Անցած շաբաթ Տաթեւի վանական համալիրի տարածքում գտնվող Ձիթհանում տեղանքի մաքրման աշխատ անքների ընթացքում հայտնաբերվել է բարվոք վիճակում պահպանված ձեթի մամլիչի հին մեխանիզմը, այդ թվում՝ արտադրության համար օգտագործվող հատուկ տաշած քարերը եւ կավե կուժերը: Տաթեւի Ձիթհանի վերանորոգումն իրականացվում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակներում՝ ԱՌԳԱ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: 17-րդ դարի այս Ձիթհանը ոչ միայն պատմական կարեւոր հուշարձան է: Վերականգնման աշխատանքների արդյունքում այն կդառնա նաեւ զբոսաշրջային արդյունք` այցելուներին ներկայացնելով Տաթեւի տարածաշրջանի հնադարյան մշակույթի եւ խոհարարության ավանդույթներից մեկը: Աշխատանքներն իրականացվում են հետեւյալ երեք փուլերով՝ նախագծում եւ վերականգնում, հետազոտություն, արդյունքի մշակում եւ ցուցադրում: Հետազոտական եւ վերականգնողական աշխատանքների պատշաճ իրագործման համար հիմնադրամի նախաձեռնությամբ կազմվել է «Տաթեւի վերածնունդ» ծրագրի վերահսկիչ հանձնաժողով` բաղկացած վերականգնման, ճարտարապետության եւ մշակույթի ոլորտների տեղական եւ միջազգային փորձագետներից: Ըստ ժամանակացույցի, հուշարձանը կվերանորոգվի այս տարվա հոկտեմբերին` պատրաստ լինելով ցուցադրության թանգարանային ոճով եւ այցելուներին ներկայացնելով Տաթեւում ձեթի արտադրության ամբողջ պատմությունը: Այնուհետեւ կընթանան մեխանիզմի վերագործարկմանն ուղղված աշխատանքները, որոնք կավարտվեն 2011թ. գարնանը: «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի նախաձեռնությունն է` հիմնված պետական եւ մասնավոր ոլորտների համագործակցության վրա: Այն նպատակ ունի վերականգնել եւ պահպանել Տաթեւի վանքը եւ զարգացնել տարածաշրջանը` նորովի ներկայացնելով դրա հոգեւոր, գիտական եւ մշակութային ժառանգությունը եւ դարձնելով այն բարձրակարգ զբոսաշրջավայր: Ծրագիրը բաղկացած է հետեւյալ բաղադրիչներից. վանական համալիրի վերականգնում, վանական եւ կրթական ավանդույթների վերականգնում, շրջակա յոթ գյուղերում զբոսաշրջային արդյունքի մշակում եւ ենթակառուցվածքների զարգացում, ինչպես նաեւ՝ աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղու կառուցում: