել, որ թեեւ մեր հանդիպումներն այդքան էլ արդյունավետ չէին, սակայն ակնհայտ է, որ բոլորն էլ գիտակցում են, որ եկել է փոփոխությունների պահը։ Եվ կինոարտադրության սովետական մոդելը, որը կա Հայաստանում, երկար ձգվել չի կարող։

– Արդյոք եվրոպական ազգային կինոկենտրոնների լիազորության շրջանակներո՞ւմ է նաեւ արտադրական ֆունկցիան:

– Որպես կանոն, ոչ: Թեեւ, իհարկե, ցանկացած կառույց իր պատմությունն ունի, սակայն նման բան տեղի է ունենում հատկապես ասիական եւ հետսովետական երկրներում, որտեղ ազգային կինոկենտրոնները լիարժեք ֆոնդեր չեն: CNC-ն, օրինակ, հանրային ֆոնդ է, որը երբեք ֆիլմ չի նկարահանում, այլ ֆիլմ նկարահանելու հնարավորություն է տալիս մյուսներին:

– Իսկ ո՞ր ասիական երկիրն է կարողացել արագորեն զարգացնել իր կինոարտադրությունն եւ անկողմնապահ ֆոնդ դառնալ:

– Ամենահաջող օրինակը Հարավային Կորեան է, արագ տեմպերով զարգանում է նաեւ ռուսական կինոն: Գիտեք, կինոն շատ հաճախ անմիջական կապ ունի քաղաքականության հետ, եւ երբ երկու երկիր քաղաքական համագործակցություն են հաստատում, դա անդրադառնում է նաեւ այդ երկրների կինոյի վրա: Սկզբում միշտ կոոպերացիան է լինում, եւ հետո միայն՝ կոպրոդուկցիան: Հայ-ֆրանսիական համագործակցությունը կարող է հաջող ընթանալ նաեւ այն բանի շնորհիվ, որ շատ հայ գրողներ, դերասաններ, ռեժիսորներ արդեն իսկ ներգրավված են ֆրանսիական կինոարտադրության մեջ։ Իսկ ոմանք էլ ղեկավար դիրքեր են զբաղեցնում արտադրող ընկերություններում։ Մոտ ժամանակներս, օրինակ, լույս կտեսնի մի ֆիլմ, որը նկարահանել է Ֆրանսիայում սովորած մի հայ ռեժիսոր (կներեք, հիմա նրա անունը չեմ հիշում), եւ այդ ֆիլմը առաջին հայ-ֆրանսիական համատեղ արտադրությունը կլինի։

– Եթե խոսենք վիճակագրական թվերով, CNC-ից որքա՞ն ֆիլմեր են աջակցություն ստանում։

– Ֆրանսիայում տարեկան արտադրության է ներկայացվում 200 ֆիլմ, որոնցից մոտ 60-ն արդեն երկրորդ անգամ են CNC-ից գումար ստանում՝ հետարտադրական ծախսերի համար (ինչը, վստահեցնում եմ ձեզ, ամենակարեւոր օղակն է ֆիլմի ստեղծման համար)։ Որպես կանոն, մենք մեծ ուշադրւթյուն ենք դարձնում դեբյուտներին, եւ ամենաքիչը 50 երիտասարդ ռեժիսորներ մեր ֆոնդի օգնությամբ կարողանում են իրենց առաջին ֆիլմերը նկարահանել։ Փորձում ենք այնպես անել, որ գեղեցիկ նախագծերը չմնան առանց ֆինանսավորման։ Հասուն ու կայացած ռեժիսորները շատ հաճախ կարողանում են ինքնուրույն գումար հայթայթել, իսկ երիտասարդները՝ ոչ։ Իհարկե, սկսնակներին գումար տրամադրելը ռիսկի հետ է կապված, սակայն մենք հո չե՞նք կարող միայն անվանի ռեժիսորներին աջակցել։ Երիտասարդներից է կախված ֆրանսիական կինոյի վաղվա հաջողությունը։ Մենք հասկանում ենք, որ ոչ բոլոր ֆիլմերն են կոմերցիոն հաջողություն ունենալու։ Հավատով ու սիրով օգնում ենք մեր ռեժիսորներին, երբեմն շատ մեծ հաջողություններ ենք ունենում, իսկ երբեմն էլ՝ ոչ։ Հաջողության բանաձեւի հաշվարկը բարդ գործ է, սակայն, երբ առաջնայինը համարում ես նոր տաղանդներ գտնելու սկզբունքը, շատ բան սկսում է հստակ աշխատել։ Կինոֆոնդի գործունեությունը նրանում է, որ մենք ամեն գնով փորձում ենք թույլ չտալ ֆրանսիական կինեմատոգրաֆին կանգ առնել, լճանալ ու ձանձրալի դառնալ։ Մենք հոսանք ենք ապահովում, որն էլ թարմության երաշխավորն է։

– Անընդհատ ցանկություն է առաջանում հայկական ու ֆրանսիական կինոստեղծման մեխանիզմների միջեւ զուգահեռներ անցկացնել։ Մեզ մոտ, օրինակ, հիմնականում նույն ռեժիսորներն են ֆիլմեր նկարահանում։ Ֆիլմերը հաջող չեն լինում, սակայն հաջորդ տարի նրանք նորից են գործի անցնում։ Թարմությունը չի խրախուսվում։

– Նախ փորձենք հասկանալ՝ թե ո՞րն է հաջողված ֆիլմը։ Դա հարաբերական ընկալում է։ Չէ՞ որ ֆիլմը կարող է դերասանական կամ էլ սյուժետային հետաքրքրություն առաջացնել։ Սակայն ամեն դեպքում ուզում եմ նշել, որ ռեժիսորի հեղինակությունը կամ էլ պաշարում ունեցած ֆիլմերի քանակը բնավ էլ ավտոմատ կերպով նրան աջակցություն չեն ապահովում։ Կարեւորը լավ, գրագետ ու գեղեցիկ պրոյեկտն է։ Այսինքն՝ հենց այսօր ստեղծվող աշխատանքը։ Իսկ թե այդ պրոյեկտի հեղինակը 50, թե՞ 20 տարեկան է, նշանակություն չունի։

– Դուք հասցրե՞լ եք «Ոսկե ծիրանի» օրերին երկու հայկական ժամանակակից ֆիլմերը դիտել։ Որպես փորձագետ՝ ի՞նչ կասեք դրանց մասին։

– Ես դիտել եմ «Մաեստրո» ֆիլմը ու կարող եմ ասել, որ նույնիսկ պրոֆեսիոնալ ֆորմայի առկայության դեպքում ֆիլմը ցնցող չէ։ Իսկ ընդհանուր կինոդաշտը գնահատելու համար 1-2 ֆիլմերը չափազանց քիչ են, եւ ես ինձ իրավունք չեմ վերապահում գնահատականներ տալ։ Սա իմ առաջին այցն է Հայաստան (հուսով եմ, ոչ վերջին), որի ընթացքում ես նկատեցի, որ Հայաստանում մեծ ուշադրություն պետք է դարձնել կինոկրթության վրա:

– Չե՞ք կարծում, որ հենց ցնցվելու փաստը կարող է համարվել ֆիլմի հաջողության բանալիներից մեկը։

– Այո, շատ հաճախ հենց դա է կարեւորը։ Ֆիլմի դիտումից հետո հանդիսատեսը պետք է հուզված դուրս գա դահլիճից։