Կյանքի 79-րդ տարում, կարճատեւ, ծանր հիվանդությունից հետո երեկ գիշերն Ամերիկայի Միացյալ Նահանգներում վախճանվել է Հայաստանի հանրային խորհրդի փոխնախագահ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախկին փոխնախագահ, միջազգային բազմաթիվ ակադեմիաների անդամ, ազգային եւ միջազգային բարձր պարգեւների արժանացած, ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» տնօրեն, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանը: Շուրջ 15 տարի Էմիլ Գաբրիելյանը ղեկավարել է ՀՀ առողջապահության նախարարությունը, եւ այդ տարիներին բացվել են բազմաթիվ հիվանդանոցային համալիրներ, կենտրոններ, կլինիկական ինստիտուտներ եւ լաբորատորիաներ, որոնցից ՀՀ ախտորոշիչ կենտրոնն առաջինն էր ԽՍՀՄ-ում: Էմիլ Գաբրիելյանը նաեւ պատրաստել է մեծ թվով որակյալ մասնագետներ, որոնք այժմ աշխատում են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում, ԱՄՆ-ում, Դանիայում եւ այլուր: Լինելով բարձրակարգ գիտնական՝ նա իր գիտելիքներն ու փորձը հաղորդում էր իր աշակերտներին: Նրա ղեկավարության ներքո պատրաստվել ու հաստատվել են 18 բժշկական գիտությունների թեկնածուներ եւ 12 բժշկագիտության դոկտորներ: Էմիլ Գաբրիելյանը հեղինակ է 420-ից ավելի գիտական հրատարակությունների, այդ թվում՝ 17 գրքի (մենագրություններ եւ դասագրքեր), ունի 10 հեղինակային վկայագիր: Նրա կենսագրական տվյալներն ընդգրկված են տասից ավելի միջազգային եւ ազգային հանրագիտարաններում: «Էմիլ Սամսոնի Գաբրիելյանն առողջապահության կազմակերպման մեծ գիտակ էր, հմուտ կազմակերպիչ, Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտի անառարկելի հեղինակություններից մեկը: Իրեն վստահված բոլոր պաշտոններում նա աշխատել է գործի հանդեպ ցուցաբերած բարձր պատասխանատվությամբ, մեծ նվիրումով եւ սկզբունքայնությամբ»,- ասված է Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի ցավակցագրում: Տիգրան Սարգսյանը եւս ցավակցական խոսք է հղել ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի մահվան կապակցությամբ: «Կյանքից հեռացավ հայկական բժշկական գիտության երախտավորը, մանկավարժը, հասարակական գործիչն ու առողջապահության կազմակերպիչը: Էմիլ Գաբրիելյանն այն եզակիներից էր, ով օժտված էր ոչ միայն վառ ու բազմակողմանի տաղանդով, այլեւ մարդկային կարեւոր առաքինություններով: Նրա անուրանալի վաստակն ու մեծ ներդրումը գնահատված են թե՛ պետության, թե՛ մասնագիտական հանրության կողմից: Մեծ մարդն ու գիտնականը վայելում էր ոչ միայն իր գործընկերների, այլեւ շատերի հարգանքն ու համակրանքը: ՀՀ կառավարության եւ իմ անունից ցավակցում եմ Էմիլ Գաբրիելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին եւ սաներին»,- ասված է ցավակցագրում:
Է. Գաբրիելյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի գլխավորությամբ: