Ուզենք թե չուզենք՝ պատերազմ լինոլու է

22/07/2010 Գայանե ՍԱՀԱԿՅԱՆ

«Հիմա բոլորը սկսել են խոսել պատերազմից, որն, իհարկե, անխուսափելի է: Չեմ կարող ասել` դա այսօր կլինի, թե հինգ տարի հետո, բայց հարցը ժամանակի մեջ չէ: Հարցն այն է, որ պատերազմ հաստատ կլինի, եւ ես դրանում կասկած չունեմ»,- երեկ «Փաստարկ» ակումբում հրավիրած ասուլիսում հայտարարեց Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը: Նա վստահ է, որ եթե անգամ առաջիկայում հրադադարի կամ հաշտեցման վերաբերյալ փաստաթուղթ ստորագրվի, միեւնույն է` դրանից իրավիճակը չի փոխվի: «Նշանակություն չունի՝ որեւէ թուղթ կստորագրենք, թե չենք ստորագրի: Նման ստորագրված փաստաթղթեր շատ կան, դա ոչինչ չի նշանակում: Օրինակ, օգոստոսին Թուրքիան ստորագրեց Սեւրի պայմանագիրը, իսկ սեպտեմբերին հարձակվեց Հայաստանի վրա: Նման օրինակները բազմաթիվ են: Այսօր գործընթացը տանում է նրան, որ մենք թուլանանք ու զիջենք, եւ զիջելը վերաբերում է ոչ միայն Ղարաբաղին»,- ասաց պարոն Կարապետյանը: Նա իր մտահոգությունը հայտնեց նաեւ միջնորդ երկրների` մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ. «Ես գտնում եմ, որ այդ Մինսկի խումբ կոչվածը հրավիրված է միայն նրա համար, որ թուլացնի մեզ: Այլ բան նրանք չեն անում: Մենք պետք է Մինսկի խմբի առաջ հարցերն ավելի կտրուկ դնենք կամ ընդհանրապես հրաժարվենք այդ ձեւաչափով բանակցություններից: Մենք հենց սկզբից էլ դիվանագիտական խաղի մեջ մտել ենք պարտված»: Խոսելով Հայաստանի զինուժի մասին, Ա. Կարապետյանը այսպիսի գնահատական հնչեցրեց. «Եթե դիտարկենք, թե մեր բանակը ինչ կարող է անել, ապա այս առումով մեր բանակի մարտունակությունը գնահատում եմ անբավարար, բայց եթե համեմատենք Ադրբեջանի հետ, ապա գնահատում եմ լավ, որովհետեւ նրանց վիճակն ավելի վատ է: Այսօր մենք նախաձեռնել ենք աշխարհազորի ստեղծման գործընթաց, որի գաղափարը հետեւյալն է. եթե պատերազմ լինի, ու գան մեզ մորթեն, մորթելու են բոլորին, ուզում է լինի հանրապետական, դաշնակ թե կոնգրեսական: Դրա համար էլ մենք ամբողջ ազգով պետք է ոտքի կանգնենք, պաշտպանվենք ու ոչ մի թիզ հող չհանձնենք: Մենք շատ լավ ենք հասկանում, որ եթե մի թիզ հող հանձնեցինք, դա դառնալու է շարունակական այնքան ժամանակ, որ էլ տալու բան չունենանք»:

Խոսելով Հայաստանի տնտեսական վիճակի մասին, Ա. Կարապետյանն ասաց. «Եթե ես լինեի վարչապետ մի երկրում, որտեղ պետք է պոմիդորի գինը լիներ 10, 20 կամ 50 դրամ, բայց այն վաճառվում է 350 դրամով, ես հրաժարական կտայի: Սա շատ լուրջ բան է: Խեղդում են ժողովրդին: Ես դեռ չեմ մոռացել նաեւ այն, որ մեր երկրի ոսկին ծախեցին: Եթե դու չգիտես, թե 5 տարի հետո համաշխարհային տնտեսությունում ինչ է լինելու, դու ո՞նց ես վարչապետ աշխատում»:

Արկադի Կարապետյանը պատասխանեց մեր հարցերին։

– Պարոն Կարապետյան, Դուք ժամանակին քննադատում էիք ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործունեությունը եւ հատկապես ԼՂ խնդրի հետ կապված նրա դիրքորոշումը: Դուք նույնիսկ հայտարարեցիք, որ Քոչարյանին շատ լավ եք ճանաչում եւ կասկած անգամ չունեք, որ նա կստորագրի տարածքները հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ: Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը գործող նախագահի վերաբերյալ` նույն հարցի առնչությամբ:

– Հիմա այնպիսի զրույցներ եմ լսում, որ չէ, ո՞նց կարող է Սերժ Սարգսյանը տարածքներ հանձնելու մասին փաստաթուղթ ստորագրի: Բայց ես հավատում եմ, որ նա դա կանի: Եվ ընդհանրապես, այսօր ես ում իշխանության մեջ տեսնում եմ, հավատում եմ, որ նրանք կհանձնեն մեր ազատագրած տարածքները: Որովհետեւ, եթե չեն ուզում հանձնել, ապա կան բաներ, որոնց մասին հարցազրույցներում կամ մասնավոր զրույցներում չպետք է խոսեն: Ուղղակիորեն այդ մասին չեն ասում, բայց պարզ երեւում է, որ նկատառումներ կան:

– Չե՞ք կարծում, որ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները հանգել են մի փուլի, որ, եթե որպես փոխզիջում չվերադարձվեն ազատագրված տարածքները, ապա պատերազմը կլինի անխուսափելի: Ըստ Ձեզ՝ նախընտրելին պատերա՞զմն է:

– Ամբողջ հարցն այն է, որ ինչքան էլ թուրքերը պատերազմ սկսելու հայտարարություններ են անում, միեւնույն է` նրանք պատրաստ չեն պատերազմի: Նրանք մեզ պարզապես վախեցնում են, որ տարածքները հանձնենք: Հետո էլ կապ չունի, թե քանի շրջան ես հանձնում, եթե հող ես հանձնում, ուրեմն հայրենիք ես հանձնում: Իսկ եթե դու դառնում ես հայրենիք հանձնող, ուրեմն դու վերջացած ազգ ես: Դրա համար էլ, որպեսզի մենք չվերջանանք, պետք է պատրաստ լինենք ամեն ինչի: Ես տեսնում եմ մեր հաղթանակը: Եթե անգամ մենք հիմա չսպասենք ադրբեջանցիներին ու սկսենք պատերազմ, դա էլ շատ լավ տարբերակ կլինի: Այդ կերպ կարելի է շատ արագ բոլոր հարցերը լուծել: Պարզապես մեր ժողովուրդը պատրաստ չէ դրան, մեր ժողովրդին պատերազմով շատ են վախեցրել: Բայց ուզենք թե չուզենք, Երրորդ Համաշխարհային պատերազմ է լինելու, աշխարհի բնակչության 7 միլիարդից պետք է մնա 1 կամ 2 միլիարդը: Մնացածը պատերազմի զոհ են գնալու: Նույն համոզմունքով էլ ասում եմ, որ, ուզենք թե չուզենք` Ղարաբաղի պատերազմը վերսկսվելու է, եւ ինձ թվում է` շատ շուտ:

– Ժամանակին, երբ մտահոգություն ունեիք, թե Քոչարյանը պատրաստվում է հանձնել տարածքները, նախաձեռնեցիք Քաղաքացիական անհնազանդության շարժումը եւ կոչ էիք անում չհնազանդվել տեղի ունեցող գործընթացներին: Գործող նախագահի պարագայում եւս ունեք այդ մտահոգությունը: Էլի՞ եք անհնազանդության կոչ անելու, եւ ընդհանրապես ինչպե՞ս հասկանալ այդ անհնազանդությունը` Ղրղըզական տարբերա՞կը:

– «Ժողովրդահայրենասիրական ուժերի» շրջանակում այժմ նման մի նախաձեռնություն անում ենք: Ես համոզված եմ, որ հայ ազգի մեջ քաղաքացիական պատերազմը անհնարին է, որովհետեւ պատմության մեջ նման բան չի եղել եւ չի էլ լինելու: Եթե անգամ իշխանափոխության հարց լինի, ժողովուրդը ոտքի է կանգնելու, իսկ իշխանությունն էլ հանգիստ հանձնելու է այն: Մենք այնպիսի ազգ ենք, որ եթե ամբողջ ժողովուրդը մի բան ուզեց` ստացվելու է: Ես հավատում եմ դրան: Ուղղակի գործընթացը պետք է ճիշտ կազմակերպել:

– Շուշիի ազատագրմանը մասնակից Ձեր ընկերներից շատերը` Սամվել Բաբայանը, Արկադի Տեր-Թադեւոսյանը եւ այլք, այսօր կամ ունեն իշխանություն, կամ բավականին հաջողակ գործարարներ են: Երբեւիցե Ձեզ պաշտոն չե՞ն առաջարկել: Գործարար շրջանակներում եւս Ձեր անունը չի շրջանառվում:

– Իշխանություններն իմ հետ լավ չեն: Այո, ես ոչինչ չունեմ, նույնիսկ փոքր բիզնես չունեմ: Եթե որեւէ բան էլ փորձել եմ ձեռնարկել` քոքից խեղդել են: Իշխանամետ չեմ կարող լինել, բա իմ խի՞ղճը: Չնայած ասեմ, որ պատերազմից հետո պաշտոնի առաջարկներ եղել են, ես չեմ ընդունել:

– Ինչո՞ւ։

– Գիտեք, ես քրիստոնյա մարդ եմ, ողորմածիկ մարդիկ կան, չեմ ուզում վատ բաներ ասել, բայց Աստված ասել է` անօրենների հետ ճանապարհ մի գնացեք: Դրա համար էլ չեմ ընդունել եւ այսօր էլ չեմ ընդունում:

– Պարոն Կարապետյան, համամի՞տ եք ՀՀՇ վերջին համագումարում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում հնչեցված այն մտքի հետ, որ առանց ԼՀՂ խնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման՝ Հայաստանն այլ ոլորտներում վիճակի բարելավման հեռանկար չունի:

– Իհարկե համամիտ չեմ: Մեր այսօրվա Ղարաբաղի տարածքով մենք կարող ենք Հայաստանն էլ պահել, Ղարաբաղն էլ, դեռ Վրաստանն էլ: Բայց դա չանելը ի՞նչ կապ ունի որոշ քաղաքական բաների հետ: