Նոր զեկույց

22/07/2010

«Խոսքի ազատության կոմիտեի» 2010թ. 2-րդ եռամսյակի միջանկյալ զեկույցի համաձայն` այս տարվա 2-րդ եռամսյակում Հայաստանում լրագրողների նկատմամբ եղել է ֆիզիկական բռնության 3, տարբեր տեսակի ճնշումների, ինչպես նաեւ` տեղեկություններ ստանալու ու տարածելու խախտումների 5-ական դեպք: Զեկույցում անդրադարձ կա նաեւ ԶԼՄ-ների գործունեության օրենսդրական դաշտին, քաղաքական եւ տնտեսական պայմաններին, ինչպես նաեւ` լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների պաշտպանության վիճակին: Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի կարծիքով` խոսքի ազատությունը դարձել է «քաղաքական կատեգորիա, իսկ լրատվամիջոցներն իրենց գործունեությամբ` քաղաքական համակարգի մի մաս», որի հետեւանքով՝ անաչառ լրատվամիջոցների թիվը պակասել է: Կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանն էլ նշել է, որ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունները պայմանավորված են քաղաքական միջավայրի ազդեցությամբ: «2009թ. 2-րդ եռամսյակում ընթանում էր Երեւանի ավագանու ընտրությունները, եւ բռնությունների 8 դեպքից 5-ը այդ ժամանակ է եղել: Այս տարվա 3 դեպքը եւս քաղաքական լարված իրավիճակների ազդեցության տակ են եղել` մայիսի վերջին Ազատության հրապարակում ՀԱԿ ակտիվիստների կազմակերպած ակցիաների ժամանակ,- ասել է նա` հավելելով, թե տարատեսակ ճնշումները երբեմն լինում են էմոցիայի ազդեցության տակ: – «Ես համոզված եմ, որ եթե 2-րդ անգամ կարդան հոդվածը, այդպես չեն վարվի: Երբեմն դրա պատճառը ուժի ցուցադրումն է լինում, երբեմն էլ լրագրողն է սադրում»: