Չժուան-ցզիի խորհուրդը
Հուեյ-ցզին Չժուան-ցզիին ասաց. «Իմ բակում մի մեծ ծառ կա, մարդիկ այն կոչում են Երկնքի Ծառ: Նրա բունն այնքան ծուռ է, որ դրան չես կարող նեցուկ հարմարեցնել: Նրա ճյուղերն այնքան ոլորուն են, որ դրանցից անկյունակապ չես սարքի: Դիր այն ճանապարհի մոտ, եւ ոչ մի հյուսն նույնիսկ չի նայի դրա վրա: Այդպես են եւ քո խոսքերը` մեծ են դրանք, բայց դրանցից օգուտ չկա, այդ պատճառո՞վ է, որ մարդիկ ունկ չեն դնում դրանց:
Չժուան-ցզին ասաց. «Արդյո՞ք քեզ բախտ վիճակվել է տեսնել, թե ինչպես է որս դարանակալում վայրի կատուն: Նա սողում է, ամեն պահին աջ կամ ձախ նետվելու պատրաստ, բայց հանկարծ թակարդն է ընկնում եւ զոհվում է ականատում: Իսկ ահա եզնուղտը վիթխարի է, ինչպես երկինքը պարուրող ամպը, բայց իր չափերով հանդերձ՝ չի կարող նույնիսկ մուկ բռնել: Դու ասում ես, որ քո ծառից օգուտ չկա: Դե ուրեմն տնկիր այն Գյուղում, Որը ոչ մի տեղ չկա, կանգնեցրու այն Անսահման Ընդարձակության Անապատում եւ զբոսնիր նրա շուրջ, չմտածելով գործերի մասին, հանգստացիր նրա տակ, տրվելով հաճելի երազանքներին: Այնտեղ կացինն այն չի կտրի եւ ոչինչ նրան վնաս չի պատճառի: Երբ օգուտ չգտնես, որտեղի՞ց կհայտնվեն հոգսերը:
Չժուան-ցզին եւ թիթեռնիկը
Մի անգամ ես՝ Չժուան Չժոուս, երազում ինձ թիթեռնիկ տեսա` երջանիկ թիթեռնիկ, որ ճախրում էր ծաղկանց մեջ, իր հաճույքի համար, եւ բնավ չգիտեր, որ ինքը` Չժուան Չժոուն է: Եվ ես չգիտեի, արդյո՞ք ես Չժուան Չժոուն եմ, ում երազվել է, թե նա թիթեռ է, թե թիթեռ եմ, ում երազվել է, թե ինքը` Չժուան Չժոուն է: Բայց չէ՞ որ Չժուան Չժոուի եւ թիթեռնիկի միջեւ, անշուշտ, կա տարբերություն: Ահա թե ինչ է իրերի փոխակերպությունը:
Ինչպե՞ս հոգ տանել կյանքի մասին
Խոհարար Դինը մասնատում էր եզան լեշերը Վեն-խոյ արքայի համար: Ձեռքը թափահարում էր, ուսով անում, ծնկով սեղմում, ոտքը գետնով տալիս` թրըփ-շրըփ: Փայլկտուն դանակը ասես պարում էր օդում` մեկ «Թթենու պուրակի» մեղեդու տակտով, մեկ Ցզինշոուի երգերի ռիթմին համընթաց:
– Հիանալի է,- գոչեց Վեն-խոյ արքան,- Ինչ բարձր է քո արվեստը, խոհարար:
Դանակը կողմ դնելով, Դինն ի պատասխան ասաց. «Ձեր ծառան սիրում է Ճանապարհը, իսկ այն սովորական վարպետությունից վեր է: Սկզբում, երբ ես նոր էի զբաղվում լեշերի մասնատմամբ, ես իմ առջեւ տեսնում էի միայն եզների լեշերը, բայց անցավ երեք տարի, եւ ես արդեն չէի տեսնում դրանք իմ առջեւ: Հիմա ես աչքերով չեմ նայում, այլ հույսս դնում եմ հոգու հոտառության վրա, ես դադարել եմ զգացողությունների օրգաններով ընկալելը եւ թողնում եմ, որ իմ մեջ իրագործվի հոգեւոր ցանկությունը: Տրվելով Երկնային կարգուկանոնին, ես դանակը տանում եմ գլխավոր հյուսվածքների միջով, ակամա ներթափանցում եմ ներքին պարապությունների մեջ, հետեւելով սոսկ անխախտելիին, եւ այդ պատճառով երբեք դեմ չեմ առնում մկաններին կամ ջլերին, էլ չասած ոսկորների մասին: Լավ խոհարարը դանակը տարին մեկ է փոխում, որովհետեւ այն կտրում է: Սովորական խոհարարը փոխում է իր դանակը ամիսը մեկ, որովհետեւ այն փրթում է: Իսկ ես օգտվում եմ իմ դանակից արդեն տասնինը տարի, դրանով մասնատելով հազարավոր լեշեր, իսկ դանակը մինչեւ այժմ այնպիսի տեսք ունի, ասես նոր է դուրս բերվել հեսանաքարից: Չէ՞ որ լեշի հոդավորումներում միշտ կան արանքներ, իսկ իմ դանակի սայրը հաստություն չունի: Իսկ երբ հաստություն չունեցողը մտցնում ես դատարկության մեջ, դանակը ման գալու համար բավականաչափ տեղ կունենա: Ահա թե ինչու նույնիսկ տասնինը տարի անց դանակն իմ այնպիսի տեսք ունի, ասես հեսանաքարից հենց նոր է դուրս բերվել: Սակայն ամեն անգամ, երբ ես մոտենում եմ դժվար տեղի, ես տեսնում եմ, որտեղ ինձ համար դժվար կլինի, եւ ես ուշադրությունս ի մի եմ բերում: Ես սեւեռուն նայում եմ այդ տեղին, շարժվում եմ դանդաղ եւ սահուն, ջանադրաբար դանակն առաջ եմ մղում, եւ հանկարծ լեշը մասնատվում է, ասես հողագուղձը փլվում է գետնին: Այդժամ ես ձեռքս վեր եմ բերում, գոհունակ տեսքով շուրջբոլորս եմ նայում, իսկ հետո սրբում եմ դանակն ու այն տեղն եմ դնում:
– Հիանալի է,- գոչեց Վան-խոյ արքան:
– Լսելով խոհարար Դինին, ես հասկացա, թե ինչպես պետք է սնուցել կյանքը:
Հյուսն Շին եւ ծեր կաղնին
Երբ հյուսն Շին ուղեւորվում էր Ցի թագավորությունը եւ անցնում էր Ցյույսյուան գյուղակի մոտով, նա երկրի ոգիների զոհասեղանի մոտ մի վիթխարի կաղնի տեսավ: Այդ կաղնու սաղարթամասն այնքան լայն էր, որ նրա ստվերում կարող էր մի քանի հազար եզ տեղավորվել: Նրա բունը լայնությամբ, երեւի թե, մի հարյուր գրկաչափ էր, բարձրությամբ այն գերազանցում էր շրջակա բլուրները: Իսկ նրա ամենացածր ճյուղերը մի տասը սաժեն գետնից բարձր էին: Ճյուղերը, որոնցից կարելի էր նավ պատրաստել, տասնյակներով էին համրվում: Ծառին նայելու էին գալիս, ինչպես շուկայում, ավարաների ամբոխները, բայց հյուսն Շինը այն նույնիսկ իր հայացքին չարժանացրեց եւ առանց կանգ առնելու առաջ անցավ: Երբ նրա աշակերտը մի կուշտ նայեց այդ արտասովոր ծառին, նա հասավ հյուսն Շինին եւ նրան հարցրեց. «Ուսուցիչ, այն օրից, ինչ ես ձեռքս կացին վերցրի եւ ձեր ետքից եկա, ինձ բախտ չի վիճակվել այսպիսի հիասքանչ հումք տեսնել: Եվ ինչո՞ւ դուք նույնիսկ չնայեցիք այն ծառին, եւ կողքով անցնելիս քայլքը չդանդաղեցրիք»:
– Բավ է, այլեւս ինձ այդ մասին մի հիշեցրու, – պատասխանեց հյուսն Շինը: -Նրանից նավակ կսարքես, եւ այն կխորտակվի, դագաղ կսարքես, եւ այն շուտ կփտի, գավ կսարքես, եւ այն շուտ կճաքի, դուռ ու դարպաս կսարքես, եւ դրանք շուտով կչորանան ու կսմքեն, սյուն կկանգնեցնես, եւ այն բզեզները կկրծեն: Այդ ծառը բանի պետք չէ, նրանից ոչ մի օգուտ չկա, ահա թե ինչու այն կարողացել է այդքան երկար ապրել:
Երբ հյուսն Շին տուն վերադարձավ, սրբազան կաղնին հայտնվեց նրան երազում եւ ասաց. «Ինչի՞ հետ ես դու ինձ ուզում համեմատել: Ինչ-որ նրբին, մշակման համար պիտանի ծառերի հե՞տ: Թե՞ պտղաբեր ծառերի, ինչպես բալենին, տանձենին կամ մանդարինի ծառը: Երբ պտուղները նրանց վրա աճում են, դրանք անխնա պոկոտում են, ճյուղերը կոտրելով, փրցնելով փոքրիկ բողբոջները: Ծառերն այդ իրենց ունակությունների պատճառով վնաս են կրում եւ մահանում են, չսպառելով բնության նախատեսած իրենց կենաց ժամկետը: Նրանք տառապում են գռեհիկ աշխարհիկ կարիքների պատճառով: Եվ դա պատահում է ամեն մի բանի հետ, որ օգտակար է մարդկանց համար: Իսկ ես վաղուց տենչում եմ այն բանին, որպեսզի միանգամայն անօգուտ դառնամ, եւ հիմա, կյանքիս մայրամուտին, հասել եմ իմ ուզածին: Իմ անօգտակարությունն այլոց համար շատ օգտակար է հենց ինձ համար: Դե, իսկ եթե ես օգտակար լինեի մյուսների համար, ապա մի՞թե ես կարող էի այսքան վիթխարի աճել: Այդպիսին է բոլոր բաների ճակատագիրն այս աշխարհում: Ինչ տխմարություն է մտածել, թե ինչպես են բոլոր բաները միմյանց վերաբերվում: Մի՞թե ամենքի համար անպիտան մարդը, ով հիմա-հիմա պիտի մեռնի, կսկսի հետաքրքրվել ամենքին անպիտան ծառով:
Արթնանալով՝ հյուսն Շին իր երազի մասին պատմեց աշակերտին: «Եթե այդ ծառն ուզում է անօգտակար լինել,- ասաց աշակերտը,- ինչո՞ւ է զոհասեղանի մոտ աճում»:
Լռիր,- պատասխանեց հյուսնը: -Այն կեցած է զոհասեղանի մոտ միայն այն պատճառով, որ ուզում է զերծ մնալ տգետներից: Չէ՞ որ սրբազան չհամարվող ծառերը, մարդիկ շատ ավելի հաճախ են խեղում: Եվ բացի այդ, ծառը պահպանում է սրբավայրը, որ ամենայն գռեհիկից եւ առօրեականությունից հեռու է, եւ մի՞թե մենք ճշմարտությունից հեռու կլինեինք, եթե ասեինք, թե նա կատարում է իր վսեմ պարտքը:
Վաղնջական ժամանակների իսկական մարդիկ
Վաղնջական ժամանակների իսկական մարդիկ չէին ընդդիմանում մենակյացների իրենց ճակատագրին, չէին աքլորանում մարդկանց առաջ եւ ապագայի գուշակություններ չէին անում: Այդպիսի մարդիկ չէին ափսոսում իրենց վրիպանքների համար եւ իրենց հաջողություններով չէին հպարտանում: Նրանք բարձունքներ էին մագլցում, ահ չճանաչելով, խրվում էին ջուրն առանց թրջվելու, մտնում էին կրակն ու չէին այրվում: Այդպիսին է նշանակությունը, որը ծնվում է առ Մեծ Ճանապարհը մեր ձգտումներից: Վաղնջական ժամանակների իսկական մարդիկ քնում էին առանց երազների, արթնանում առանց տագնապների, ամենայն սնունդ հավասարապես համեղ էին գտնում, եւ նրանց շնչառությունը գալիս էր ամենաթաքնաթաքուր խորքերից: Քանզի իսկական մարդը շնչում է կրունկներով, իսկ սովորական մարդիկ կոկորդով են շնչում: Համեստ եւ զիջող, նրանք խոսում էին կցկտուր եւ դժվարությամբ, ասես կակազում էին: Իսկ նրանք, ում ցանկությունները խորն են ներթափանցել, Երկնային կյանքի ակունքը մակերեսի վրա է ընկած:
Վաղնջական ժամանակների իսկական մարդիկ չգիտեին, թե ինչ բան է կյանքով ուրախանալը եւ մահից սարսափելը, չէին փութում այս աշխարհ գալ եւ չէին ընդդիմանում դրանից հեռանալուն: Մոռացության չմատնելով բոլոր իրերի ակունքը, մտքով չէին ընթանում դեպի ամենայն գոյողի ավարտը, նրանք բերկրում էին իրենց պարգեւվածով, սակայն մոռանում էին այդ, երբ զրկվում էին դրանից: Ահա թե ինչ է նշանակում չվնասել Ճանապարհին իմաստակելով, չնենգափոխել երկնայինը մարդկայինով: Այդպիսին էին իսկական մարդիկ: Այդպիսի մարդկանց սիրտը մոռացկոտ էր, դեմքը՝ խաղաղ, մարմինը՝ վսեմ: Զով, ինչպես աշունը, ջերմ, ինչպես գարունը, նրանք իրենց զգացողություններում հետեւում էին տարվա չորս եղանակներին, ապրում էին, համապատասխանելով ողջ գոյողին, եւ ոչ ոք չգիտեր, թե որտեղ է իր սահմանը:
Այդու, երբ իմաստունը մարտի է բռնվում, նա կարող է կործանել պետությունը, բայց այդուհանդերձ չի զրկվի մարդկանց սիրուց: Սերն այդ տարածում է իր բարիքները հազարավոր սերունդների վրա, բայց ոչ այն պատճառով, որ սիրում է մարդկանց: Ուրեմն, մարդը, ով ուզում է ամեն ինչ իմանալ, իմաստուն չէ: Իսկ ինչ-որ մեկի հանդեպ սոսկ բարեհաճ լինելը` կնշանակի բարի չլինել: Նրան, ով ուզում է ժամանակ շահել, առաքինի այր չես կոչի: Նա, ով օգուտից եւ վնասից անդին չի տեսնում, առաքինի այր չես կոչի: Նա, ով փառք է տենչում, հոգ չտանելով իր մասին, խելամիտ չես կոչի: Նա, ով զրկվում է կյանքից, չմտածելով իր միջի ճշմարիտի մասին, չի կարող տեր լինել մարդկանց մեջ:
Վաղնջական ժամանակների իսկական մարդիկ ապրում էին արդար եւ չէին ձգտում այլոց սիրաշահել: Նրանք այնպիսի տեսք ունեին, ասես իրենց ինչ-որ բան չէր բավում, բայց նրանք ոչինչ իրենց չէին վերցնում: Նրանք հանգիստ ու վստահ էին իրենց ներսում, բաց էին եւ անպարագրելի աշխարհի առաջ, բայց աքլորանալ չէին սիրում: Ապրում էին թեթեւ հոգով եւ ասես իրենց հաճույքի համար, անում էին լոկ այն, ինչն անկարելի էր չանել:
Իմաստուն Յան Խոյը
Յան Խոյն ասաց. «Ես ինչ-որ բանի հասել եմ»:
– Հատկապես ինչի՞, – հարցրեց Կոնֆուցիոսը:
– Ես մոռացել եմ ծեսերի եւ երաժշտության մասին:
– Դա լավ է, բայց դու դեռ հեռու ես կատարելությունից:
Հաջորդ օրը Յան Խոյը նորից հանդիպեց Կոնֆուցիոսին:
– Ես դարձյալ ինչ-որ բանի հասել եմ,- ասաց Յան Խոյը:
– Եվ ի՞նչի, – հարցրեց Կոնֆուցիոսը:
– Ես մոռացել եմ մարդկայնության եւ արդարության մասին:
– Դա լավ է, բայց դեռ բավարար չէ:
Հաջորդ օրը Յան Խոյն ու Կոնֆուցիոսը նորից հանդիպեցին:
– Ես դարձյալ ինչ-որ բանի հասել եմ,- ասաց Յան Խոյը:
– Եվ ինչի՞ ես հասել դու այս անգամ:
– Ես պարզապես ինքնամոռաց նստած եմ:
Կոնֆուցիոսը զարմացավ եւ հարցրեց.
– Դրանով դու ի՞նչ ես ուզում ասել. «Ինքնամոռաց նստած եմ»:
– Մարմինն իմ ասես ինձանից հեռացել է, իսկ բանականությունս ասես հանգչել է: Ես ասես դուրս եմ եկել իմ ունայն պատյանից, դեն եմ նետել գիտելիքն ու նմանվել եմ Ամենաթափանցին: Ահա թե ինչ է նշանակում՝ «ինքնամոռաց նստել»:
– Եթե դու միասնական ես ողջ գոյողի հետ, ուրեմն դու չունես մոլություններ: Եթե դու ապրում ես փոխակերպություններով, դու քեզ կանոններով չես ճնշում: Երեւի թե, դու իրոք ինձանից իմաստուն ես: Ես, Կոնֆուցիոսը, քեզ հետեւելու թույլտվություն եմ խնդրում:
Մեծ Մարդու ուսմունքը
Մեծ Մարդու ուսմունքը` ասես ստվեր է, որ նետում է մարմինը, եւ արձագանք, որ երկրորդում է ձայնին: Ամենայն հարցի արձագանքում է, հասկանալով մարդկանց զգացմունքները, զգալով իր համամասնակցությունը ողջ աշխարհին:
Նա կենում է անփոփոխ հանգստության մեջ, իսկ շարժվում է, սահմաններ չճանաչելով, յուրաքանչյուրին տանում է իր ձգտումներին համապատասխան եւ ամեն մեկին բերում է դեպ իր նախնական բնույթը: Ճամփորդում է արձակ եւ անվերջորեն, ոչ մի տեղ չշեղվելով, եւ անսկիզբ է, ինչպես արեգակը, իսկ մարմնով ձուլված է Մեծ Միասնությանը: Մեծ Միասնության մեջ ոչ մի անձնական բան չես կարող ունենալ: Իսկ ոչ մի անձնական բան չունենալով, ոչինչ չես կարող ունենալ: Ունեցվածքին կողքանց նայելը` այդպիսին են վաղնջական ժամանակների առաքինի այրերը: Նրանք, որ զննում են այն, ինչին չի կարելի տիրանալ` այդպիսին են Երկնքի եւ Երկրի ընկերները:
Չնչին են, բայց կյանքում անհրաժեշտ` այդպիսին են իրերը: Աննշան են, բայց չի կարելի դրանց վրա չհենվել` այդպիսին են հասարակ մարդիկ: Տաղտկալի են, բայց չի կարելի դրանցով չզբաղվել` այդպիսին են աշխարհիկ գործերը: Կոպիտ են, բայց չի կարելի դրանց մասին չազդարարել` այդպիսին են օրենքները: Հեռու է կեցած, բայց պետք է դրանից կառչել` այդպիսին է պարտքը: Միշտ կողքիդ է, բայց պետք է տարածվի բոլորի վրա` այդպիսին է մարդկայնությունը: Բաժանում են, բայց պետք է հյուսվեն մի կծիկում` այդպիսին են ծեսերը: Ներսում են կենում, բայց պետք է դրանց ձգտել` այդպիսին են կենաց հատկությունները: Միասնական է, բայց չի կարող չփոխվել` այդպիսին է Ճանապարհը: Հոգեւոր ուժի տեր է, բայց չի կարող չգործել` այդպիսին է Երկինքը: Այդ պատճառով իմաստունը հայում է Երկինքը, բայց օգնություն չի առաջարկում, կենաց հատկություններն իր մեջ է ճանաչում, եւ ոչնչով կապված չէ, սերում է Ճանապարհից, այլ ոչ թե ծրագրեր է կառուցում: Նա անսխալորեն կատարում է իր պարտքը, բայց չի նայում օրինակներին, կատարելապես տիրապետում է ծեսին, բայց արգելքներ չի ճանաչում, փայլուն կերպով լուծում է բոլոր գործերը եւ դրանցից երես չի թեքում, խելամիտ կիրառում է օրենքներն ու կյանքի մեջ խառնաշփոթություն չի մտցնում, նրբորեն հասու է լինում մարդկանց զգացմունքներին եւ չի քամահրում դրանք, վստահում է իրերին եւ դրանք դեն չի նետում: Իսկ ինչ վերաբերում է առարկաներին, ապա դրանցից ոչ մեկը արժանի չէ այն բանին, ինչ արվում է դրանց հետ, թեպետ եւ չի էլ կարելի դա չանել:
Չժուան-ցզիի բերկրանքները
Չժուան-ցզին Պուշույ գետում ձուկ էր բռնում, իսկ Չուի տիրակալը ուղերձով նրա մոտ էր ուղարկել երկու բարձրատոհմիկ ծառայողների, իսկ այդ ուղերձում ասվում էր. «Կամենում եմ Ձեր վրա բառնալ պետական գործոց բեռը»:
Չժուան-ցզին նույնիսկ կարթը ձեռքից վայր չդրեց եւ գլուխն էլ չշրջեց, այլ միայն ի պատասխան ասաց. «Ես լսել եմ, որ Չույում կա մի սրբազան կրիա, որը մահացել է սրանից երեք հազար տարի առաջ: Տիրակալը նրան փաթաթել էր նրբահյուս մետաքսով, թաքցրել էր փոքրիկ սնդուկի մեջ, իսկ սնդուկն այն դրել էր իր նախնիների տաճարում: Ի՞նչ կգերադասեր այդ կրիան, մահացած լինել, բայց որ երկրպագեին իր ոսկորնե՞րը, թե՞ ողջ լինել, եթե նույնիսկ ստիպված լիներ պոչն իր քարշ տալ կեղտի մեջ:
Երկու աստիճանավորներն էլ ասացին. «Դե, իհարկե, նա կգերադասեր ողջ լինել, եթե նույնիսկ ստիպված լիներ պոչն իր քարշ տալ կեղտի մեջ»:
– Դեն կորեք,- գոչեց Չժուան-ցզին,- ես նույնպես պոչս քարշ կտամ կեղտի մեջ:
***
Հուեյ-ցզին առաջին խորհրդատուն էր Լյան թագավորությունում, եւ Չժուան-ցզին կամեցավ նրան այցելել: Ինչ-որ մեկը Հուեյ-ցզիին ասաց. «Ձեզ մոտ է գալիս Չժուան-ցզին: Նա ուզում է ձեզ փոխարինել առաջին խորհրդականի պաշտոնում»: Հուեյ-ցզին շատ վախեցավ եւ հրամայեց փնտրել Չժուան-ցզիին ողջ թագավորությունով մեկ: Եվ երեք օր ու երեք գիշեր փնտրում էին Չժուան-ցզիին: Չժուան-ցզին եկավ Հուեյ-ցզիի մոտ եւ ասաց. «Հարավում ապրում է մի թռչուն, որին Յուանչու են կոչում: Դու գիտե՞ս այդ մասին: Նա վեր է սավառնում Հարավային օվկիանոսում եւ թռչում է դեպի Հյուսիսային օվկիանոս: Նա հանգիստ է առնում միայն սոսիների կատարներին, սնվում է միայն բամբուկի պտուղներով եւ միայն աղբյուրի ջուր է խմում: Մի անգամ ինչ-որ բու սատկած առնետ գտավ: Երբ Յուանչոու թռչունը թռչում էր նրա վրայով, բուն գլուխը բարձրացրեց եւ սպառնալից աղաղակեց: Արդյո՞ք դու ուզում ես ինձ սպառնալ քո թագավորությամբ»:
***
Չժուան-ցզին եւ Հուեյ-ցզին զբոսնում էին Խաո գետի վրա փռված կամրջի վրայով:
Չժուան-ցզին ասաց. «Ինչ ուրախ են ձկնիկները խաղում ջրում: Ահա ձկների ուրախությունը»:
– Չէ որ դու ձուկ չես,- ասաց Հուեյ-ցզին,- դե ուրեմն ի՞նչ գիտես, թե որն է ձկների ուրախությունը:
– Բայց չէ՞ որ դու ես չեմ,- պատասխանեց Չժուան-ցզին,- դե ուրեմն դու որտեղի՞ց գիտես, թե ես չգիտեմ, թե որն է ձկների ուրախությունը:
– Ես, իհարկե, դու չեմ եւ չեմ կարող իմանալ այն, ինչ դու գիտես: Բայց դու էլ ձուկ չես, եւ այդ պատճառով չես կարող իմանալ, թե որն է ձկների ուրախությունը,- առարկեց Հուեյ-ցզին:
Այդժամ Չժուան-ցզին ասաց. «Եկ վերադառնանք սկզբին: Դու ինձ հարցրիր` դու ի՞նչ գիտես ձկների ուրախությունը: Կնշանակի՝ դու արդեն գիտեիր, որ ես դա գիտեմ, եւ այդ պատճառով հարցրիր: Իսկ ես դա իմացա Խաո գետի մոտ զբոսնելիս»:
Չժուան-ցզին եւ գանգը
Երբ Չժուան-ցզին եկավ Չուի հողերը, նա դեմ առավ մի լերկ գանգի, որն արդեն ժամանակի ընթացքում ճերմակել էր, բայց դեռ պինդ էր: Մտրակով հարվածելով գանգին, Չժուան-ցզին սկսեց նրան հարցումներ տալ. «Արդյո՞ք ձեզ սրան է հասցրել անխոհեմ կապվածությունը կյանքին: Թե՞ դուք ծառայում էիք պարտված թագավորությանը եւ գլխատվել եք կառափնարանում: Արդյո՞ք ձեզ այս օրին են հասցրել անխելահաս կյանքն ու արարքները, որոնք անարգել են ձեր ծնողներին, կնոջն ու երեխաներին: Արդյո՞ք ձեզ այս օրին են հասցրել քաղցն ու ցուրտը, Կամ, գուցե թե, ձեզ այս օրին է հասցրել դանդաղ մահը, որ վրա է եկել կենաց երկար տարիներից հետո»:
Այսպես Չժուան-ցզին խոսեց գանգի հետ, իսկ հետո այն գլխի տակ դրեց եւ պառկեց քնելու: Կեսգիշերին գանգը հայտնվեց նրան երազում եւ ասաց. «Դու խոսում էիր, հանց պարապ խորհրդածելու սիրահար: Քո խոսքերում արտացոլվեցին ողջ մարդկանց հոգսերը: Մեռյալներին դրանք անհայտ են: Արդյո՞ք դու կամենում ես լսել մեռյալի ձայնը»:
– Այո,- ասաց Չժուան-ցզին:
– Դե ուրեմն լսիր: Մեռյալը չունի ոչ տիրակալ վերեւում, ոչ էլ հպատակներ ներքեւում, ոչ էլ տարվա եղանակներ: Նա անվրդով հետեւում է Երկնքի եւ երկրի շրջապտույտին, եւ նույնիսկ կայսրության տիրակալի զվարճանքները չեն կարող համեմատվել նրա երջանկության հետ:
Չժուան-ցզին չհավատաց այդ խոսքերին եւ հարցրեց. «Իսկ կկամենա՞ս, ես ասեմ ճակատագրերի Տիրակալին, որ քեզ կյանքի կոչի, դարձյալ քեզ մարմին տա, հարություն պարգեւի քո ծնողներին, կնոջը, երեխաներին, ընկերներին ու հարեւաններին»:
Գանգը կարծես ահեղորեն մռայլվեց եւ ասաց. «Դե մի՞թե ես իմ արքայական երջանկությունը կփոխեմ մարդկային չարչարանքների հետ»:
Չժուան-ցզին եւ Դունգո-ցզին
Դունգո-ցզին Չժուան-ցզիին հարցրեց. «Որտե՞ղ է գտնվում այն, ինչը մենք Ճանապարհ ենք կոչում»։
– Չկա այնպիսի վայր, որտեղ այն չլինի,- պատասխանեց Չժուան-ցզին:
– Իսկ դուք այդուհանդերձ ասեք, եւ այդժամ ես կկարողանամ հասկանալ:
– Դե, ասենք, մրջյունների մեջ:
– Իսկ դրանից փոքր ինչ-որ բանում կա՞:
– Մոլախոտի ու մղեղի մեջ:
– Իսկ ավելի ցա՞ծր:
– Կղմինդրի եւ աղյուսի մեջ:
– Դե իսկ այնպիսի ցածր մի բանո՞ւմ, որից էն կողմ բան չկա:
– Կղկղանքի ու մեզի մեջ:
Դունգոն-ցզին նեղացած լռեց, եւ այդժամ Չժուան-ցզին նրան ասաց. «Ձեր հարցերը, հարգելիս, ամենեւին էական չեն: Ահա, ճիշտ այդպես շուկայի կառավարիչ Խոն որոշում էր, թե որքան յուղոտ է խոզը, ոտքով այն սեղմելով, որքան ուժեղ սեղմես, այնքան ավելի ճիշտ կորոշես: Դուք անհրաժեշտություն չունեիք հարցնելու Ճանապարհի գտնվելու վայրի մասին, քանզի Ճանապարհը զատված չէ իրերից: Այդպիսին է վերին Ճանապարհը, այդպիսին է եւ մեծ խոսքը:
Ավելի լավ է մենք ճամփորդության ուղեւորվենք Բացակայողի Ապարանքով, միավորվելով համընդհանուր համաձայնությանը, դարեդար չիմանալով չափ ու սահման: Ինչո՞ւ դրա հետ մեկտեղ մենք չլինենք Անգործունեության մեջ: Ինչո՞ւ չլինենք անվրդով, մաքուր, պարապ: Դե, ուրեմն ցրենք մեր մտադրությունները, ոչ մի տեղ չուղեւորվենք եւ չիմանանք, թե ուր կհասնենք, գանք ու գնանք, առանց իմանալու, թե որտեղ կանգ առնենք: Ես արդեն ելել եմ այդպիսի ճամփորդությունների եւ վերադարձել եմ, բայց դեռեւս չգիտեմ, թե որտեղ է դրանց սահմանը: Ես հածում էի այդ անսահման ընդարձակություններում, բայց այնտեղ շողացող մեծ իմացությունը սահման չի ճանաչում:
Կատարյալ մարդը
Ուսուցիչ Լե-ցզին Գուան-ինին հարցրեց. «Բարձրագույն մարդը գնում է ջրի տակով եւ չի խեղդվում, քայլում է կրակի միջով եւ չի այրվում, սավառնում է ողջ աշխարհի վրայով եւ չի վախենում: Թույլ տվեք հարցնել. ինչպե՞ս դրան հասնել:
– Դրան հասնում են ոչ թե գիտելիքով եւ հմտությամբ, այլ պահպանելով կենաց ուժի մաքրությունը,- պատասխանեց Գուան-ինը: – Նստիր, ես քեզ կպատմեմ: Այն ամեն ինչը, ինչ ձեւ ու կերպարանք ունի, գույն ու հնչյուն` իրեր են: Բայց ինչո՞վ են միմյանցից տարբերվում այդ բաները եւ ինչո՞վ են գերազանցում միմյանց: Ձեւով եւ գույնով` սոսկ այսքանը: Չէ՞ որ իրերը ծնվում են անձեւության մեջ եւ վերադառնում են առ անփոփոխը: Ի՞նչ արգելքներ կարող են լինել նրա համար, ով ըմբռնել է դա: Այդպիսի մարդը կենում է Անսպառելիում եւ թաղում է իրեն Անպարագրելիում, ճամփորդում է իրերի սկզբի եւ վերջի մոտ: Նա պահպանում է իր բնույթի ամբողջականությունը, կոփում է իր ոգին եւ համաձայնության է բերում իր կենաց ուժերը, որպեսզի համահունչ լինի ողջ գոյողի էությանը: Երկնայինը նրանում ամբողջապես պահպանվում է, հոգեւորը նրանում վնաս չի կրում: Դե ուրեմն, ինչպե՞ս կարող են նրան խանգարել արտաքին իրերը:
Ահա եւ սայլակից ընկած հարբեցողն էլ կարող է ուժեղ խփվել, բայց մահու չափ չի վիրավորվի: Նրա մարմինը նույնն է, ինչ եւ մյուսներինը, բայց նա յուրովի կվնասվի, չէ՞ որ նրա ոգին ամբողջական է: Նա չգիտեր, որ գնում է սայլակով, եւ չգիտեր, որ ընկել է դրանից, երազները կյանքի մասին եւ մահվան վախը բուն չէին դրել նրա կրծքում, եւ ահա նա, բախվելով ինչ-որ առարկայի, ահ չի ճանաչում: Եթե մարդը կարող է գինուց այդքան ամբողջական դառնալ, ապա որքա՞ն առավել ամբողջական նա կարող է դառնալ երկնքից: Իմաստունն իրեն թաղում է երկնայինում, եւ այդ պատճառով նրան ոչինչ չի կարող վնասել:
Ամենամեծ ճամփորդը
Սկզբնական շրջանում Լե-ցզին շատ էր սիրում ճամփորդել: Խու-ցզին նրան հարցրեց.
– Բայց ի՞նչն է ձեզ դուր գալիս ճամփորդություններում:
– Հաճույքը ճամփորդություններից այն է, որ դու անընդհատ քո առջեւ ինչ-որ նոր բան ես տեսնում,- պատասխանեց Լե-ցզին: -Այլ մարդիկ ճամփորդության են ուղեւորվում, որպեսզի հիանան տեսարաններով, իսկ ես ճամփորդում եմ այն բանի համար, որպեսզի հայեմ իրերի փոխակերպությունը: Կա ճամփորդություն եւ ճամփորդություն, եւ դեռ փնտրել է պետք նրան, ով կկարողանա բացատրել դրանց միջեւ եղած տարբերությունը:
– Բայց մի՞թե դուք այնպես չեք ճամփորդում, ինչպես մյուսները: Մի՞թե այդտեղ ինչ-որ տարբերություն կա: Այն ամենը, ինչ մենք տեսնում ենք մեր առջեւ, անընդհատ փոփոխվում է: Դուք հաճույք եք ապրում ձեր շուրջ տեղի ունեցած փոփոխություններով եւ չեք նկատում, որ ինքներդ եք փոխվում: Դուք տարվում եք ճամփորդություններով արտաքին աշխարհում եւ չգիտեք, թե ինչ է ներքինի հայեցումը: Արտաքին ճամփորդություններում մենք փնտրում ենք այն, ինչը մեզ չի բավում ներսում, իսկ ներսի հայեցման շնորհիվ մենք ըմբռնում ենք մեր ներսի լիությունը: Առաջինը` ճամփորդության անկատար միջոց է, իսկ երկրորդը` կատարյալ:
Այդ ժամանակից ի վեր Լե-ցզին այլեւս բակից ոչ մի տեղ չէր գնում, որոշելով, որ ինքը պատկերացում էլ չուներ այն մասին, թե ինչ է իսկական ճամփորդությունը: Խու-ցզին նրան ասաց.
– Բայց ինչ կատարելություն է ճամփորդությունը: Կատարյալ ճամփորդության մեջ մենք չգիտենք, թե ուր ենք ուղեւորվում, կատարյալ հայեցման մեջ մենք չգիտենք, թե ինչին ենք նայում: Այցելել աշխարհի բոլոր անկյուններն անխտիր, զննել աշխարհի բոլոր տեսարանները` ահա թե ինչն եմ ես կոչում կատարյալ ճամփորդություն: Ահա թե ինչու եմ ես ասում. «Ինչ կատարելություն է ճամփորդությունը»: