– Այս տարի կարծես զբոսաշրջիկներ այդքան էլ շատ չեն գալիս Հայաստան: Ինչո՞վ է դա պայմանավորված:
– Միգուցե այս տարի զբոսաշրջիկների թվաքանակը պակասել է 2007 թվականի համեմատ, որը, այլ կերպ ասած` տուրիստական «բում» էր, սակայն, այնուհանդերձ, չի կարելի ասել, որ զբոսաշրջիկներ քիչ են գալիս Հայաստան: Նախարարության պաշտոնական տվյալների համաձայն` նկատվում է զբոսաշրջիկների եւ այցելուների թվաքանակի աճ` տարեկան 3-4%: Կարծում եմ` դա դրական ցուցանիշ է, չնայած այդ թվաքանակի մեծ մասը կազմում են այցելուները: Այլ բան է, եթե մենք խոսենք կազմակերպված տուրիզմի մասին, որի հստակ ցուցանիշը փոքր-ինչ դժվար է ասել, բայց այն տատանվում է տարեկան 35-40.000-ի սահմաններում: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն ազդել է նաեւ տուրիզմի վրա, սակայն անգամ այս պարագայում մենք շարունակում ենք լավատեսորեն տրամադրվել:
Գաղտնիք չէ նաեւ այն, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների ճնշող մեծամասնությունը տարիքով մարդիկ են: Այս փաստը թույլ է տալիս մտածել, որ միգուցե համաշխարհային տնտեսական ճգնաժամը նրանց վրա ավելի քիչ է անդրադարձել, եւ իրենք դեռեւս կարող են այցելել Հայաստան:
– Իսկ ինչո՞ւ են մեծամասամբ հենց մեծահասակ զբոսաշրջիկները այցելում Հայաստան: Երիտասարդ զբոսաշրջիկին հետաքրքրող վայրեր չունե՞նք:
– Դա պայմանավորված է մի քանի հանգամանքներով: Հայաստանը նախեւառաջ ինտելեկտուալ տուրիզմի երկիր է, մենք չենք կարող մրցել ծով ունեցող երկրների հետ կամ օրինակ` Ֆրանսիայի հետ, որը դարավոր ավանդույթներ ունի, եւ յուրաքանչյուր ոք իր պարտքն է համարում գոնե մեկ անգամ գնալ Ֆրանսիա: Մենք ներկայացնում ենք ինտելեկտուալ տուրիզմ, ինչը մեծ հարստություն է: Անգամ կայացած տուրիզմով երկրները, օրինակ, Թուրքիան, որը տարեկան ընդունում է 27 միլիոն զբոսաշրջիկ, մեծ ջանքեր է գործադրում ինտելեկտուալ տուրիզմը զարգացնելու ուղղությամբ: Այսօր Թուրքիան փորձում է օգտագործել այն հսկայական պատմամշակութային ժառանգությունը, որ կա իր երկրի տարածքում` հայկական, բյուզանդական, հունական: Ավելին` միջազգային ցուցահանդեսներին Թուրքիան` որպես իր երկրի բրենդ, ներկայանում է Նեմրութ սարի հայկական աստվածների քանդակներով:
– Մի՞թե ինտելեկտուալ տուրիզմը շահեկան է համարվում:
– Միանշանակ շահեկան է: Եթե մենք դիտարկենք թվային ցուցանիշները, ապա կտեսնենք, որ ինտելեկտուալ տուրիզմը ծովափնյա տուրիզմից ավելի մեծ շահույթ է բերում: Տուրիզմը հետաքրքիր հատկություն ունի, այլ կերպ ասած` բազմապատկիչ ազդեցություն: Երբ զբոսաշրջիկը գալիս է Հայաստան, դրանից օգտվում են տուրիստական ընկերությունները, որոնք հարկեր են վճարում պետությանը, մշակութային օջախները, ռեստորանները, զբոսավայրները, խանութները, հյուրանոցները, տրանսպորտային ընկերությունները եւ այլն: Այն դրամը, որ զբոսաշրջիկը բերում է Հայաստան, չի սառեցվում, այլ հիմնականում կրկին ներդրվում է զբոսաշրջության մեջ` բազմապատկելով իր ազդեցությունը: Որպես դրական երեւույթ` դրական տեղաշարժ եմ համարում տուրիզմի զարգացումը Հայաստանի մարզերում եւ Արցախում: Դա նպաստում է նաեւ նոր աշխատատեղերի բացմանը:
