«Համեմունքների թագուհին»՝ ըստ Պյութագորասի

19/08/2010

Սխտորը Հին Հունաստանում հիմնական դեղամիջոց է համարվել: Պյութագորասը այն կոչել է «համեմունքների թագուհի»: Հին հռոմեացիները սխտորը համարել են բոլոր հիվանդությունների դեմ պայքարող դեղամիջոց: Եվրոպայում այն հայտնվել է 5000 տարի առաջ եւ մինչ օրս խոհանոցում, ժողովրդական բժշկության մեջ առաջատար դիրք է զբաղեցնում: Սխտորը ոչ միայն սպիտակուցներ, ճարպեր եւ բջջանյութեր է պարունակում, այլեւ միկրո եւ մակրո բազմաթիվ էլեմենտներ` նատրիում, կալիում, երկաթ, ֆոսֆոր, մագնիում, յոդ, ցինկ, մարգանեց, ինչպես նաեւ վիտամիններ՝ C, B, D, P, եթերայուղեր եւ այլն:

Դեռեւս հնագույն ժամանակներից մարդկությանը հայտնի է եղել սխտորի բուժիչ հատկությունների մասին: Սխտորով փորձել են բուժել բոլոր հայտնի հիվանդությունները, եւ հիմնականում դրանք դրական մեծ ազդեցություն են ունեցել կամ բուժել են: Օրինակ, սրտի աշխատանքի հետ կապված խնդիրների դեպքում ցանկացած բժիշկ որոշ դեղամիջոցների հետ միասին ձեզ խորհուրդ կտա օգտագործել կալիումով, անոթային խանգարումների դեպքում` վիտամինային եւ միներալներով, մրսածության դեպքում` կալցիումով, սակավարյունության (անեմիա) դեպքում` երկաթով հարուստ պրեպարատներ: Այն բոլոր նյութերը, որոնցով հարուստ է սխտորը: Առաջին հերթին` սխտորը ախտահանիչ ամենաուժեղ հատկությունն ունի, որը լավագույնս պայքարում է վիրուսների, վնասակար եւ հիվանդածին մանրէների դեմ: Սուլֆիդների ախտահանիչ հատկությանը օգնում է նաեւ սխտորի մեջ պարունակվող ալլիցինը, որը շատ ուժեղ անտիբիոտիկ է: Սխտորը կարգավորում եւ բարելավում է արյան շրջանառությունը, խթանում է սրտի աշխատանքը, օրգանիզմից հեռացնում է շլակները, բարձրացնում է տոնուսը, աշխատունակությունը: Հնագույն ձեռագրերում սխտորի մասին նաեւ հիշատակվում է` որպես ֆիզիկական ծանր աշխատանքից եւ ծանր հիվանդություններից հետո օրգանիզմը վերականգնող միջոց: Այն լավագույնս նպաստում է արյունատար անոթների վիճակի բարելավմանը, հարստացնում է վիտամիններով եւ հազվագյուտ մետաղների աղերով: Մանկաբույժները նույնիսկ սխտորով պատրաստուկներ են խորհուրդ տալիս դիսբակտերիոզով հիվանդ եւ թույլ երեխաներին: Ստամոքսա-աղիքային հաճախ հանդիպող հիվանդությունների դեպքում երեխաներին օգնում է հենց սխտորը: Սրտանոթային համակարգի բարդ եւ քրոնիկ հիվանդությունների դեպքում պետք է սխտորը հաճախ օգտագործել ամենօրյա սննդակարգի մեջ: ԱՄՆ Պենսիլվանիայի համալսարանը դեռեւս տասնյակ տարիներ առաջ իր թողարկումներից մեկը պարզապես վերնագրել էր. «Սխտորը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը»: Ամերիկացի գիտնականների հետազոտությունները պարզել էին, որ սխտորը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի քանակությունը: Ավելին, թարմ սխտորի կամ սխտորով դեղամիջոցների, պատրաստուկների հետեւողական օգտագործումը խոլեստերինի քանակը կարող է կրճատել 12-16%-ով:

Սխտորը հրաշալի պրոֆիլակտիկ միջոց է: Գրիպի համաճարակների դեպքում այն պետք է ավելի հաճախակի օգտագործել: Սխտորի միջոցով կարող եք պայքարել քրոնիկ հոգնածության, սթրեսների դեմ: Պետք է հիշել, սակայն, որ սխտորով պատրաստուկները հիմնականում ցանկալի է թարմ պատրաստել:

Հնում, ի դեպ, սխտորը համարվել է նաեւ չար ուժերից, վամպիրներից, իսկ մեր օրերում` տարբեր վիրուսներից պաշտպանող միջոց: Հնում կոկորդի բորբոքային ցավերի դեպքում խորհուրդ էր տրվում թարմ սխտորը բարակ եւ մանր կտրատել, տեղադրել հունական ընկույզի սնամեջ պատյանի մեջ եւ 20 րոպե կապած պահել ձեռքի բթամատի եւ ցուցամատի արանքում (կոկորդի որ կողմը բորբոքված է` այդ ձեռքի մատների արանքում): Սխտորը լայնորեն օգտագործվում է քրոնիկ բրոնխիտի, ասթմայի եւ առհասարակ շնչուղիների հետ կապված քրոնիկ բազմաթիվ հիվանդությունների դեպքում (օրական սխտորի 2-3 պճեղ ուտել):

Վերին շնչուղիների հիվանդությունների դեպքում պատրաստել հետեւյալ քսուքը. սխտորի քերուկը խառնել հալած ճարպայուղի (րՈսՏ) կամ ձիթապտղի յուղի հետ եւ քսել կրծքավանդակին, ուսերին եւ պարանոցին: Մեղվի, տարբեր միջատների կծոցների դեմ եւս կարող եք օգտագործել սխտորի հյութը:

Սխտորը լավացնում է մարսողականությունը, բացում է ախորժակը, օժտված է նաեւ հակաճիճվային հատկությամբ: Ճիճուների դեմ 5-6 պճեղ սխտորը մանր կտրատվում է եւ լցվում 1 թեյի բաժակ տաք ջրի մեջ, որով հոգնաներ են արվում:

Ինֆարկտի, ինսուլտի կանխարգելման եւ բուժման, արյան զարկերակային ճնշման իջեցման համար օգտակար է սխտորից պատրաստված թուրմը: 40 գրամ մանրացված սխտորի վրա ավելացնել 100 գրամ օղի, 10 օր պահել մուգ գույնի տարայի մեջ` զով տեղում: Ընդունել օրը 2-3 անգամ` ուտելուց 30 րոպե առաջ` 10-ական կաթիլ: Այս թուրմը կարող եք ընդունել նաեւ միզաքարային հիվանդությունների դեպքում:

Հիպերտոնիայի դեպքում խորհուրդ է տրվում քնելուց առաջ ուտել 2-4 պճեղ մանրացված սխտոր` մի գդալ մեղրի հետ: Բուժման կուրսը` երկու օր, ապա երկու օր ընդմիջումից հետո կուրսը կարելի է կրկնել:

Աթերոսկլերոզի դեպքում խորհուրդ է տրվում հետեւյալ թուրմը. մի գլուխ քերած սխտորին ավելացնել մեղր, մեկ լիտր ջուր, 2 օր թողնել փակ տարայի մեջ, ապա խմել:

Սխտորով եւ մեղրով կաթը լավ է օգնում անքնության դեպքում:

Դեղատոմս խոլեստերինի դեպքում

Երեք լիտրանոց ապակե տարայի մեջ դնել սեւ հաղարջի, բալի, սամիթի, ծովաբողկի տերեւներ, 1 կգ մաքրած սխտոր, 80 գր. աղ, ավելացնել եռացրած տաք ջուր այնքան, որ լրիվ ծածկի սխտորը: Բերանը փակել երկու տակ թանզիֆով, 4-5 օր պահել 15-22 աստիճան ջերմաստիճանի պայմաններում, ինչից հետո սխտորը կարելի է օգտագործել:

Երիտասարդության լեգենդար էլիքսիր

Երիտասարդության էլիքսիրի այս բաղադրատոմսը մեզ է հասել դարերի խորքից, սակայն մինչ օրս էլ մասսայականություն է վայելում: Այն կազմել են տիբեթյան ժողովրդական բժիշկները:

350 գրամ սխտորից քամել հյութ, խառնել 300 գրամ մաքուր սպիրտին: Խառնուրդը լցնել լավ փակվող տարայի մեջ եւ 10 օր պահել սառը տեղում: Ապա 2-3 տակ ծալած թանզիֆով քամել եւ թողնել եւս երեք օր: Խառնուրդն ընդունել սառը կաթի հետ (50 գրամ կաթ մի չափաբաժնի համար)` համաձայն ստորեւ բերվող սխեմայի (նշված է կաթիլների քանակն ըստ օրերի):

Տիբեթյան էլիքսիրի ընդուման սխեման

Ապա հարկավոր է ընդունել օրը երեք անգամ` 25 կաթիլ 50 գրամ կաթի հետ, մինչեւ պատրաստած խառնուրդը վերջանա: Այս միջոցը չի կարելի հաճախակի կիրառել: Խորհուրդ է տրվում երիտասարդացնող էլիքսիրն օգտագործել հինգ տարին մեկ անգամ:

Մաշկի սնուցում եւ խոնավացում

Սնուցումն ու խոնավացումը հարկավոր է հատկապես չոր մաշկին, սակայն այս դիմակը ոչ հաճախ, սակայն կարելի է օգտագործել նաեւ այլ տիպի մաշկի դեպքում:

– Միմյանց խառնել 1 ձվի դեղնուցը, 2 թեյի գդալ բուսայուղը, 1 թեյի գդալ գազարի հյութը, 1 կաթիլ սխտորի թուրմը, 1 թ/գ թարմ կաղամբի հյութը, 2 թ/գ սերուցքը, կես թ/գ կիտրոնի հյութը: Դեղնուցը հարել, ավելացնել մնացած բաղադրիչները, ապա բամբակով աստիճանաբար, մի քանի րոպե ընդմիջումներով քսել դեմքին: Լվանալ տաք ջրով:

Ստենոկարդիա

Առաջին օգնություն: Ստենոկարդիայի նոպայի ժամանակ` ցավ զգալուն պես, անհապաղ, առանց ծամելու կուլ տվեք մի փոքրիկ պճեղ սխտոր: Այս պարզ միջոցը շատ դեպքերում կարող է կանխարգելել սրտի նոպայի զարգացումը, կամ ամենաքիչը թեթեւացնել նոպայի ընթացքը:

Սրտի իշեմիկ հիվանդություն

Մի գլուխ սխտորը շատ մանր քերիչով անցկացնել, որ դառնա շիլայանման զանգված, վրան լցնել 0,25 լիտր արեւածաղկի չռաֆինացված յուղ, թողնել 24 ժամ: Խորհուրդ է տրվում խառնուրդը պահել սառնարանում: Օգտագործման եղանակը: Խառնուրդն ընդունել ուտելուց 30 րոպե առաջ` օրը 3 անգամ` մի թեյի գդալ: Բուժման կուրսը` երկու ամիս, որից հետո հարկավոր է մեկ ամիս ընդմիջում տալ, ապա անհրաժեշտության դեպքում կուրսը կարելի է կրկնել տարեկան երեք անգամ:

Հիպերտոնիկ հիվանդություն

Այս հիվանդության ժամանակ (ցանկացած փուլում) ժողովրդական բժշկությունն առաջարկում է ամեն գիշեր ուտել 2 պճեղ սխտոր (որքան հնարավոր է` կծու): Որոշ ժողովրդական բժիշկներ խորհուրդ են տալիս հիվանդության սրացման դեպքում մի պճեղ սխտոր ուտել նաեւ առավոտյան` սոված փորին:

Թութք (Հեմորոյ)

– Մի գլուխ սխտորը մանրացնել, խառնել կես լիտր կաթի հետ (ցանկալի է՝ թարմ): Խառնուրդը լցնել խոր թասի մեջ եւ նստել մեջը 20 րոպեից ոչ ավելի: Բուժման կուրսը` 7-10 պրոցեդուրա, օրը մի անգամ, ցանկալի է` քնելուց առաջ:

– Երկաթե դույլի մեջ դնել եռման աղյուս, վրան լցնել մանրացված թարմ սխտոր, դույլը փակել տախտակի կտորով, որի մեջտեղում փոքրիկ անցք է բացված: Նստել դույլից բարձրացող տաք գոլորշու վրա: Այս միջոցը թեթեւացնում է ցավն ու քորը:

– Տաք ջրով եւ հեղուկ օճառով լավ լվանալ հետանցքը, ապա 2-3 րոպե վրան դնել սխտորի հյութով ներծծված փափուկ կտոր: Պրոցեդուրան կրկնել մի քանի անգամ:

Կոշտուկների դեմ

– Սխտորից երկարությամբ մի շերտ կտրել, դնել կոշտուկի վրա եւ կապել: Փաթաթանը փոխել օրը 3 անգամ: Սովորաբար մի շաբաթ անց կոշտուկը սկսում է փափկել, եւ այն հեշտությամբ կարելի է հեռացնել:

– 1-2 պճեղ սխտորը կաթի մեջ եփել, տրորել, գիշերը դնել կոշտուկի վրա եւ կապել: Կրկնել ամեն օր: Բուժման կուրսը` 5-7 օր:

Սուր բրոնխիտի դեմ

400 գրամ սխտորը մսաղացով աղալ կամ լավ ծեծել: 24 հատ թարմ կիտրոնները կեղեւել, մաքրել նաեւ սպիտակ փառը, եւ հյութը քամել: Կիտրոնի հյութը խառնել աղացած սխտորին, ստացված զանգվածը լցնել ապակե տարայի մեջ, բայց բերանը փակել ոչ թե ամուր կափարիչով, այլ կտորով կամ թանզիֆով: Երեք շաբաթ պահել մութ տեղում: Օգտագործման եղանակը: Միջոցն ընդունել օրը մեկ անգամ` մի թեյի գդալ, ցանկալի է քնելուց առաջ: Խորհուրդ է տրվում խմելուց առաջ խառնուրդին ավելացնել կես բաժակ եռացրած տաք ջուր:

Հոդերի հիվանդություններ

Հոդերի բորբոքումը կոչվում է արտրիտ, իսկ հոդերի ընդհանուր հիվանդությունը` արտրոզ: Դեֆորմացնող օստեոարտրոզի դեպքում հոդային ոսկրերի վրա հայտնվում են հանգույցներ, հատկապես ոտքերի ու ձեռքերի մատների վրա: Հիվանդությունը հաճախ ուղեկցվում է ցավերով եւ ակտիվ շարժումների ժամանակ ճռթճռթոցով: Հոդատապը (պոդագրա) ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց շրջանում. այն ուղեկցվում է սուր նոպաներով եւ ոտքի բութ մատի, ոտնաթաթի կամ ծնկի հոդի այտուցներով:

Դեղատոմսեր հոդերի հիվանդության դեպքում

– Վերցնել սխտորի 3-5 խոշոր պճեղ, կես գլուխ սոխ, լավ մանրացնել եւ խառնել: Զանգվածը լցնել էմալապատ տարայի մեջ, ավելացնել ալոէի մեկ տերեւ (ալոէն պետք է լինի երեք տարեկանից ոչ պակաս), մի կտոր մեղրամոմ (լուցկու տուփի մեծության) եւ մի ճաշի գդալ հալած յուղ (հալած կարագ): Խառնուրդը մարմանդ կրակի վրա եռացնել, ապա լավ խառնել (եթե գնդիկներ լինեն, դրանք լավ տրորել): Սառեցնել մինչեւ սենյակային ջերմաստիճան, ապա կոմպրեսի ձեւով դնել ցավող մասին, տաք փաթաթել եւ թողնել ամբողջ գիշեր:

– 3 գլուխ սխտորը մաքրել, դարձնել շիլայանման զանգված, քամել վեց կիտրոնի հյութը, ավելացնել մի թեյի գդալ թարմ ծովաբողկին (ւՐպվ) եւ այս ամենը լավ խառնել իրար: Ստացված զանգվածը երեք շաբաթ պահել մութ տեղում` ամեն օր խառնելով: Երեք շաբաթ հետո թանզիֆով քամել, ընդունել օրը երկու անգամ (առավոտյան եւ երեկոյան)` մեկ թեյի գդալ զանգվածը լուծելով կես թեյի բաժակ ջրում: Բուժման կուրսը` մինչեւ դեղամիջոցը վերջանա:

– Թարմ սերուցքային կարագը հալեցնել առանց աղի, ավելացնել 2 պճեղ սխտորի թարմ քամած հյութ, լավ խառնել: Դնել կրակին եւ եռացնել, ապա նորից լավ խառնել եւ քամել: Զանգվածը մերսել ցավող մասերի վրա` մինչեւ լրիվ ներծծվի:

– 5 խոշոր գլուխ սխտորը մանրացնել, ավելացնել կես լիտր օղի: Թողնել մութ, տաք տեղում երկու շաբաթ: Միջոցն ընդունել օրը երեք անգամ, ուտելուց առաջ, մեկ թեյի գդալի չափով: Խորհուրդ է տրվում խմելուց առաջ դեղամիջոցը լուծել 1/4 բաժակ եռացրած-սառեցրած ջրում: Բուժման կուրսը` մինչեւ պատրաստած դեղամիջոցը վերջանա:

Շաքարախտի դեմ

Սխտորն, առհասարակ, հաճախ է օգտագործվում դեղագործության մեջ: Առաջին եւ երկրորդ կարգի շաքարախտի դեպքում շատ օգտակար են սխտորի հիմքով պատրաստված դեղերը եւ միջոցները: Ճապոնիայի` Սուզուկիի բժշկական համալսարանի գիտնականները լաբորատոր փորձաքննություններ են կատարել մկների արյան օգնությամբ` նրանց տալով հաբերի տեսքով հայտնագործած սխտորի հիմքով պրեպարատը: Բժիշկների համոզմամբ` սխտորի հակաբորբոքային հատկությունների շնորհիվ հնարավոր է դարձել էնդոկրին համակարգի կայունացումը եւ ինսուլինի հորմոնալ մակարդակի վերահսկողությունը: Սխտորի մեջ առկա վանադիումի եւ ալլաքսինի քիմիական միացությունն, ըստ գիտնականների, շաքարախտի դեմ շատ ուժեղ միջոց են, որոնք նաեւ կանխարգելում են այդ հիվանդության ի հայտ գալը: Հետագայում գիտնականները սխտորի միջի այդ միացությունը ներարկել են կրծող կենդանիներին: Այդ միացությամբ պատրաստված պրեպարատը` հաբերի տեսքով լավագույն արդյունքներն է արձանագրել: Դեղագործները պատրաստվում են այդ դեղամիջոցը փորձարկել նաեւ մարդկանց շրջանում: Թերապեւտների խոսքով` ի տարբերություն շաքարախտի ընդունված բուժմանը` ինսուլինի ամենօրյա ներարկումների միջոցով, բազմաթիվ վնասներ են հասցնում օրգանիզմին, իսկ սխտորով այս նոր դեղամիջոցն անվնաս է եւ նպաստում է իմունային համակարգի, դիմադրողականության ամրապնդմանը եւ շաքարախտով հիվանդների մոտ` ինսուլինի վերարտադրման կարգավորմանը:

Առողջ եղեք: