Աճ էլ կա, աճ էլ

22/07/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Եվ այսպես, տարին կես արեցինք 6.7% տնտեսական աճով։ Պաշտոնական տվյալներով: Իհարկե՝ հունվար-մայիսին արձանագրված 8.8% աճի համեմատ տեմպը մի քիչ ընկել է, սակայն նախորդ տարվա խայտառակ երկնիշ անկման ֆոնին 6.7% աճն էլ վատ չի դիտվում։

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած օպերատիվ տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի համախառն ներքին արդյունքը աճել է 6.7%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ճյուղերում` բացառությամբ գյուղատնտեսության, որտեղ անկումը (ըստ վիճակագիրների) եղել է 13,1%։ Փոխարենը՝ արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 12,3%, էլեկտրաէներգիայի արտադրությանը՝ 15%, ծառայությունների ոլորտի աճը՝ 6.1%, շինարարությանը՝ 4.1%։

Մի խոսքով՝ սա լավատեսության եւ ոգեւորության հիմք է տալիս, մասնավորապես, իշխանամետ կամ իշխանության մեջ գտնվող մարդկանց։ Որքան էլ ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Ֆինանսատնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանն ասի, որ սխալ է կարճաժամկետ կտրվածքով գնահատականներ տալ տնտեսությանը, որ. «Հայաստանի մեծագույն հայտնագործությունն այն է, որ ամսական ՀՆԱ-ի աճ են արդեն հաշվում, նման բան մոլորակում գոյություն չունի», դա չի խանգարում, որ յուրաքանչյուր ամսվա 20-ից հետո կամ հենց նույն օրը (երբ ԱՎԾ-ն հրապարակում է նախնական ցուցանիշները) սույն գործիչները դատողություններ անեն։ Ամենապարտաճանաչներից մեկը, թերեւս, ԱԺ Բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն է, ով, ինչպես միշտ, դրական երանգներով է ներկայացնում տնտեսության վիճակը։ Այս անգամ էլ նա արձանագրված ցուցանիշները համարել է «առավել քան պերճախոս»։ Մյուսները գտնում են, որ Վիճակագրական ծառայության ցուցանիշներին շատ լուրջ վերաբերվել պետք չէ, քանի որ դրանք չեն արտացոլում իրականությունը։ Օրինակ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն օրերս ասել էր, թե իշխանություններն այս տարվա համար այնպիսի երկնիշ աճ կնկարեն, որ անգամ Ռոբերտ Քոչարյանն իրեն վատ կզգա։ Մասնագետների մի մասն էլ հակված է հավատալու աճի ցուցանիշներին (ոչ թե աճին)՝ հաշվի առնելով, որ նախորդ տարվա կեսերին անկումը շատ մեծ էր։ Այսինքն՝ բազային ցածր ցուցանիշների հաշվին այս տարի թվերը մեծ են ստացվել։ Սա շատ լավ երեւում է գծապատկերում, որտեղ գրեթե հայելային ձեւով արտացոլվում է այս տարվա եւ նախորդ տարվա ցուցանիշների տարբերությունը. որքան խորն է եղել նախորդ տարվա անկումը, այնքան «տպավորիչ» է եղել այս տարվա աճը։ Ընդ որում, այս տեսանկյունից՝ ընթացիկ առաջին կիսամյակի ցուցանիշը պետք է ավելի մեծ լիներ, քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրված անկումը։ Սակայն այս ամենը այնքան էլ կարեւոր չէ։ Հասկանալու համար, թե որն է կարեւոր, նախ պետք է մեզ համար մեկընդմիշտ պարզենք՝ ինչ ասել է տնտեսական աճ։ Մեզանում տնտեսական աճ ասելով՝ հասկանում ենք համախառն ներքին արդյունքի աճը։ Իսկ համախառն ներքին արդյունքը կոնկրետ ժամանակահատվածում երկրի ներսում արտադրված ապրանքների եւ ծառայությունների գումարային մեծությունն է։ Սակայն ՀՆԱ-ի զուտ թվային աճը նորմալ երկրներում չեն նույնացնում տնտեսական աճի, առավելեւս՝ զարգացման հետ։ Պատճառն այն է, որ տնտեսական աճը ենթադրում է բնակչության բարեկեցության բարձրացում։ Եթե դա չկա, աճի մասին խոսելն անիմաստ է։

Մի պարզ օրինակ դիտարկենք։ Պատկերացնենք, որ տնտեսության մեջ գործում են ընդամենը 3 սուբյեկտ՝ Պողոսը, Պետրոսը եւ Մարտիրոսը, որոնք միասին ինչ-որ բան են արտադրում։ Նախորդ տարի արտադրել են, ենթադրենք, 10000 դոլարի ապրանք, ունեցել 3000 դոլար շահույթ եւ հավասար բաժանել իրար մեջ։ Հետո Պողոսը որոշում է, որ իրեն գործընկերներ պետք չեն՝ համոզելով կամ ստիպելով իրենով է անում Պետրոսի ու Մարտիրոսի բաժինը։ Հաջորդ տարի 10000 դոլարի փոխարեն արտադրում է 12.000 դոլարի ապրանք, ունենում 4000 դոլարի շահույթ։ Սա ա՞ճ է։ Զուտ թվային առումով՝ այո, սակայն իրականում՝ ոչ։ Որովհետեւ մեկի բարեկեցությունն աճել է, իսկ մյուս երկուսինը՝ նվազել։ Կամ, ենթադրենք, Պողոսի բիզնեսն աճել է, սակայն նա կրճատել է իր աշխատողներին կամ նրանց աշխատավարձը։ Դա էլ նշանակում է, որ իրականում աճը միայն Պետրոսի համար է։

Նույն օրինակը հանգիստ խղճով կարելի է տարածել մեր տնտեսության վրա։ Հարստությունն ու եկամուտները խիստ բեւեռացված են, եւ տնտեսական աճից օգտվում է բնակչության չնչին հատվածը։ Ընդ որում, սա վերաբերում է ոչ միայն այս տարվա ցուցանիշներին, այլեւ նախորդ տարիների «վագրաձեւ» աճին։ Տնտեսագիտության ամենատարրական դասագրքերն ասում են, որ տնտեսական աճն իմաստ ունի միայն այն դեպքում, երբ հավասարակշռված օգտակարություն ունի բոլորի համար. երբ ավելանում է կյանքի տեւողությունը, նվազում է հիվանդությունների մակարդակը, բարձրանում է կրթության եւ մշակույթի մակարդակը, հասարակությունն ավելի լիարժեք է կարողանում բավարարել իր պահանջմունքները, նվազագույնի են հասնում գործազրկությունն ու աղքատությունը, բարելավվում է շրջակա միջավայրի պաշտպանությունը, նվազում է հանցավորության մակարդակն ու վերջապես՝ աճում է սոցիալական արդարությունն ու լավատեսությունը, մեծանում է վստահությունը ապագայի նկատմամբ։ Կարո՞ղ ենք ասել, որ տարիներ շարունակ արձանագրված երկնիշ աճի արդյունքում մենք վերը նշված ուղղություններով զգալի առաջընթաց ենք ապրել։ Եթե ոչ, ուրեմն ոգեւորվել պետք չէ։

Նորից հղում անենք Վարդան Բոստանջյանին, քանի որ իր զգուշավորության հետ մեկտեղ՝ նա ամենաանկեղծն է այս հարցում։ Երկու օր առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա եւս մեկ անգամ կրկնել է այն միտքը, որ հարուստ երկրներում հասարակությանը տնտեսական աճն անգամ չի հետաքրքրում, դրանք միայն մասնագետների համար են, իսկ հասարակությանը հետաքրքրում է այն, ինչը նա զգում է անմիջապես իր մաշկի վրա։ «Եվ էս տնտեսական աճը հանկարծ ձեզ չներկայանա մի էնպիսի «սնոգսշիբածելնի» բան, որ վաղը չափազանց լավ է լինելու ամեն ինչ։ Լինելու է այնպես, ինչպես որ պետք է լինի»,- ասել է Վարդան Բոստանջյանը։ Մենք լիովին համաձայն ենք, մնում է պրն Բոստանջյանն այդ պարզ իրողությունն ապացուցի նաեւ ԱԺ համապատասխան հանձնաժողովում` իր գործընկերներին։