– Իսկ մեր երկիրն ինչո՞վ է գրավիչ զբոսաշրջիկի համար, բացի մի քանի հինավուրց եկեղեցիներից ու վանքերից, որոնց վրա սկսել ենք «եվրառեմոնտային» աշխատանքներ կատարել:
– Փորձեմ հակառակը պնդել: Մենք ունենք ոչ թե մի քանի եկեղեցի, այլ, համաձայն պաշտոնական տվյալների` Արցախի հետ միասին՝ 40.000 պատմամշակութային հուշարձան: Եվ սա հաճախ թույլ է տալիս մեզ, որ անփույթ վերաբերվենք մեր ունեցած հարստությանը: Մենք բաց ենք թողել միջնադարը: Այսօր Եվրոպան ինչո՞վ է գրավում մեզ, եթե ոչ իր միջնադարյան ճարտարապետությամբ: Սակայն մեր պատմամշակութային ֆոնդը բավական հարուստ է: Աշխարհի ո՞ր անկյունում կարելի է տեսնել Մատենադարանի կամ Փարաջանովի տուն-թանգարանի նման թանգարաններ: Կարելի է գնալ Անգլիա, եւ այնտեղ տեսնել Սթոուն հենջը, բայց կարելի է գալ նաեւ Հայաստան եւ տեսնել Քարահունջը: Այլ հարց է, թե մենք դա ինչպես ենք ներկայացնում: Անգլիական «Քարահունջն» այնքան գեղեցիկ է, որ զբոսաշրջիկը միայն հաճույք է ստանում` շատ բարեկարգ ճանապարհով կարելի է անցնել, տեղում կարդալ պատմությունը, ականջակալներով լսել պատմությունը տարբեր լեզուներով եւ այլն: Այս առումով մեր Քարահունջը շատ աղետալի վիճակում է: Որքան տեղյակ եմ՝ անգամ այդ հողերի մասնավորեցման վտանգ կա այսօր: Բայց եթե Քարահունջն ավելի ներկայանալի դառնա, այն առավել մեծ հետաքրքրություն կունենա: Նույն կերպ էլ մեր եկեղեցիները, որոնք, թվում է, թե ձանձրալի են, բայց հրաշալի կոթողներ են: Ի դեպ, շատ ուրախալի է Հալիձորից Տաթեւ ճոպանուղու կառուցումը: Իսկ Տաթեւը մի հրաշալի համալիր է, եւ զբոսաշրջիկները կարող են գալ Հայաստան միայն Տաթեւը տեսնելու համար: Մի առիթով գնացել էի Կիպրոս, եւ սկսեցի գեղեցիկ վայրեր փնտրել: Սակայն առանձնապես որեւէ գեղեցիկ վայր չգտա, թերեւս, բացի ծովափնյա մի վայրից, որը հրաշալիորեն ներկայացնում էին` պատմելով, թե ինչպես է այդ վայրում ծովի փրփուրներից ծնվել Աֆրոդիտեն: Այս իմաստով Հայաստանում անելիքները շատ են, որպեսզի մենք ավելի բազմակողմանի եւ զանգվածայնությամբ ներկայանալի դառնանք այն երկրներում, որոնք պոտենցիալ նշանակություն ունեն Հայաստանի տուրիզմի զարգացման համար: Գերմանիայից, որն ունի 90 միլիոն բնակչություն, իսկ Ավստրիայի եւ Շվեյցարիայի գերմանախոս զանգվածի հետ միասին` 100 միլիոնից ավելի բնակչություն, Հայաստան գալիս են տարեկան 2-3 հազար զբոսաշրջիկ: Սա չնչին ցուցանիշ է, մինչդեռ գերմանացիները հետաքրքրված են հենց ինտելեկտուալ զբոսաշրջությամբ: Վերադառնալով Ձեր նախորդ հարցին, թե ինչո՞ւ շատ զբոսաշրջիկներ չեն գալիս Հայաստան, ասեմ, որ արտերկրում Հայաստանը ճիշտ եւ բազմակողմանի ներկայացնելու դեպքում, զբոսաշրջիկների հետաքրքրությունները կմեծանան մեր երկրի նկատմամբ:
– Ո՞վ պետք է ներկայացնի:
– Պետք է ներկայացնեն պետությունն ու Կառավարությունը: Այդ խնդիրը չեն կարող լուծել մասնավոր ընկերությունները: Դա բավական մեծ ծախսերի հետ է կապված, ինչպես նաեւ շատ աշխատատար է: Այս առումով մեխանիզմներ կան, որոնք, ցավոք, լավ չեն օգտագործվում: Հայաստանում տուրիզմի զարգացման համար լուրջ խնդիր է նաեւ՝ ավիատոմսերի անհամեմատ բարձր գները: Թվում է` հայաստանյան ավիաընկերությունների բնականոն մրցակցությունը կհանգեցնի սակագների իջեցմանը, բայց առայժմ մենք դրա ականատեսը չենք դառնում: Ես խոսեցի միայն եվրոպական երկրների մասին, այնինչ ԱՄՆ-ում զբոսաշրջիկների հսկայական պոտենցիալ կա: Ի դեպ, կարծրատիպային միտք կա, ըստ որի` Հայաստանում զբոսաշրջությունը թանկ հաճույք է, սակայն ես լիովին հակադարձում եմ: Հարցը բաժանենք երկու մասի` սպասարկում եւ ավիատոմսեր: Օրինակ, մեկ շաբաթյա տուր-փաթեթն արժե 350 դոլար, ինչին ավելանում է օդանավի բավական թանկ տոմսը, եւ միայն այդ դեպքում է Հայաստանում տուրիզմը դառնում թանկ հաճույք` դրսում ձեռք բերելով թանկ երկրի համբավ: Մեծ պոտենցիալ է ներկայացնում Ռուսաստանը, սակայն մեր երկրում ռուս զբոսաշրջիկներ շատ քիչ են լինում: Նրանց հիմնական փաստարկն այն է, որ մեր երկիր գալը թանկ է, եւ իրենց համար ավելի մատչելի է գնալ Եվրոպա:
– Իսկ մեր Կառավարությունը գոնե ինչ-որ քայլեր անո՞ւմ է տուրիզմը զարգացնելու համար:
– Չեմ կարող ասել, թե չեն անում, պարզապես աշխատանքը կոորդինացված չէ: Դրանք ավելի շատ կրում են մակերեսային բնույթ:
– Հայաստանից զբոսաշրջիկներն ավելի շա՞տ են դրսում:
– Հստակ ցուցանիշ չեմ կարող ասել, բայց նկատելի է, որ այս տարի հայաստանցի զբոսաշրջիկների քանակը նվազել է:
– Իսկ ի՞նչ երկրներ ենք ավելի շատ նախընտրում:
– Հայերը, ինչպես միշտ, սիրում են գնալ Եվրոպա, իսկ ամռանը` ծովափնյա երկրներ: Այս տարի նորություն էր այն, որ Թունիս գնալու մեծ պահանջարկ կար:
– Ի վերջո, ո՞վ է զբոսաշրջիկը:
– Համաձայն պաշտոնական սահմանման` զբոսաշրջիկն այն մարդն է, որը գնում է ինչ-որ երկիր, որտեղ անց է կացնում գոնե մի գիշերակաց: Իսկ ոչ պաշտոնական ձեւակերպումների համաձայն` զբոսաշրջիկը, բացի հյուրանոցային ծառայություններից օգտվելուց, գոնե մեկ էքսկուրսիայի պետք է գնա, օգտվի տրանսպորտային միջոցից եւ այլն:
– Զբոսաշրջիկներից շատերը պարզապես հիասթափված են մեկնում հայաստանյան սպասարկման ոլորտի ծառայություններից: Սա լուրջ խնդիր չէ՞:
– Ես համամիտ չեմ այդ կարծիքին, որ զբոսաշրջիկները հիասթափված են գնում: Իմ պրակտիկայում նման դեպքի ականատես չեմ եղել: Պետք է դիտարկել նաեւ, այսպես ասած` մետաղադրամի երկրորդ երեսը: Պատահական մարդիկ չպետք է զբաղվեն տուրիզմով, որովհետեւ տուրիզմը սպասարկման դաշտ է ներկայացնում, իսկ սպասարկման ոլորտում շատ կարեւոր է որակի ապահովումը: Այս առումով մտածելու առիթ կա:
– Այնուհանդերձ, Հայաստանն ի՞նչ նախադրյալներ ունի տուրիզմի զարգացման համար:
– Հայաստանը հսկայական պոտենցիալ ունի: Կառավարությունն ընդունել է հայեցակարգ, ըստ որի` 10-15 տարվա ընթացքում պետք է ավելացնել զբոսաշրջիկների քանակը: Այս իմաստով բոլոր մակարդակներում պետք է հսկայական աշխատանք տարվի, առավել եւս` պետական-կառավարական համակարգի մակարդակում: Իսկ եթե ավելի ռեալ խոսենք, ապա տուրիզմը Հայաստանում առաջին քայլերն է անում: Այն զարգացնելու համար պետք է գործել շատ արագ: Ինչպես ասում են` եթե ինձ կրկին տրվեր իմ կյանքը, ես պարզապես նույն սխալներն ավելի արագ կանեի: Մենք սխալներ անում ենք, բայց դրանք պետք է շտկել ու համակարգված աշխատանքով ընթանալ առաջ: Վստահ եմ, որ Հայաստանն ու Արցախը զբոսաշրջության համար գրավչություն ունեցող ուղղություն է: Ցավոք, դրսում Հայաստանը շարունակում է ասոցիացվել Ցեղասպանության, Շառլ Ազնավուրի, մի քիչ էլ հայկական կոնյակի հետ: Մենք հաճախ դժգոհում ենք` ասելով, որ մեզ մոտ տուրիզմը զարգացած չէ, որովհետեւ ծով չունենք: Բայց Ուզբեկստանը, որը նույնպես ծով չունի, եւ պատմամշակութային հուշարձաններով ավելի աղքատ է, Եվրոպայից էլ ավելի հեռու է գտնվում, տարեկան 2 միլիոն զբոսաշրջիկ է ընդունում: Ու գիտե՞ք` ինչպես են դրան հասել: Ուզբեկստանի նախագահի պատվերով կամ ցանկությամբ Ուզբեկստանի բոլոր դեսպանները պարտավոր են տուրիստական ընկերությունների համար ընդունելություն կազմակերպել, որտեղ իրենք ներկայացնում են իրենց երկիրը` տեսաֆիլմերի միջոցով, Ուզբեկստանի մասին ուզբեկ պրոֆեսորի դասախոսությամբ, իսկ վերջում էլ կազմակերպում են փոքրիկ հյուրասիրություն` ուզբեկական փլավով ու թեյով: Այս օրինակը կարելի է կիրառել նաեւ Հայաստանում` օգտագործելով մեր հայկական կոնյակն ու խորովածը: Դա այդքան էլ ծախսատար չէ:
– Ցանկությո՞ւն չունենք:
– Ես չեմ տեսնում կամքի դրսեւորում: Շատ հաճախ մեկնում ենք տուրիստական ցուցահանդեսների, մեր միջոցներով փորձում ենք ներկայացնել Հայաստանը, ու այդ երկրի մեր դեսպանն անգամ ժամանակ չի գտնում այցելելու մեր տաղավար:
– Վիրավորական է:
– Ցավալի է: Չեմ կարող հասկանալ՝ Հայաստանի դեսպանի կոչումը ո՞րն է, եթե նա չպետք է նպաստի Հայաստանի մասին լավ նկարագրի ձեւավորմանը, իսկ տուրիստական ցուցահանդեսները հենց դրան են միտված: Սա մտածելու նյութ է: