«Կնյաժեսկի» հիմնադրամը, որը միավորում է Ռյուրիկովիչների տոհմը, պատրաստվում է վիճարկել Կազանի կրեմլի եւ եւս 10 մերձմոսկովյան հին շինությունների պատկանելության հարցը, որոնց թվում են Վոլոկոլամսկիի, Մոժայսկիի եւ Կոլոմենսկիի կրեմլները: Այդ մասին տեղեկացնում է «ՀըԽ»-ն: Երկու օր առաջ Մոսկվայի արբիտրաժային դատարանը վարույթ է ընդունել «Կնյաժեսկի» հիմնադրամի հայցը` Մոսկվայի Կրեմլն անժամկետ օգտագործելու իրավունք ստանալու վերաբերյալ: Դատական առաջին լսումները կայանալու են հոկտեմբերի 18-ին: Ռյուրիկովիչների տոհմի ներկայացուցիչների կողմից վիճարկվող ունեցվածքի ցանկում ընդգրկված է 89 շինություն` Ռուսաստանում, Ուկրաինայում եւ Լեհաստանում: Դրանց շարքում են Տուլայի, Տոբոլի, Ռոստովի, Պսկովի, Պորխովի, Նիժեգորոդյան, Վոլոգոդյան, Աստրախանի, Իսբորյան եւ Գդովյան քարե կրեմլները: «Այդ ամբողջը նման է հիմար գովազդի, որն ուղղված է սեփական կազմակերպության վարկանիշի բարձրացմանը: Ռյուրիկովիչների տոհմի ներկայացուցիչները ոչ մի սեփականության իրավունք չունեն: Նրանց իրավունքներն այնքան են, որքան յուրաքանչյուր Ռուսաստանի քաղաքացու իրավունքը»,- նման կարծիք է հայտնել Ազգային ռազմավարության ինստիտուտի փոխնախագահ Վիկտոր Միլիտարեւը, հավելելով, որ թվարկված շինություններից ոչ մեկը երբեք չի եղել Ռյուրիկովիչների անվանական սեփականությունը: